Logo

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.04.2017Հայկական ֆուտբոլ
984 - «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»

2 խաղ, +0=1-1, 2:4

12 ապրիլիժ.16:00,  «Հանրապետական»  մարզադաշտ

2005թ.,  1/8 եզրափակիչ

14.03  «Գանձասար» – «Շիրակ»՝  2:2 (2:1)

Արմեն Կոստանդյան (37), Վիլեն Հարությունյան (40) – Երվանդ Հակոբյան (5),  Վարդան Բիչախչյան (48):

19.03  «Շիրակ» – «Գանձասար»`  2:0 (1:0)

Արման Տոնոյան (24), Կարեն Խաչատրյան (54):

Որքան էլ որ զարմանալի է, սակայն ՀՀ գավաթի խաղարկություններում «Շիրակն» ու «Գանձասար Կապանն» առայժմ միայն մեկ անգամ են մրցակիցներ եղել: Գավաթային այդ միակ դիմակայությունը կայացել է 2005թ. խաղարկության 1/8 եզրափակչում:

Այն ժամանակ ընդամենը մեկամյա կենսագրություն ունեցող նորաստեղծ «Գանձասարն» Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ հանդես էր գալիս ՀՀ առաջնության առաջին խմբում: Եվ հենց «Շիրակի» հետ խաղում էլ գանձասարցիները նշեցին նորամուտը Հայաստանի գավաթի խաղարկություններում:

Հետաքրքիր է, որ Կապանում կայացած մրցակիցների առաջին խաղում շիրակցիներին պարտությունից փրկել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Նա այդ հանդիպման մասնակիցներից միակն է, ով ներկայումս «Շիրակում» է:

Իսկ ընդհանրապես գավաթային այդ դիմակայությանը մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ելույթները շարունակում է միայն գյումրեցի Հրայր Մկոյանը:

Նշենք նաև, որ պատասխան հանդիպումը, որում «Շիրակը» Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ հաղթեց ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց, կայացել է Արմավիրում:

Առաջիկա հանդիպումը գանձասարցիների ավագ Արա Խաչատրյանի համար կլինի 23-րդը թիմի կազմում գավաթի մրցաշարերում: Այդ ցուցանիշով նա կհավասարվի գավաթի խաղարկություններում «Գանձասր Կապանում» անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Արմեն Տատինցյանին, ով ի դեպ մասնակցել է «Շիրակի» հետ կայացած գավաթային դիմակայությանը:

17389158_1932407110311585_6277763467374066169_o

Երկու թիմերն էլ առանձնակի հաջողությունների չեն հասել գավաթի մրցաշարում: Գավաթի խաղարկությունների անփոփոխ մասնակից շիրակցիները 6 անգամ հանդես գալով եզրափակչում, միայն մեկ անգամ՝ 2012թ. հինգերորդ փորձից են նվաճել պատվավոր մրցանակը՝ վճռորոշ խաղում 1:0 հաշվով առավելության հասնելով «Իմպուլսի» նկատմամբ:

«Գանձասար Կապանի» ամենամեծ հաջողությունն առայժմ 2013/14թթ. գավաթի եզրափակչին մասնակցելն է, որտեղ կապանցիները 1:2 հաշվով զիջել են «Փյունիկին»:

Հարկ է նշել, որ գավաթի նախորդ երեք խաղարկություններում «Շիրակին» չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի՝ քառորդ եզրափակչի արգելքը: Պատվավոր մրցանակի ընթացիկ խաղարկությունում «Շիրակն» Աբովյանում քառորդ եզրափակչի առաջին խաղը նորաստեղծ «Կոտայքի» հետ ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ մրցակիցների պատասխան հանդիպումը չկայացավ, քանի որ «Կոտայքը» լուծարվել էր:

Իսկ գանձասարցիները կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին առանց խաղի, քանի որ մրցակիցը՝ առաջին խմբում հանդես եկող «Էրեբունին» հրաժարվեց գավաթի մրցաշարի մասնակցությունից: Ընդ որում «Էրեբունին» մեկնել էր Կապան՝ անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին կայանալիք գավաթային առաջին հանդիպմանը:

Սակայն խաղը հետաձգվել էր, քանի որ հանդիպման մրցավարական բրիգադը Կապան մեկնելիս Գորիսի ճանապարհին ավտովթարի էր ենթարկվել: Իսկ երբ ՀՖՖ-ն այդ հանդիպման նոր ժամկետ նշանակեց, «Էրեբունին» հրաժարվեց գավաթի մրցաշարից՝ պատճառաբանելով, որ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին դժվար է կրկին Կապան մեկնելը:

Հոգեբանական առումով այս խաղում որոշակի առավելությունը գանձասարցիների կողմն է, որոնք գերազանց են սկսել առաջնության գարնանային հատվածը և տոնած 5 անընդմեջ հաղթանակների շնորհիվ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա «Շիրակը» գարնանը կորցրեց մրցակիցների նկատմամբ ունեցած առավելությունը և այժմ հայտնվել է առաջատարներին հետապնդողի դերում: Գյումրեցիների խաղում որոշակի անկում է նկատվում: Նախորդ տուրում «Շիրակին» մեծ դժվարությամբ հաջողվեց ընդհատել 3 անընդմեջ պարտությունների շարքն ու խաղավերջում խփած միակ գոլի շնորհիվ հաղթել «Բանանցին»:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առայժմ հավասարակշռություն է պահպանվում: Առաջին երկու հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է շիրակցիներին միևնույն 1:0 հաշվով, իսկ 3-րդ և 4-րդ շրջաններում գանձասարցիները ռևանշի են հասել (1:0, 2:1):

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա