Logo

«Գահերի խաղը». ինչ հանգուցալուծում կստանա Ալեգրի-Ռոնալդու-«Յուվենտուս» առճակատումը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 13.08.2021ՍՊՈՐՏ
ronaldo allegri 1811 juve epa - «Գահերի խաղը». ինչ հանգուցալուծում կստանա Ալեգրի-Ռոնալդու-«Յուվենտուս» առճակատումը

«Յուվենտուսը» երկարատև մտորումներից հետո գնաց սխալների հետքերով ու Մաքս Ալեգրիին նորից նշանակեց թիմի գլխավոր մարզիչ։ «Ծեր Սինյորայի» երկրպագուները կարող էին ուրախ լինել, սակայն կա խանգարող հանգամանք. Ալեգրին աչքով աչք չունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս պարագայում ակումբը կանգնած է լուրջ հարցի առաջ՝ ազատվել թոփ վետերանից, թե դաշտում նոր դիրք մշակել նրա համար։

«Յուվենտուսի»՝ 21-րդ դարի ամենատարօրինակ որոշումներից մեկն, ըստ երկրպագուների, Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններից հրաժարվելն էր։ «Բյանկոներիների» նախկին ֆուտբոլիստ Ալեսիո Տակինարդիի խոսքով, Անյելիներն իրավունք չունեին ազատվել մի մասնագետից, որի արդյունքները լավագույնն էին ակումբի նորագույն պատմության մեջ։ «Նա ավելի լավն էր, քան Կոնտեն։ Նրա ստեղծած թիմը ոչ մի շանս չէր տալիս մրցակիցներին Ա սերիայում։ Էլ չեմ խոսում Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչի մասին։ Ո՞նց կարելի էր գնալ նման քայլի», – 2020 թվականին այսպես էր Տակինարդին արտահայտվել Ալեգրիի մասին։

Ժամանակին Ալեգրիից հրաժարվելու պատճառն ակներև էր։ 2018/2019 մրցաշրջանում «Յուվեն» անհաջող ելույթ ունեցավ եվրոպական մրցասպարեզում։ «Մենք քեզ համար բերել ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին։ Եթե նրա հետ էլ ՉԼ չես կարողանում հաղթել, ուրեմն ազատիր մարզչի աթոռը», – մոտավոր այսպես կարելի է բնութագրել ակումբի ղեկավարության որոշումը։ Թուրինում մտածում էին, որ մոդայիկ Սարիի գալով ամեն ինչ կկարգավորվի, բայց կրկնվեց բառացիորեն նույնը. անփառունակ պարտություն «Լիոնից» ու նույնքան անփառունակ պաշտոնանկություն։

sarri 759 - «Գահերի խաղը». ինչ հանգուցալուծում կստանա Ալեգրի-Ռոնալդու-«Յուվենտուս» առճակատումը

Մարզչական թոհուբոհում Անյելիի մտքում ծագեց մեգա-գաղափար. ստեղծել սեփական Զիդանին կամ Պեպին, մանավանդ, որ թեկնածուն արդեն պարզ էր։ Անդրեա Պիռլոն դաշտում գտնում էր զարմանահրաշ լուծումներ։ Երկրպագուները կարծում էին, որ մարզչական աթոռին էլ նույնքան հանճարեղ կլինի Պիռլոն։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ. Անդրեան դեռ խակ է նման կարգի թիմ մարզելու համար։ «Ես սկզբում ցանկանում էի «Յուվեի» խաղում գտնել Պիռլոյի ձեռագիրը, բայց հետո հասկացա, որ ինձ խաբում եմ. դա պարզապես գոյություն չունի», – Sky Sport Italia-ի եթերում ասել է «Յուվեի» նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։

Անդրեա Պիռլոյի հետ «Յուվեն» անվստահ տեսք ուներ ներքին առաջնությունում։ Մի քանի գրավիչ ու արդյունավետ խաղ մրցաշրջանի ընթացքում ու վերջ։ Մաքսի անունը լսելուց հետո երկրպագուներն ու մրցակիցները մի տեսակ ձգվեցին. ֆավորիտը նորից կլինի իր տեղում, բայց կա նյուանս՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ Մարզիչը վստահ է, որ պորտուգալացին, այո, աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից է, բայց չափից շատ է խանգարում թիմի զարգացմանը։ Այսպիսի կարծիք նա արտահայտել է 2020 թվականի նոյեմբերին, իսկ այս տարվա գարնանը ԶԼՄ-ները հրապարակեցին մարզչի ու Անյելիին զրույցի մանրամասները. «Ազատվի՛ր Ռոնալդուից, նա թույլ չի տալիս թիմին առաջ գնալ», – այսպիսի խորհուրդ է տվել Մաքսը հեռանալուց անմիջապես առաջ։ Դե արի ու հասկացի՝ ինչ է կատարվում թիմի ներսում։

1A69A335 2259 4085 8AB5 9D4E21103B59 960x679 - «Գահերի խաղը». ինչ հանգուցալուծում կստանա Ալեգրի-Ռոնալդու-«Յուվենտուս» առճակատումը

Եթե դատենք սթափ, Մաքսն իրականում ճիշտ է։ Այո, իհարկե, անկասկած, անվերապահորեն Ռոնալդուն մինչև այսօր համարվում է իր ժամանակների 2 լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որը նույնիսկ 36 տարեկանում նախանձելի կամք ու եռանդ է ցույց տալիս։ Բայց «36» թվի վրա արժե ուշադրություն դարձնել։ Նման տարիքում այլևս անհնար է բարձր մակարդակի խաղեր անցկացնել բոլոր մրցակիցների դեմ։ «Կրոտոնեներին» ու «Պարմաներին» դուբլերն ու հեթ-տրիներն, իհարկե, լավ են, բայց ո՞ւր են նրա գոլերը կարևոր խաղերում։ «Միլանի» հետ 0, «Ինտերի» հետ 1 գնդակ, այն էլ ոչինչ չորոշող խաղում, «չոր» խաղ «Ատալանտայի» հետ։ Չեմպիոնների լիգայում էլ նրա գոլերը «Դինամոյի», «Ֆերենցվարոշի» ու «Բարսելոնայի» հետ 0 արժեք ունեցող խաղերում էին։ «Պորտուի» հետ կարևորագույն խաղում բոլորը հիշում են ոչ թե Ռոնի պերֆոմանսը, այլ պատ կանգնելու «տաղանդը»։

Բացի էգո-արդյունավետությունից, Ռոնալդուն կատաստրոֆիկ նվազեցրել է թիմի հետ ու թիմի վրա աշխատելու իր ցուցանիշները։ Մի ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ռոնը կատարել է 4 ասիստ։ Statsperform կայքի տվյալներով՝ էլ պորտուգալացին, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, մոտ 2 անգամ ավելի քիչ է մասնակցել թիմային/անհատական պրեսինգին։

Մեր ընտրանին

Ռոնալդուն, գուցե, հիանալի մոտիվատոր է երիտասարդների համար, սակայն կան ցուցանիշներ, որոնք, լավ կլինի, աճող սերունդը չընդօրինակի։ Ժլատ ֆուտբոլիստը փչացնում է նույնիսկ այն պահերը, երբ կարող են աչքի ընկնել մյուս թիմակիցները։ Ռոնալդուն 3 տարի է՝ Թուրինում է և, որոշ հաշվարկներով, արդեն փչացրել է 70+ տուգանային հարված։ Կզարմանաք, բայց Կրիշը «Յուվեի» կազմում իր միակ գոլը տուգանայինից խփել է 2020 թվականին՝ «Տորինոյի» հետ դերբիում։ Մաքս Ալեգրին նման եսասիրությունը տանել չի կարողանում։ Բայց կկարողանա՞ իր խոսքը հասցնել Ռոնալդուին. այ սա հարց է։

CalcioMercato-ն գրում է, որ Ռոնալդուն ու Ալեգրին, իբրև թե հունիսի սկզբին հանդիպել են ու փորձել են հասկանալ հնարավոր գործակցությունը։ Այդ «իվենթից» մոտ 1 ամիս անց Կրիշը հայտարարեց, որ ցանկանում է ելույթները շարունակել Թուրինում։ Ի՞նչ ռեակցիա առաջացրեց պորտուգալացու այս որոշումը «Յուվեի» ղեկավարների շրջանում, պարզ չէ, բայց հաստատ ոչ միանշանակ ու լիարժեք ուրախ։ Կողմերի միջև դեռ գործում է 1 տարվա պայմանագիր, ըստ որի, «Ծեր Սինյորան» իր «թոշակից» 30 մլն եվրո (ու սա դեռ հարկերը չհաշված) պետք է հատկացնի մի ֆուտբոլիստի, որն այնքան էլ պետք չէ մարզչին։

https specials images.forbesimg.com imageserve 6113f42827d0984e2932570d 0x0 1 960x640 - «Գահերի խաղը». ինչ հանգուցալուծում կստանա Ալեգրի-Ռոնալդու-«Յուվենտուս» առճակատումը

Ընդ որում, եթե 1 ամիս առաջ դեռ կար Ռոնալդուին մի տեղ վաճառելու շանս, հիմա դա էլ չկա. «Յունայթեդը» գնեց Սանչոյին ու պահեց Կավանիին, «Ռեալը» կոպեկ չունի։ Միակ տարբերակը Մաուրո Իկարդիի հետ փոխանակումն է, սակայն մամուլը գրում է, որ Ռոնալդուն կտրուկ դեմ է նման գործարքին՝ իրեն ավելի բարձր համարելով, քան Վանդա Նառայի ամուսինը։

Հարաբերությունները մտել են փակուղի, շուկայում պարզապես չկա թիմ, որն ունակ է վճարելու Ռոնալդուի տրանսֆերի փոխհատուցումն ու գիգանտ աշխատավարձը։ Հետևաբար, Անյելին ու Նեդվեդը պետք է վերադառնան նախնական ծրագրին. ինչի՞ համար էր թուրինյան գրանդը ձեռք բերել Ռոնալդուն՝ իհարկե ՉԼ-ի։ Ուրեմն պետք է մի կերպ հաշտեցնել մարզչին ու Ռոնալդուին, «քամել» պորտուգալացու բոլոր թույն «սքիլերը», տիրել ականջավոր գավաթին ու գեղեցիկ կերպով ճանապարհել ազատ գործակալի կարգավիճակում։

Այլ սցենար «բյանկոներիների» երկրպագուները պարզապես չեն ընդունում. եթե Ալեգրին սկսի վիճել ու ճակատ-ճակատ դուրս գալ Ռոնալդուի հետ, թիմը կկորցնի հերթական մրցաշրջանը, որի ընթացքում նորից ստիպված հետևելու են պորտուգալացու անհաջող տուգանայիններին։

Բայց դեռ կա շանս, որ Կրիշտիանու Ռոնալդուն կհիշի մադրիդյան ժամանակներն ու վերջապես մի օգուտ կտա «Յուվենտուսին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա