Logo

Գալոյանը նշել է՝ ինչու է որոշել խաղալ Հայաստանի հավաքականում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:54 / 18.04.2022Հայկական ֆուտբոլ
Artur Galoyan

Մոսկվայի «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը ծնունդով Ռուսաստանից է, «Матч ТВ»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է որոշել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում։

«Տեղափոխվելով մեծահասակների ֆուտբոլ՝ ես ընդհանրապես չէի մտածում ազգային հավաքականների մասին։ Կենտրոնացած էի «Տորպեդոյում» ելույթներիս վրա: Այդ շրջանում հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարցրին, թե որ երկրի ազգային հավաքականում եմ ցանկանում խաղալ: Պատասխանեցի՝ «Եթե ընտրեմ, ապա կընտրեմ Հայաստանի հավաքականը»։ Մեկ տարի առաջ ես ուղղակիորեն խոսեցի դրա մասին։

Մի անգամ «Пятница» հեռուստաալիքից «Տորպեդոյի» մարզաբազա էր եկել լրագրող՝ ռեպորտաժ նկարահանելու: Չգիտես ինչու նա պատրաստած տեսանյութում ասել էր, որ ես ուզում եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում: Բայց ես դրա մասին ընդհանրապես չէի խոսել։

Այն ժամանակ ես սա չէի կարևորում, բայց հիմա, իհարկե, այնքան էլ ճիշտ չի ընկալվում, որ նա այդպես է ասել։ Իմ հայրը հայ է, ունեմ հայի արյուն և հայկական ազգանուն։ Հայաստանում շատ բարեկամներ ունեմ: Իմ միջավայրը միշտ եղել է կովկասյան, այդ թվում՝ հայկական։ Հայրս շատ էր խոսում իմ պատմական հայրենիքի մասին։ Այսինքն՝ ես գիտեմ որոշ պատմական պահեր։ Ես միշտ կապ եմ զգացել Հայաստանի հետ։ Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը մանկությանս կուռքն է եղել, նա ազգի հպարտությունն է։

Աշխարհում տիրող իրավիճակը (Ռուսաստանի՝ Ուկրաինայում ծավալող ռազմական հատուկ օպերացիա) կապ չունի իմ կայացրած որոշման հետ։ Որոշումը վաղուց էր հասունացել, հատկապես այն պահին, երբ ինձ դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ քաղաքացիություն տալու համար։

Գիտեմ, որ մարզչական շտաբը վաղուց է հետևում իմ հանդիպումներին «Վելեսում»,- եզրափակել է իր խոսքը Արթուր Գալոյանը:

22-ամյա Գալոյանը ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 

Ավելի վաղ Գալոյանը Երևանում ստացել է հայկական անձնագիր և ներկայացվել՝ որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա