Logo

Գաբրիել Սարգսյանը բավարարվեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:08 / 06.04.2022Շախմատ
null

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսին հավակնող Գաբրիել Սարգսյանն ավարտական՝ 11-րդ տուրում որոշեց ռիսկի չդիմել և ընդամենը 6 քայլ կատարելուց հետո հաշտություն կնքեց Խայմե Սանտոս Լատասայի հետ ու մրցաշարն ավարտեց 8,5 միավորով:

Գաբրիելի գլխավոր մրցակից Մաթիաս Բլուեբաումն էլ ոչ-ոքի խաղաց Իվան Սարիչի հետ ու միավորներով հավասարվեց հայ գրոսմայստերին:

Եվրոպայի չեմպիոնը որոշվեց լրացուցիչ գործակիցներով: Ցավոք, Գաբրիել Սարգսյանն այդ ցուցանիշներով զիջեց Բլուեբաումին՝ բավարարվելով արծաթե մեդալով և 15 հազար եվրո պարգևավճարով: Մաթիաս Բլուեբաումը պարգևատրվեց ոսկե մեդալով ու 20 հազար եվրո պարգևավճարով:

Գաբրիելը վստահ անցկացրեց մրցաշարը՝ մնալով անպարտելի: Նա տոնեց 6 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքելով համապատասխանաբար Ալեքսանդր Ինդիչի և Օրի Կոբոյի հետ, վաստակեցին 7,5-ական միավոր: Նույնպիսի արդյունքով առաջնությունն ավարտեցին նաև Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Դանիիլ Յուֆային և Լորենցո Լոդիչին:

Մամիկոն Ղարիբյանը մրցաշարն ավարտեց 6,5 միավորով: Նա հաշտություն կնքեց Լուիջի Բասոյի հետ: Արթուր Դավթյանը վաստակեց 6 միավոր:

Տուրը հաղթական էր նաև Ռոբերտ Հովհաննիսյանի համար, որի մրցակիցը Դինարա Դորջիևան էր: Ռոբերտը վաստակեց 5,5 միավոր: Հայ շախմատիստներից վատագույն արդյունքը գրանցեց Էմին Օհանյանը, որը պարտվեց ու մրցաշարն ավարտեց 4,5 միավորով:

Եվրոպայի առաջնությունում վիճարկվում էին նաև շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 20 ուղեգրերը: Հայ շախմատիստներից ուղեգրերին տիրացան Գաբրիել Սարգսյանը և 12-րդ ու 13-րդ տեղերը զբաղեցրած Սամվել Տեր-Սահակյանն ու Շանթ Սարգսյանը: Սամվելը 2 հազար եվրո պարգևավճար ստացավ, Շանթը պարգևատրվեց 1500 եվրոյով: 22-րդ տեղը գրաված Հայկ Մարտիրոսյանի պարգևավճարը կազմեց 1000 եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա