Logo

Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն դառնալու մասին 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:27 / 11.04.2022Շախմատ
Բացառիկ
null

Սլովենիայում կայացած տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում արծաթե մեդալի արժանացած գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը VNews-ի հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը՝ նշելով, որ չեմպիոնի կոչումը նվաճելու իրական հնարավորություն ուներ։ 38-ամյա հայ շախմատիստը հավասար միավորների պարագայում միայն լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղը զիջեց գերմանացի Մատիաս Բլյուբաումին։

ԻՆՉԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ 

«Լավ մասնակցեցի, արդյունքից գոհ եմ։ Ամեն դեպքում, Եվրոպայի առաջնությունը ծանր մրցաշար է։ Անշուշտ, կար առաջինը դառնալու հնարավորություն։ Զիջեցի լրացուցիչ ցուցանիշով, որը հաշվարկելու մի քանի բանաձև կա։ Սրանով երկրորդն էի, բայց, եթե մյուս տարբերակով հաշվարկեին, ապա ես կհռչակվեի Եվրոպայի չեմպիոն։ Հաշվեցին հակառակորդների գործակցի միջինը, բայց կա նաև Բուխգոլցի գործակից՝ հակառակորդների միավորների միջինը։ Կիրառված տարբերակով իմ ցուցանիշը «-1» էր, բայց Բուխգոլցով ես էի առջևում։ Բլյուբաումը հանդիպել էր ավելի ցածր գործակից ունեցող 2 շախմատիստի, իսկ ես՝ 1։ Այդ գործոնով նախապատվությունը տվեցին նրան։ Սակայն նախօրոք բոլորս էլ գիտեինք լրացուցիչ ցուցանիշի հաշվարկման կարգը, այնպես որ անակնկալ չէր»։

ՈՐՈՇԻՉ ՈՉ-ՈՔԻՆ

«Առաջնությունում անցկացրած 11 պարտիաներից 6-ում հաղթեցի, իսկ 5-ն ավարտեցի ոչ-ոքի։ Չեմպիոնի կոչման համար պայքարում որոշիչ էր վերջին տուրում իսպանացի Սանտոս Խայմեի հետ ոչ-ոքին։ Երկար մտածեցի և, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ որոշեցի, որ լուրջ ռիսկեր կան, իսկ խաղաղ դաշն կնքելու դեպքում ապահովում էի 2-րդ տեղը։ Իհարկե, հավանականություն կար, որ մրցակիցս կփորձի խաղալ հաղթանակի համար, քանի որ կես միավոր էր զիջում ինձ։ Այդ տարբերակը նույնպես նկատի էի ունեցել. մտածում էի, որ այդ դեպքում ինքս էլ հաղթելու հնարավորություն կստանամ և կօգտագործեմ այն։ Սակայն իսպանացին նույնպես որոշեց բավարարվել ոչ-ոքի արդյունքով, որը նրան աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր էր բերում։

Արծաթե մեդալի հետ նաև աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճեցի։ Հայաստանից ուղեգրի արժանացան նաև Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Անցյալ տարի էլ ուղեգիր էր ձեռք բերել Հովհաննես Գաբուզյանը։ Բացի այդ, ՖԻԴԵ-ն ևս մեկ տեղ է հատկացնելու Հայաստանի շախմատի ֆեդերացիային։ Այդպիսով՝ արդեն ֆիքսված 6 ուղեգիր ունենք, որոնց քանակը դեռ կարող է ավելանալ»։

ԲԼՅՈՒԲԱՈՒՄԻ ՀԵՏ ՈՉ-ՈՔԻԻ ՄԱՍԻՆ

«Ընդհանրապես եվրոպացի շախմատիստները շատ լավ են տիրապետում սկզբնախաղին։ Նա շատ լավ էր պատրաստվել մեր հանդիպմանը, իսկ ինձ մոտ հոգնածություն էր զգացվում։ Նա ավելի քաջատեղյակ էր կիրառված սկզբնախաղային տարբերակին. համակարգչով վերլուծել էր այն, իսկ ես ընդհանրապես ծանոթ չէի այդ դիրքին և հենց սկզբից շատ ժամանակ ծախսեցի։ Այդ իսկ պատճառով ոչ-ոքին, ընդհանուր առմամբ, նորմալ արդյունք էր այդ պարտիայում»։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ՀԵՏ ՈՉ-ՈՔԻԻ ՄԱՍԻՆ

«Իսկանդարովը բավական ուժեղ շախմատիստ է։ Ես խաղում էի սևերով։ Երկու գրոսմայստերների պայքարում ոչ-ոքին նորմալ արդյունք է։ Լարվածություն, անշուշտ, կար և միշտ էլ եղել է։ Դա, իհարկե, խանգարում է։ Ադրբեջանցիների հետ մրցելիս լարվածությունը հիմա ավելի շատ է, քան նախկինում էր»։

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հավաքականի կազմում ամենակարևորը լինելու է Համաշխարհային օլիմպիադան։ Մինչև այդ էլ կան մրցաշարեր՝ Ռուսաստանի լիգա, «Շարժա օփեն»։ Սակայն ամենից կարևորն օլիմպիադան է, որին փորձելու ենք հնարավորինս լավ ելույթ ունենալ»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա