Logo

Գալիս են՝ աստղերի տեղը գրավելու. 5 ֆուտբոլիստ, որոնց պետք է ուշադիր հետևեք ԵՎՐՈ 2020-ին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 11.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Locatelli Italy Lithuania - Գալիս են՝ աստղերի տեղը գրավելու. 5 ֆուտբոլիստ, որոնց պետք է ուշադիր հետևեք ԵՎՐՈ 2020-ին

Միջազգային մեծ մրցաշարերում բոլորիս գլխում 2 բան է. որ թիմը կդառնա չեմպիոն և որ ֆուտբոլիստը կփայլի: Փայլողների շարքում, բնականաբար, ֆավորիտ հավաքականների առաջատարներն են, այն գերաստղերը, որոնց տեսնում ու որոնց մասին լսում ենք տարին 12 ամիս:

Բայց ամեն անգամ խոշոր մրցաշարերում՝ լինի դա ԵՎՐՈ թե Մունդիալ, միշտ հայտնվում են մեզ անծանոթ ֆուտբոլիստներ, ինչ-որ նոր անուններ, որոնք մեծ տպավորություն են թողնում, խփում են գեղեցիկ գոլեր: Որպես կանոն՝ նման մրցաշարերից հետո, որոնց հետևում է ամբողջ աշխարհը կամ գոնե Եվրոպան, այս ֆուտբոլիստները 1 ամսում դառնում են հայտնի, բարձրանում է նրանց տրանսֆերային արժեքը և նրանք շատ արագ հայտնվում են թոփ թիմերում:

VNews-ը կանխատեսել է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են զարմացնել ձեզ, որոնց մասին գուցե չգիտեք, և որոնք կարող են դառնալ այս մրցաշարի բացահայտումները: Մի խոսքով՝ 5 ֆուտբոլիստ, որոնց խաղին պետք է ուշադրությամբ հետևենք առաջիկա մեկ ամսում:

Մեր ընտրանին

Նունու Մենդեշ (Պորտուգալիա)

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն այս տարի շատ ավելի ուժեղ կազմ ունի, քան 5 տարի առաջ, երբ հասավ իր փառահեղ նվաճմանը: Բրունու Ֆերնանդեշ, Ժոաու Ֆելիշ, Բերնարդու Սիլվա, Ռուբեն Դիաշ…

Մեկնարկային կազմում հրաշալի ֆուտբոլիստներ ունենալուց բացի պորտուգալացիներն ունեն նաև տաղանդավոր երիտասարդներ, որոնցից ամենատաղանդավորը Նունու Մենդեշն է՝ ֆուտբոլիստ, որի անունը ձեզ ոչինչ չի ասի: Բայց այս ֆուտբոլիստը «Սպորտինգի» ձախ պաշտպանն է, որի հետ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն և անցկացրեց հիասքանչ մրցաշրջան՝ ցույց տալով իր ներուժը:

Երբ դիտում ես Գոմեշի մասնակցությամբ դրվագները, սկսում ես կասկածել՝ արդյոք նա 18 տարեկան է, թե կեղծել է իր տարիքը: Անսպառ էներգիայով այս տղան վազում է անդադար, ունի գնդակ վարելու և գնդակով շարժվելու մեծ տաղանդ, որի ընթացքում լավ է պահում մարմնի հավասարակշռությունը, շարժուն է ու ճկուն, հաճախ է միանում գրոհներին, անում է անցումներ, ասիստներ, խփում է գոլեր: Նրա տրանսֆերային արժեքը վերջին ամիսներին «ճախրեց»՝ հասնելով 40 միլիոն եվրոյի:

Մենդեշը, իհարկե, չի լինի պորտուգալացիների մեկնարկային կազմում. այդ դիրքում նրա մրցակիցը Ռաֆայել Գերեյրոն է, բայց որոշ խաղերի նա կարող է մասնակցել, թողել իր հետքը մրցաշարում: Ըստ մամուլի՝ Մենդեշի ծառայություններով հետաքրքրված են մանչեսթերյան գրանդներն ու «Չելսին»:

Ժերեմի Դոկու (Բելգիա)

Բելգիայի հավաքականը նույնպես թոփ կադրերի պակաս չունի, այն էլ՝ հարձակման գծում: Բայց այստեղ էլ կարող ենք նոր բացահայտում ունենալ:

«Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն այն ֆուտբոլիստներից է, որ կարող է Ազար-դե Բրույնե-Լուկակու սերունդի փոփոխությունն ավելի սահուն դարձնել: 19-ամյա ֆուտբոլիստն օժտված է մեծ տաղանդով, ունի բոլոր որակները մեծ հաջողությունների հասնելու համար: Խաղաոճով շատ նման է «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեին՝ արագ է, տեխնիկապես ու ֆիզիկապես լավ պատրաստված, ինչի շնորհիվ հեշտությամբ կարողանում է շրջանցել պաշտպաններին, հաճախ գոլեր է խփում:

Դոկուն «Անդերլեխտից» է տեղափոխվել «Ռեն» 20 միլիոն ֆունտի դիմաց: Ֆրանսիայում նրա առաջին մրցաշրջանը հեշտ չէր, բայց նա մեծ փորձ ձեռք բերեց այնտեղ՝ անցկացրած 44 խաղում խփեց 4 գոլ ու կատարեց 8 ասիստ, մասնակցեց Չեմպիոնների լիգայի հանդիպումների: Բելգիայի հավաքականում էլ նրա ժամանակաշրջանը սկսեց 2020-ին, երբ Ռոբերտո Մարտինեսը հրավիրեց նրան հավաքական սեպտեմբերին: Իր առաջին գոլն ազգային հավաքականում Դոկուն խփեց Բելառուսին՝ մարտին կայացած ԱԱ ընտրական փուլում: Այդ խաղում նա 2 գոլային փոխանցում կատարեց:

Առաջիկա ԵՎՐՈ-ին Դոկուին, գուցե, չտեսնենք մեկնարկային կազմում, բայց նա Մարտինեսի համար թիմի խաղն ուժեղացնելու լավ զենք է: Ո՞վ գիտի՝ գուցե Ազարը բնավորության համաձայն լուրջ վնասվածք ստանա ու «նվեր» մատուցի Դոկուին:

Օուեն Վինդալ (Նիդերլանդներ)

Որակյալ ձախ պաշտպանների գտնելն այսօր խնդիր է շատ մարզիչների համար՝ բացի Շոտլանդիայի հավաքականի մարզչից. նա ունի Ռոբերտսոն և Տիրնի:

Նիդերլանդների հավաքականի մարզիչն էլ, ըստ էության, խնդիրներ չունի այս դիրքում, բայց կարող էր ունենալ: Ինչո՞ւ. քանի որ թիմի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի վնասվածքից հետո Դեյլի Բլինդը ստիպված է տեղափոխվել կենտրոն՝ Մատեյս դե Լիխտի հետ զույգ կազմելու, բայց ձախ պաշտպանի դիրքն էլ կմնա հուսալի ձեռքերում՝ շնորհիվ «ԱԶ Ալկմարի» երիտասարդ ֆուտբոլիստ Օուեն Վինդալի: 21-ամյա պաշտպանի համար հրաշալի հնարավորություն է ընձեռնվում իր որակները Եվրոպային ցույց տալու համար:

Վինդալը բավական լավ մրցաշրջան է անցկացրել իր ակումբում և առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ լավ շանսեր ունի ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու համար: Վինդալը ժամանակակից ֆուտբոլի համար ստեղծված եզրային պաշտպան է, որ միանում է գրոհներին, բայց նաև վստահ է գործում պաշտպանությունում: Միկրոմենամարտերում նա հաղթել է 62 տոկոսում, հարձակմանն օգնելիս էլ լավ ցուցանիշ ունի. 6 ասիստ ու 46 ստեղծած պահ: «Էրեդիվիզիեում» միայն «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն է ավելի շատ հայտնվել մրցակցի տուգանայինում:

Կան շշուկներ, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հետաքրքրություն է ցուցաբերում Վինդալի հանդեպ: Գուցե 21-ամյա պաշտպանը ԵՎՐՈ-ում իր ելույթներով համոզի նաև Լապորտային:

Ադամ Հլոժեկ (Չեխիա)

Չեխական ֆուտբոլն ու Չեխիայի հավաքականն, առհասարակ, վաղուց եվրոպական ֆուտբոլին չի տվել թոփ ֆուտբոլիստ: Կարծես՝ եկել է ժամանակը:

Շատ մասնագետների կարծիքով՝ Պրահայի «Սպարտայի» 18-ամյա «ոսկե տղան»՝ Ադամ Հլոժեկը Տոմաշ Ռոսիցկիից հետո չեխական ֆուտբոլի մեծագույն տաղանդն է: Չնայած՝ Հլոժեկը 4 ու կես ամիս էր բաց թողել վնասվածքի պատճառով, նա անցկացրեց ֆանտաստիկ մրցաշրջան ու դարձավ Չեխիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Հեռանկարային կենտրոնական հարձակվողն անցկացրած 19 խաղում խփեց 15 գոլ, կատարեց 8 գոլային փոխանցում ու շատերին զարմացրեց ոչ միայն իր արդյունավետությամբ, այլև խաղով: Իսկ նրա խաղը արդյունավետ է և էսթետիկ: Հլոժեկի գործողությունները մրցակցի տուգանային հրապարակում բավական անկանխատեսելի են. նա կարող է կարճ տարածություններում գտնել խաղընկերներին, կարող է հարվածել յուրաքանչյուր պահի՝ բարձրից կամ ցածրից:

18-ամյա ֆուտբոլիստը պատմություն կերտեց նախորդ սեպտեմբերին՝ դառնալով Չեխիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը երբևէ: Հլոժեկը կարող է դառնալ չեխերի նոր աստղն առաջիկա տարիներին՝ Պավել Նեդվեդից, Կարոլ Պոբորոսկուց, Պատրիկ Բերգերից և Վալդիմիր Սմիցերից հետո: Կարևոր է լինելու այս մրցաշարում խաղաժամանակ ստանալն ու հաջող ելույթները: Ասում են՝ Պրեմիեր լիգայի մի շարք թիմեր ցանկանում են փախցնել այս ֆուտբոլիստին:

Մանուել Լոկատելի (Իտալիա)

Իտալիայի հավաքականն այս ԵՎՐՈ-ին շատ վտանգավոր, ավելի ճիշտ՝ «թունավոր» մրցակից է լինելու մասնակից բոլոր թիմերի համար: Առաջին հայացքից չունենալով վառ աստղեր ու չմասնակցելով ԱԱ 2018-ին՝ Իտալիան իրականում ունի զորեղ թիմ:

Այդ զորեղ թիմում իր տեղն ունի «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին: 23-ամյա խաղացողին ֆուտբոլային հասարակությունը սկսեց ճանաչել դեռ մի քանի տարի առաջ, երբ նա խաղում էր «Միլանում» ու շատ գեղեցիկ գոլ խփեց «Յուվենտուսին»: Բայց այդ գոլից հետո Լոկատելիի կարիերայում առաջընթաց չեղավ, երբ տեղափոխվեց «Սասուոլո»: Բայց ժամանակի ընթացքում նա գտավ իրեն այնտեղ, իսկ արդեն ավարտված մրցաշրջանում բացեց իր ներուժը:

Լոկատելին դարձավ Դե Զերբիի թիմի «վարորդը». «Սասուոլոն» խաղում էր այն տեմպով, որը թելադրում էր Լոկատելին, նա էր սկսում թիմի գրոհները խորքից, փոխանցումներ բաժանում խաղընկերներին: «Նոր Պիռլոն» 2020/21 մրցաշրջանում կատարել է 2749 փոխանցում, որով 5-րդն է թոփ 5 առաջնություններում: Այդ փոխանցումների 90 տոկոսը ճշգրիտ է եղել: Լոկատելին հմտացած է նաև պաշտպանական գործողություններում:

Լոկատելին մասնակցել է Իտալիայի ընտրանու՝ Մունդիալ 2022-ի ընտրական փուլի 3 խաղերին և խփել է իր միջազգային կարիերայի առաջին գոլը Բուլղարիայի դեմ խաղում: Լոկատելիի համար առաջիկա ԵՎՐՈ-ն տրամպլին է՝ թոփ ակումբ տեղափոխվելուց առաջ: 23-ամյա ֆուտբոլիստի հասուն խաղը գրավել է Մասիմիլիանո Ալեգրիի ու Կառլո Անչելոտիի ուշադրությունը: Այս ցանկին կարող է ավելանալ ևս մեկ մեծ մասնագետ, եթե Լոկատելին տպավորիչ մրցաշար ունենա:

ԵՎՐՈ 2020. բոլոր մասնակից հավաքականների անցած ճանապարհը, մազիչը, գլխավոր աստղը, շանսերն ու հավանական մեկնարկային կազմը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա