Logo

Ֆուտբոլիստներ «Այաքսից», «Լիոնից» և «Բավարիայից». Հայկական օրիունդոների պատմությունը. Մաս 2. Եվրոպա

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
13:05 / 02.05.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայկական ֆուտբոլի առանձնահատկություններից մեկն ազգային հավաքականում սփյուռքի ներկայացուցիչների մեծ քանակությունն է: Սփյուռքի խաղացողների ներգրավումն ազգային հավաքականում նոր բան չէ ֆուտբոլում, իտալացիներն ու իսպանացիները «լծված» են այդ գործին դեռևս 1930-ականներից: Նման ֆուտբոլիստներին Իտալիայում անվանում են օրիունդո:

Երբ 1996 թվականի սկզբում ՖԻՖԱ-ն թույլ տվեց սփյուռքահայ ֆուտբոլիստներին խաղալ Հայաստանի հավաքականում, ՀՖՖ ուշադրությունը Ռուսաստանի հետ միասին սևեռվեց նաև Ֆրանսիայի վրա: Տեղի առաջնության ուժեղագույն դիվիզիոնում այնքան շատ հայ ֆուտբոլիստներ էին խաղում, որ ցանկության դեպքում նրանցով նույնիսկ մեկ ամբողջ հավաքական կարելի էր կազմավորել (այդ մասին անդրադարձ կլինի հետագա հրապարակումներից մեկում): ՀՖՖ-ն սկսում է բանակցությունները «Մոնպելյեի» կենտրոնական պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի, «Լիոնի» ֆուտբոլիստներ, բրազիլահայ Մարսելո Ջյանի և Էրիկ Ասադուրյանի, իտալական «Նապոլիի» կիսապաշտպան, ֆրանսահայ Ալեն Պողոսյանի հետ: Մեծ էր ցանկությունը հրավիրել նաև Յուրի Ջորկաեֆին, սակայն նա արդեն Ֆրանսիայի հավաքականի խաղացող էր: 

Ալեն Պողոսյանը նույնպես ցանկանում էր խաղալ Ֆրանսիայի հավաքականում, սակայն չէր այրում կամուրջները` նշելով, որ եթե այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից հրավեր չստանա, կմիանա Հայաստանի հավաքականին, բայց Ֆրանսիայից հրավերը չուշացավ, և Պողոսյանը երկու տարի անց դարձավ աշխարհի չեմպիոն: Ասադուրյանի ու Ջյանի հետ բանակցությունները մտան փակուղի, իսկ ահա Տեր-Զաքարյանը, որը ծնվել է Երևանում ու 3 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Մարսել, մեծ հաճույքով արձագանքեց հայրենիքից ստացած հրավերին ու Պորտուգալիայի հավաքականի հետ տնային խաղից առաջ ժամանեց Երևան: Տեր-Զաքարյանը Ֆրանսիայի առաջնության լավագույն պաշտպաններից էր, և նրա ժամանումը լուրջ համալրում էր համարվում: Բայց պորտուգալացիների դեմ խաղի արդեն 10-րդ րոպեին փորձառու պաշտպանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց:

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Ֆիգուն վնասվածք ստացավ հյուրանոցում, իսկ Պորտուգալիան թանկարժեք 2 միավոր կորցրեց Երևանում

Այդ շրջափուլում Տեր-Զաքարյանը ևս երեք հանդիպում անցկացրեց ազգային թիմի կազմում՝ օգնելով թիմին ոչ-ոքի խաղալ Ալբանիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: 1998-ին 35-ամյա Տեր-Զաքարյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Բացառված չէ, որ մի օր նա վերադառնա Հայաստանի հավաքական՝ արդեն մարզիչի դերում:

Մոնպելյե

1997-ին մեկ տարվա բանակցություններից հետո հավաքականին միացավ կենտրոնական հարձակվող Էրիկ Ասադուրյանը: Հենց նորամուտի խաղում 31-ամյա հարձակվողը գրավեց Հյուսիսային Իռլանդիայի դարպասը՝ օգնելով ոչ-ոքի ավարտել հանդիպումը: Նույն շրջափուլում Ասադուրյանը գեղեցիկ հարվածներով գրավեց նաև Պորտուգալիայի և Ալբանիայի հավաքականների դարպասը: Ասադուրյանի կարիերայում արդեն հետընթաց էր, նա հեռացել էր «Լիոնից» ու ելույթ էր ունենում Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը նոր շրջափուլում այլևս չէր վստահում ֆուտբոլիստին, և Ֆրանսիայի հետ արտագնա խաղից անմիջապես առաջ Ասադուրյանը վիճեց մարզիչի հետ ու հեռացավ հավաքականի ճամբարից՝ դիտելով խաղը հեռուստացույցով:

Աստիճանաբար հայ ֆուտբոլիստների թիվը Լիգա 1-ում սկսեց նվազել, այդ պատճառով, երբ Մարսելի «Օլիմպիկի» երկրորդ թիմի ավագ Գաել Անդոնյանը 19 տարեկանում հայտնվեց ակումբի առաջին թիմում և նորամուտը նշեց Լիգա 1-ում, ՀՖՖ-ն միանգամից հրավիրեց ֆուտբոլիստին ազգային հավաքական: Ֆրանսահայ Ալբեր Արսթանյանի շնորհիվ հեռանկարային պաշտպանը որոշ տատանումներից հետո համաձայնեց միանալ հավաքականին, և 2015-ին նորամուտը նշեց Ալբանիայի հավաքականի հետ արտագնա խաղում: Ցավոք, Անդոնյանի ակումբային կարիերան չդասավորվեց: «Մարսելը» նրան վարձավճարով տվեց Լիգա 2-ի «Դիժոնին», որտեղ սկզբում ամեն ինչ կարծես լավ էր, սակայն հետո Անդոնյանը դադարեց հայտնվել հիմնական կազմում: Հունական «Վերիայում» ձախողվելուց հետո էլ պաշտպանը մի պահ մնաց առանց ակումբ, փորձեց հաստատվել անգլիական «Սանդերլենդում», հետո ֆրանսիական «Այաչոյում», բայց ապարդյուն: Ուսի ծանր վնասվածքի պատճառով Անդոնյանը դուրս մնաց «Այաչոյի» կազմից, իսկ պայմանագրի ավարտից հետո սկսեց խաղալ ֆրանսահայերի հիմնած «Մարտիգ» ակումբում: Այժմ 28-ամյա Անդոնյանը, կարելի է ասել, ավարտում է կարիերան Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում` ֆրանսահայերին պատկանող մեկ այլ ակումբում՝ «Արձիվում»: Հավաքականում նա 2015-2018-ին մասնակցեց 23 հանդիպման, ու եթե առաջին հանդիպումներում իրեն բավականին լավ էր դրսևորում, ապա վերջին խաղերում աչքի էր ընկնում անիմաստ կոպտությամբ և ստացած կարմիր քարտերով:

2000-ականների վերջին բելգիահայ գործակալների շնորհիվ երիտասարդական հավաքականում սկսեցին խաղալ բելգիական «Ստանդարտի» սան Հրաչ Յագանն ու «Բրյուգեի» սան Մասիս Ոսկանյանը: Յագանները, ընդհանրապես, ֆուտբոլային մեծ դինաստիա էին: Բացի Հրաչից, ֆուտբոլով էին զբաղվում նրա հորեղբոր տղաները՝ Բեն, Իվան ու Հրանտ Յագանները: Հրաչ Յագանի հետ մասնագետները մեծ հույսեր էին կապում, եզրային հարձակվողը լավ հարվածների էր տիրապետում: Վարդան Մինասյանը 2009-ին նրան հրավիրեց հավաքական, բայց Հրաչի ակումբային կարիերան չդասավորվեց, նա նույնիսկ չկարողացավ հաստատվել Կապանի «Գանձասարի» կազմում: Արդյունքում նա հավաքականում միայն երկու հանդիպում անցկացրեց: Նույն ձև դասավորվեց նաև ծնունդով աբովյանցի Մասիս Ոսկանյանի կարիերան: Նա նույնպես լավ ելույթներ ունեցավ երիտասարդական հավաքականում, դարձավ թիմի ավագը, սակայն ազգային թիմի կազմում միայն երկու հանդիպման մասնակցեց:

2018-ին հավաքականում հայտնվեց Յագաններից մյուսը՝ Իվանը, որը լավ ելույթներ էր ունենում Բելգիայի Առաջին դիվիզիոնում: ՀՖՖ-ն հետաքրքրված էր նաև նրա եղբոր՝ Բեն Յագանի ծառայություններով, սակայն վերջինս հույս ուներ ապագայում արժանանալ Բելգիայի հավաքականի մարզիչների ուշադրությանը: Իվան Յագանը հավաքականի կազմում մասնակցեց 3 հանդիպման, գոլի հեղինակ դարձավ Մալթայի հետ խաղում, սակայն դադարեց հայտնվել բելգիական «Լյերսի» հիմնական կազմում և կորավ մարզիչների տեսադաշտից:

Հարևան Հոլանդիայում Հայաստանը ևս մեծ սփյուռք ունի, քիչ չեն նաև այնտեղ ֆուտբոլով զբաղվող հայ երեխաները, սակայն նրանցից միայն երկուսը տարիների ընթացքում դարձան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու համալրեցին Հայաստանի հավաքականը: Նրանցից մեկին վիճակված էր դառնալ Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Թուրքիայում ծնված Արաս Օզբիլիսը, անցնելով «Այաքսի» մարզադպրոցի տարիքային թիմերով, 2010-ին նորամուտը նշեց հիմնական թիմի կազմում: Նույն թվականին ՀՖՖ-ն հետաքրքրվեց տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով: Օզբիլիսը ժամանեց Հայաստան, մարզվեց «Փյունիկի» հետ՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և երիտասարդական հավաքականը գլխավորող Ֆլեմինգ Սերիցլևի ներկայությամբ, լավ տպավորություն թողեց, սակայն հավաքականի ընտրության հարցում դեռ հապաղում էր: 2011թ.-ին բանակցությունները շարունակվեցին, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը մեկնեց Հոլանդիա, իսկ միջնորդի դերում հանդես էր գալիս ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը: Մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում, որ Օզբիլիսն ընտրել է Հոլանդիայի հավաքականը, որից, սակայն, ֆուտբոլիստը երբեք հրավեր չէր ստացել:

2011-ի մարտին Արասը հայտարարեց Հայաստանի հավաքականում խաղալու որոշման մասին, սակայն վնասվածքի և փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով բաց թողեց շրջափուլի մնացած հանդիպումները: Ի վերջո, 2012-ի փետրվարին Օզբիլիսը նորամուտը նշեց ազգային թիմի մարզաշապիկով, հենց առաջին խաղում գրավեց Կանադայի հավաքականի դարպասն ու համբուրեց Հայաստանի զինանշանը: Հաջորդ 5 տարիների ընթացքում Օզբիլիսը հավաքականի առաջատարներից էր, մասնակցեց 40 հանդիպման, դարձավ 6 գոլի հեղինակ՝ այդ թվում գրավելով Դանիայի ու Բուլղարիայի հավաքականների դարպասը և կարևոր հաղթանակներ ապահովելով հավաքականի համար: Ցավոք, պատանեկան տարիքում Օզբիլիսը երկու անգամ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, 2014-ին Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում Արասը երրորդ անգամ խաչաձև կապանների վնասվածք ստացավ: Շատերը նման իրավիճակում պարզապես ավարտում են կարիերան, բայց նա վերադարձավ մեծ ֆուտբոլ, նույնիսկ հասցրեց խաղալ Իսպանիայի Լա լիգայում, վերադարձավ նաև հավաքական, բայց, իհարկե, նման բարձր մակարդակի ֆուտբոլ, որը նա ցուցադրում էր վնասվածքից առաջ, այլևս չի կարողանում ցուցադրել:

Իսկ ահա Նորայր Ասլանյանի (նախկինում՝ Մամեդով) կարիերան հավաքականում չդասավորվեց։ Նորայրը փոքր էր, երբ ընտանիքը կեղծ անձնագրերով մեկնեց Հոլանդիա՝ որպես փախստական: 2009-ին նա «Գրոնինգենի» կազմում նորամուտը նշեց Էրեդիվիզիեում, սակայն հետագայում փորձ հավաքելու նպատակով վարձավճարով խաղում էր Էրստեդիվիզիեի թիմերում: Նորայրը ևս կարող էր հավաքականում նորամուտը նշել Կանադայի հետ խաղում, բայց խանգարեց վնասվածքը: Արդյունքում նա հավաքականին միացավ միայն 2013-ին՝ արդեն նոր՝ Ասլանյան ազգանունով: Լյուքսեմբուրգի հետ խաղում նա առաջին հանդիպումն անցկացրեց հավաքականի կազմում, հետագայում ևս 8 խաղի մասնակցեց, սակայն ոչնչով աչքի չընկավ: Այժմ զբաղվում է շինարարական բիզնեսով:

2000-ականների սկզբին հավաքականում սկսեցին ներգրավվել ֆուտբոլիստներ նաև Արևելյան Եվրոպայից: 2000-ին Կիպրոսից հրավիրվեց կենտրոնական պաշտպան Տիգրան Ղազանչյանը, որը 4 խաղերի ընթացքում չկարողացավ արժանանալ մարզիչների հավանությանը: Նույն թվականի հոկտեմբերին Հունաստանից հրավիրված պաշտպան Մուրադ Սերոբյանին մարզչական շտաբն ընդհանրապես տուն ուղարկեց մարզումներից հետո:

2002-ին հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարիերայում լավագույն շրջանը չէր, նրան փոխարինող Հարություն Աբրահամյանը հաճախ էր սխալվում, իսկ Բուղարիայի ուժեղագույնների դիվիզիոնում խաղում էր Արմանդո Համբարձումյանը: Թվում էր՝ նրան հրավիրելով ՀՖՖ-ն կլուծի դարպասապահի խնդիրը: 2002 և 2003թթ. Համբարձումյանը միայն երկու հանդիպման մասնակցեց, մնացած խաղերում նստած էր պահեստայինների նստարանին: 2004-ին Ռոման Բերեզովսկին վնասվածք ստացավ, և Համբարձումյանը հնարավորություն ստացավ իրեն դրսևորելու, սակայն անցկացրած 6 խաղերում ավելի շատ հիշվեց իր սխալներով:

Թեև Բուլղարիայում, Կիպրոսում և Հունաստանում հայկական մեծ համայնքներ կան, սակայն մինչև օրս այդ երկրներից այլ ֆուտբոլիստ Հայաստանի հավաքականում ելույթ չի ունեցել: 2022-ին հավաքական հրավիրվեց հոլանդական «Գո Ըհեդ Իգլզի» եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը, որը հունական ՊԱՕԿ-ի սան է, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չկարողացավ մասնակցել հանդիպումներին:

1996-ին Շվեդիայի երիտասարդական հավաքականի թեկնածու էր Լիբանանից արտագաղթած Մայք Մարգարյանը: Նրա մասին շատ էր գրվում հայկական մամուլում, նույնիսկ խոսվում էր նրան հավաքական հրավիրելու մասին, բայց ակումբային կարիերայում հաջողությունների բացակայության պատճառով շուտով մոռացվեց: Այժմ սկանդինավյան երկրներից հավաքականում խաղում է երկու ֆուտբոլիստ՝ պաշտպան Անդրե Կալիսիրը և եզրային հարձակվող Էդգար Բաբայանը:

Վերջին տարիներին ազգային հավաքականը համալրվում է ֆուտբոլիստներով նաև Գերմանիայից: Լևոն Հայրապետյանը, որը թեև ծնունդով Երևանից է, վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա, «Համբուրգի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստի կարգավիճակում միացավ Հայաստանի Մ19 հավաքականին, իսկ 2011-ին, արդեն որպես «Փյունիկի» խաղացող, հրավիրվեց ազգային հավաքական: 2011-2014թթ. Հայրապետյանը հաջողությամբ փակում էր պաշտպանության ձախ եզրը, սակայն հետագայում սկսվեց վնասվածքների շարքը, որի պատճառով ֆուտբոլիստը ստիպված էր շատ հանդիպումներ բաց թողել: Վերջին անգամ Հայրապետյանը հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկավ 2017-ին: Նրա հեռանալուց հետո ձախ պաշտպանի դիրքը հավաքականում ամենախնդրահարույցներից էր, մինչև Նաիր Տիկնիզյանի հավաքականին միանալը:

«Հանզայի» սան Սարգիս Ադամյանը ևս բավականին շուտ ընդունեց ՀՖՖ հրավերը և 2013-ին միացավ Հայաստանի երիտասարդական հավաքականին: Նա այնպիսի լավ տպավորություն թողեց, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից արժանացավ հրավերի՝ Դանիայի հետ տնային խաղից առաջ: Հենց այդ խաղում էլ նա նշեց նորամուտը՝ փոխարինելով վնասվածք ստացած Արթուր Սարկիսովին (Յուրա Մովսիսյանը որակազրկված էր): Հետագայում Ադամյանը որոշ ժամանակով կորավ հայ ֆուտբոլասերների ուշադրությունից, բայց իր համառության շնորհիվ կարողացավ մեծ ֆուտբոլ վերադառնալ, անցավ գերմանական ֆուտբոլի աստիճաններով՝ Օբերլիգայից հասնելով մինչև Բունդեսլիգա, և բնական է, որ հավաքականից հրավերն էլ չուշացավ: Այս պահին Ադամյանից բացի, հավաքականում են խաղում նաև «Համբուրգի» մարզադպրոցից դուրս եկած Երջանիկ Ղուբասարյանն ու «Բավարիայի» երկրորդ թիմի ռմբարկու Հրանտ-Լեոն Ռանոսը: Բացառված չէ, որ ապագայում ցուցակը համալրվի: Համենայնդեպս, Մայք և Մարկ Գևորգյան երկվորյակ եղբայրները թակում են մեծ ֆուտբոլի դռները: Եզրային պաշտպան Մարկը «Զալցբուրգի» երկրորդ թիմի խաղացող է, իսկ կենտրոնական կիսապաշտպան Մայքը «Մյունխեն-1860»-ի երիտասարդական թիմում է:

Հայկական օրիունդոների պատմությունը. Մաս 1. Ռուսաստան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա