Դիեգոն նկարիչ էր մասնագիտությամբ, Ֆրիդան՝ ինքնուս: Ֆրիդա Կալո և Դիեգո Ռիվերա՝ նկարիչներ, որոնք դարձան 20-րդ դարի գեղանկարչության խորհրդանիշներ: Նրանց միավորել է ոչ միայն արվեստը, այլև կյանքի նկատմամբ ունեցած հայացքները։
Նրանք միասին աշխատեցին, պայքարեցին հանուն կոմունիզմի, բայց ամենակարևորը՝ անկեղծորեն սիրեցին իրար։ Զույգի հարաբերություններն իդեալական չէին՝ բուռն էին, կրքոտ, նույնիսկ` ցավոտ:
Քնքշանքից մինչև դավաճանություն և նվիրվածությունից մինչև անհավատարմություն: 1939 թվականին նրանք բաժանվեցին, իսկ մեկ տարի անց նորից ամուսնացան և չբաժանվեցին մինչև Ֆրիդայի մահը։
Եկեք վերհիշենք բոլոր ժամանակների ամենադրամատիկ զույգերից մեկի սիրո պատմությունը մեջբերումների միջոցով․
Դիեգոն Ֆրիդայի հետ հանդիպման մասին...
«Գետնին մոտ 18 տարեկան աղջիկ էր կանգնած: Նա ուներ գեղեցիկ մարմին և քնքուշ դեմք։ Նրա մազերը երկար ու մուգ էին, իսկ հաստ հոնքերը միմյանց էին հանդիպում քթի վրայով: Նրանք նման էին սև կեռնեխի թևերի»:
Երկխոսություն Դիեգոյի և Ֆրիդայի հոր միջև
Աղջիկս հիվանդ է և այդպիսին է մնալու իր ամբողջ կյանքում։ Նա խելացի է, բայց ոչ գեղեցիկ: Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք իրենով։
-Այո:
- Նա սատանա է:
- Ես գիտեմ․․
Դիեգո Ռիվերան իր կյանքում Ֆրիդայի դերի մասին...
«Ես դեռ չգիտեի այդ մասին, բայց այդ ժամանակ Ֆրիդան արդեն դարձել էր իմ կյանքի ամենակարևոր մասը: Եվ այդպիսին էլ մնաց հաջորդ 27 տարիների ընթացքում՝ մինչև իր մահը»:
«Երբ Ֆրիդան բռնեց ձեռքս, տարավ ինձ իր սենյակ և դրեց իր բոլոր նկարներն իմ առջև, նա դարձավ ամենակարևորն իմ կյանքում»:
Դիեգո Ռիվերան Ֆրիդայի հանդեպ իր սիրո մասին...
«Ինձ բախտ է վիճակվել սիրելու ամենահրաշալի կնոջը, որին ես երբևէ հանդիպել եմ: Նա ինքնին պոեզիա էր և ամենահանճարեղը։ Ցավոք սրտի, ես չգիտեի ինչպես սիրել միայն նրան, քանի որ երբեք չեմ կարողացել սիրել ոչ մի կնոջ»։
Դիեգո Ռիվերան Ֆրիդայի տաղանդի մասին...
«Այս աղջիկն ի ծնե նկարիչ է, զգայուն և ընդունակ ընկալելու ամեն բան»:
«Երբեք մի կին կտավի վրա այնպիսի տանջալից պոեզիա չի դրել, ինչպես Ֆրիդան է արել»։
Դիեգո Ռիվերան Ֆրիդայի մահվան մասին...
«1954 թվականի հուլիսի 13-ն իմ կյանքի ամենավատ օրն էր։ Ես ընդմիշտ կորցրի իմ սերը: Շատ ուշ հասկացա, թե Ֆրիդան ինչ հսկայական տեղ է զբաղեցրել իմ սրտում, որ իր հետ հարաբերություններն իմ տիեզերքի ամենակարևոր մասն էին»:
Ֆրիդա Կալոն Դիեգո Ռիվերայի հանդեպ սիրո մասին...
«Ես ուզում եմ միայն մեկ բան. որ ոչ ոք չվնասի նրան… Եթե ես առողջություն ունենայի, ես այն ամբողջությամբ կտայի Դիեգոյին»:
Դիեգոն սկիզբ է
Դիեգոն ստեղծող է
Դիեգոն իմ երեխան է
Դիեգոն իմ նշանածն է
Դիեգոն նկարիչ է
Դիեգոն իմ սիրելին է
Դիեգոն իմ ամուսինն է
Դիեգոն իմ ընկերն է
Դիեգոն իմ մայրն է
Դիեգոն իմ հայրն է
Դիեգոն իմ որդին է
Դիեգոն ես եմ
Դիեգոն տիեզերք է
«Բայց ինչո՞ւ եմ ասում ԻՄ Դիեգոն: Նա երբեք իմը չի լինի, նա պատկանում է միայն իրեն»:
Ֆրիդա Կալոն Դիեգոյի հետ դժվար ամուսնության և նրա դավաճանությունների մասին...
«Իմ կյանքում երկու դժբախտ պատահար է եղել. մեկը, երբ ավտոբուսը մխրճվել է տրամվայի մեջ, մյուսը՝ Դիեգոն»:
«Ես դժբախտ եմ քեզ հետ, բայց առանց քեզ չկա երջանկություն»։
«Ես երբեք կյանքից հիասթափված չեմ զգում, ինչպես դա տեղի է ունենում ռուսական վեպերում։ Ես հստակ հասկանում եմ իմ վիճակը և գրեթե երջանիկ եմ, քանի որ ունեմ Դիեգոյին, մայրիկիս ու հայրիկիս, որոնց ես շատ եմ սիրում: Կարծում եմ՝ բավական է, և ես կյանքից հրաշքներ կամ նման բան չեմ խնդրում»:
«Ես թողեցի խանդս և սկսեցի մտածել, որ յուրաքանչյուրը գնում է այնտեղ, որտեղ ուզում է մնալ, և կորցնում է այն, ինչ ուզում է կորցնել»: