Logo

«Ֆինանսական ֆեյր-փլե՞յ. չէ, չեմ լսել». ՈւԵՖԱ-ն լուռ հետևում է՝ ինչպես է ՊՍԺ-ն քանդում ֆուտբոլը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 03.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
2b179 - «Ֆինանսական ֆեյր-փլե՞յ. չէ, չեմ լսել». ՈւԵՖԱ-ն լուռ հետևում է՝ ինչպես է ՊՍԺ-ն քանդում ֆուտբոլը

ՊՍԺ-ի անցկացրած տրանսֆերային պատուհանը տպավորիչ էր: Դոնարումա, Ռամոս, Հաքիմի, Վեյնալդում, Մեսի, Նունու Մենդեշ… այս ֆուտբոլիստներին ձեռք բերելուց բացի՝ ակումբը թիմում պահեց նաև Կիլիան Մբապեին: Շատ հետաքրքիր կլինի հետևել փարիզյան ակումբի ելույթներին, որը նման է «դրիմ թիմի»: Բայց…

Բայց այստեղ առաջանում է մեկ շատ մեծ հարց: Ինչպե՞ս հաջողվեց ՊՍԺ-ին անել այս ամենը: Այո՜, բոլորս էլ ծանոթ ենք փարիզցիների ֆինանսական հնարավորություններին  (չնայած՝ ինչ փարիզցիներ, եթե ՊՍԺ-ն կատարական ակումբ է), բայց ինչպե՞ս հաջողվեց ՊՍԺ-ին այդքան ֆուտբոլիստի թիմում պահել՝ չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները այն դեպքում, երբ «Բարսելոնան» Մեսիին չկարողացավ պահել թիմում՝ չնայած ակումբի գործադրած ջանքերին ու ֆուտբոլիստի շատ մեծ ցանկությանը:

Եկեք նայենք կատալոնական ակումբի կազմին, կամ պարզապես բարձր վարձատրվող ֆուտբոլիստներին (1 ամիս առաջվա դրությամբ). Մեսի, Գրիզման, դե Յոնգ, տեր Շտեգեն, Դեմբելե, Կոուտինյո, Դեպայ: Այս ֆուտբոլիստներին «Բարսան» չկարողացավ պահել, քանի որ նրանց աշխատավարձերի ընդհանուր բյուջեն գերազանցում էր ակումբի՝ վերջին 1 տարվա եկամուտների թիվը: Լա լիգան պարզապես արգելեց շրջանցել օրենքն ու կատալոնացիները ստիպված եղան բաժանվել Մեսիից և Գրիզմանից:

Միևնույն ժամանակ, ինչ-որ զուգահեռ իրականությունում, կա մեկ այլ ակումբ, որ իրեն թույլ է տալիս գրանցել 35 ֆուտբոլիստի, իսկ աշխատավարձերի ընդհանուր բյուջեն կազմում է 500 (!!!) մլն եվրո: Ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում այն իրողությունը, որ Մեսին, Գրիզմանը, Դեպայն ու Կոուտինյոն չեն կարող խաղալ մեկ թիմում, իսկ Մեսին, Նեյմարը, Ռամոսն ու Մբապեն կարող են:

PSG UNVEIL MESSI WITH SERGIO RAMOS, GIANLUIGI DONNARUMMA, GEORGINIO WIJNALDUM & ACHRAF HAKIMI | PRSOCCERART

Փարիզյան ակումբի վերջին ցինիզմը ֆուտբոլի հանդեպ դրսևորվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրերին: ՊՍԺ-ն չվաճառեց, նույնիսկ արհամարհեց «Ռեալի» առաջարկը Մբապեի վերաբերյալ՝ անհավանական, նույնիսկ պատմական պայմաններում: Այս իրավիճակը հրաշալի է բնորոշել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը՝ գրառում անելով իր թվիթերյան էջում:

«Արտոնյալ ակումբները ֆուտբոլի ֆինանսական համակարգի համար նույնքան վտանգավոր են, որքան՝ Սուպերլիգան: Մենք քննադատում էինք Սուպերլիգան, որը ոչնչացնելու էր եվրոպական ֆուտբոլը: Մենք նաև քննադատում ենք ՊՍԺ-ին. ինչպե՞ս կարող է ակումբը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, վերջին մեկ տարվա ընթացքում 300 մլն եվրոյի կորուստ ունենալով, հեռուստահեռարձակումներից նախատեսված եկամտից 40 տոկոս կրճատում ունենալով իր ֆուտբոլիստներին վճարել 500 մլն եվրո աշխատավարձ»:

Ինչպե՞ս: Պատասխանը պետք չէ շատ հեռվում փնտրել: ՊՍԺ-ի սեփականատերն ունի ֆինանսական ահռելի կապիտալ, որն էլ ներարկում է ակումբի մեջ այնքան, որքան ցանկանում է: Ի՞նչ եկամուտ-կորուստ հավասարակշռություն, ի՞նչ ֆինանսական ֆեյր-փլեյ: Առհասարակ, ֆինանսական ֆեյր-փլեյ երևույթը խաղի արդար կանոններն են՝ երբ բոլորը կարող են մրցակցել միմյանց հետ հավասար պայմաններում, ինչն էլ պետք է վերահսկի ՈւԵՖԱ կոչվող կառույցը:

Մեր ընտրանին.

Իսկ ՈւԵՖԱ-ն արդեն ապացուցել է, որ գոյություն չունի որպես կառույց

Այն, որ ՈւԵՖԱ-ին արտոնյալ ակումբները լուրջ չեն վերաբերվում, պատմությունը լավ է ցույց տվել:

ՊՍԺ-ի «եղբայրական ակումբ» «Մանչեսթեր Սիթին», որ ֆուտբոլում շարժվում է «փարիզյան սկզբունքներով», 2020-ի փետրվարին «պատժվել» էր ՈւԵՖԱ-ից՝ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու, երիտասարդ ֆուտբոլիստներին ապօրինի կերպով գնելու և ակումբն ապօրինի կերպով ֆինանսավորելու համար: ՈւԵՖԱ-ն «Սիթիին» պատժել էր՝ 2 տարի ժամկետով զրկելով եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:

Ի՞նչ եղավ հետո. ընդամենը մի քանի ամիս անց «Մանչեսթեր Սիթին» իր պատմության ամենապատմական հաղթանակներից մեկը տարավ, բայց մարզական արբիտրաժային դատարանում (CAS)՝ հերքելով ՈւԵՖԱ-ի սուբյեկտությունն ու ուժը՝ որպես կառույց: Հիմա էլ ՊՍԺ-ն թքած ունեցավ ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի վրա ու բնականաբար չի պատժվի:

CAS Lifts Man City UEFA Champions League Ban Following FFP Case

«Սուպերլիգան չարիք է ու միայն փողի համար է, իսկ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո ֆուտբոլը դարձել է աշխարհի մեծագույն սպորտը՝ թափանցիկ մրցաշարերով ու մարզական արժեհամակարգով: Մենք չենք կարող ու թույլ չենք տա, որ այս ամենը փոխվի», – այսպես արտահայտվեց Չեֆերինը, երբ ստեղծվում էր Սուպերլիգան:

Սուպերլիգայի ստեղծման ամենամեծ վտանգը չեզոք վերահսկողության բացակայությունն էր, իսկ հիմա ո՞ւր է այդ վերահսկողությունն ՈւԵՖԱ-ից: Ստացվում է՝ պարզապես կան շահեր, որոնք երբեմն համընկնում են, երբեմն՝ ոչ: Կամ որոշ ակումբների հետ համընկնում են, որոշների հետ՝ ոչ, իսկ արդար խաղի կանոն ասվածը պարզապես թոզ է՝ մարդկանց աչքին փչելու համար, Չեֆերինն էլ՝ շարքային կեղծ բարեպաշտ:

Ինչ վերաբերում է օրենքին, ապա ՈւԵՖԱ-ն իսպանականն թիմերի եկամուտ/ծախսերն ուսումնասիրում է մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ ֆրանսիականներինը՝ մրցաշրջանի ավարտից հետո: Դե մրցաշրջանից հետո «յա էշը կմեռնի, յա էշատերը», ու ոչ ոք այլևս չի հիշի այս թեմայի մասին: Արդար է, չէ՞:

Ինչպես է ֆինանսական ֆեյր-փլեյն աշխատում Ֆրանսիայում

ՈւԵՖԱ-ն՝ ՈւԵՖԱ, բայց հետաքրքիր է նաև ուսումնասիրել ֆինանսական ֆեյր-փլեյը վերահսկող մարմինը Ֆրանսիայում: Չէ՞ որ Լա լիգան գործեց բացառապես օրենքով ու «Բարսելոնային» թույլ չտվեց խախտել ֆինանսական արդար խաղի կանոնները: Բա Լիգա 1-ը՞:

Ֆրանսիայում ֆինանսական արդար խաղ երևույթը կրում է բացառապես ֆիկտիվ բնույթ. ուսումնասիրում է ակումբների ֆինանսները, բայց ոչինչ չի պարտադրում (լավ էր էլի): DNCG համակարգը բնութագրելու համար բավական է բերել մեկ օրինակ, և ամեն ինչ պարզ կլինի:

Gérard Lopez is finally the new owner of Bordeaux (official)

Ամիսներ առաջ «Բորդոն» լուրջ ճգնաժամի մեջ էր. օրինական եկամուտներ չկային, ֆինանսական միջոցներն էլ սպառվել էին: Ակումբն արդեն սնանկ էր ճանաչվել: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ակումբը գնում է իսպանացի գործարար Ժերար Լոպեսը, «սրսկում» մոտ 40 մլն եվրո, ու ոչ միայն պահում ակումբի գոյությունը Լիգա 1-ում, այլ նաև տրանսֆերներ իրականացնում: ՊՍԺ-ն էլ, որ ըստ «օրենքի» պարտավոր էր 180 մլն եվրոյի եկամուտ ունենալ միայն վաճառքներից, ունեցել է ընդամենը 9 մլն եվրոյի եկամուտ՝ վաճառելով միայն Միչել Բակերին ու վարձավճարով զիջել Ալֆոնս Արեոլային:

Ֆրանսիայում յուրաքանչյուր պահի կարող է ինչ-որ գործարար, բիզնեսմեն, շեյխ կամ միլիոնատեր քաղաքացի գնել ակումբ, սեփական միջոցներն օգտագործել և հաղթել մյուսներին:

ՊՍԺ-ն էլ փչացրել է ֆուտբոլը դեռ տարիներ առաջ

Այն, որ տրանսֆերային շուկան խելագարության հասավ ու կորցրեց ադեկվատությունը՝ նույնպես ՊՍԺ-ի «թեթև» ձեռքով էր:

Տրանսֆերային պատուհանի պատմությունը բաժանված է 2 մասի. Նեյմարի տրանսֆերից առաջ ու Նեյմարի տրանսֆերից հետո: «Բարսելոնան» բրազիլացու հրաժարագինը սահմանել էր, իր կարծիքով, ինչ-որ խորհրդանշական ու «գոլդ» թիվ՝ 222 մլն եվրո: Կատալոնացիների մտքով անգամ անցնել չէր կարող, որ կգտնվի ինչ-որ ակումբ, որ կվճարի այդ թիվն իր ամենաանձեռնմխելի ֆուտբոլիստներից մեկի համար, և դա շատ հեշտ ու հանգիստ կմարսի: ՊՍԺ-ն վճարեց այդ գինն ու ձեռնունայն թողեց «Բարսելոնային»:

Այդ տրանսֆերից հետո շուկան խենթացավ: Նշաձողը փոխվեց՝ բոլորն արդեն նայում էին ոչ թե Պոգբայի համար վճարված 105 մլնին, այլ՝ Նեյմարի համար վճարված 222 մլնին, ու շատ միջակ ֆուտբոլիստների համար ակումբները պահանջեցին այդ խաղացողների իրական արժեքից անհամեմատ ավելի բարձր թվեր: Ու միայն կորոնավիրուսի համավարակն ինչ-որ չափով «փրկեց» իրավիճակն ու կրկին իջեցրեց մոլագար սանդղակը:

В Сети появилось фото чека на €222 млн за трансфер Неймара

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հարցազրույցներից մեկում, առանց ամաչելու, հայտարարեց, որ փարիզյան ակումբն արտոնյալ չէ, որ նրա՝ եվրոպական ակումբների ասոցացիայի նախագահ լինելու փաստը ոչինչ չի նշանակում և որ նա կողմ է արդար խաղի կանոններին.

«Մենք հարգում ենք ֆինանսական արդար խաղը։ Մենք անվճար կարողացել ենք թիմ հրավիրել 4 ֆուտբոլիստի։ Հիանալի ենք աշխատել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ու մշտապես հարգել ենք օրենքները։ Պետք չէ այս ամենը կապել Սուպերլիգայի հետ։ Այդպես խոսում են միայն նախանձները։ Հիանալի հարաբերություններ ունենք ՈւԵՖԱ-ի հետ և մշտապես անկեղծ ենք եղել նրանց հետ։ Կենտրոնացած ենք միայն սեփական նախագծերի վրա ու չենք խախտում օրենքները»:

ՊՍԺ-ի աննախադեպ գործելաոճն ու ոսկե ճաղերը

2019-ին Նեյմարը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», կատալոնական ակումբն էլ պատրաստ էր վճարել 180 մլն, ՊՍԺ-ին զիջել Դեմբելեին, Գրիզմանին, Պիկեին, գուցե նաև Շակիրային ու «Սագրադա Ֆամիլիան»: Փարիզյան ակումբը բանակցեց, հույս տվեց կատալոնացիներին, իսկ վերջում պարզապես մերժեց՝ շեշտելով, որ ամենևին էլ մտադիր չէ վաճառել Նեյմարին՝ անկախ ֆուտբոլիստի ցանկությունից:

Նույն բանը ՊՍԺ-ն արեց արդեն այս ամռանը: Լեոնարդոն հայտարարեց, որ ՊՍԺ-ն Մբապեին ակումբը չի պահի թիմում՝ նրա կամքին հակառակ, բայց բաց կթողնի միայն իր թելադրած պայմաններով: «Ռեալը» պատրաստ էր վճարել 200 մլն եվրո մի ֆուտբոլիստի համար, որի հետ կարող է անվճար պայմանագիր կնքել 4 ամիս անց: Բայց նույնիսկ այդ դեպքում ՊՍԺ-ն չլսեց «Ռեալի» առաջարկը: Նույնիսկ մեծ գործարքների վարպետ Ֆլորենտինո Պերեսը չէր հասկանում՝ ինչ է կատարվում, չէր կողմնորոշվում այս իրավիճակում, քանի որ այն աննախադեպ էր և ոչ ֆուտբոլային, որովհետև ցանկանցած այլ՝ նորմալ ակումբ չէր էլ կարող մտածել այդ պայմաններում այդքան գումարից հրաժարվելու մասին:

freembappe - Twitter Search

ՊՍԺ-ն դարձել է ակումբ, որտեղից ոչ մի դեպքում հնարավոր չէ հեռանալ: Այստեղ ո՛չ ֆուտբոլիստի կամքը, ո՛չ էլ առաջարկվող գումարը դեր չի խաղում: Փարիզյան ակումբի ճաղերը ոսկուց են ու պատված ադամանդներով, բայց միևնույն է՝ վանդակը մնում է վանդակ:

Տրանսֆերային պատուհանի փակման օրը տխուր օր էր ֆուտբոլային աշխարհի, բոլոր ֆուտբոլասերների համար՝ անկախ նրանից՝ դուք «Ռեալի», «Բարսելոնայի» թե «Լոկոմոտիվի» երկրպագու եք:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա