Logo

Գարեգին Նժդեհի որդու հուշերը [ասացին, թե Նժդեհի որդին չեմ, նա որդեգրել է ինձ] ԻՆՁ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 21.12.2021ՍՊՈՐՏ
Գարեգին Նժդեհի որդին

Սուքիաս-Վրեժ Նժդեհը ապրել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, զավակներ չի ունեցել: Վրեժ անունը նրան տվել է հայրը, իսկ հոր ձերբակալությունից հետո որդու ճակատագրով մտահոգված մայրը նրա անվանն ավելացրել է իր հոր անունը:

Պատմում է Նժդեհի որդին

«Ծնվել եմ Սոֆիայում, 1936թ փետրվարի 26-ին: Մեծացել եմ Կնյազ Բորիս Պըրվի և Սոլունսկա փողոցների անկյունում գտնվող մեր տանը: Մայրս և հայրս այնտեղ մի հարկաբաժին էին զբաղեցնում: Մորական պապս՝ Սուքիաս Սուքիասյանը, որ վախճանվեց Սոֆիայում, ոսկերչական արհեստանոց էր հիմնել կենտրոնական բաղնիքի դիմաց…

Մայրս՝ Եփիմեն, առևտրական կրթություն էր ստացել Շվեյցարիայի Նյուշատել քաղաքում: Նա վախճանվեց 1958թ. փետրվարի 24-ին Պավլիկենիում, ուր մենք՝ ես նա և տատս, աքսորված էինք…

Ես 8 տարեկան էի, երբ ձերբակալվեց հայրս:

Նա ամբողջովին իր ազգին նվիրված մարդ էր: Շատ էր սիրում ինձ, բայց և շատ խիստ էր: Հաճախ էր բացակայում Հայաստանի հետ կապված իր գործերով… մանավանդ, երբ գերմանացիները հայերին հավասարեցնում էին հրեաների հետ և սպառնում էին ոչնչացնել: Այդ ժամանակ նա կազմակերպեց մի գրքի հրատարակությունը գերմաներեն և հայերեն: Հիշում եմ գրքի կազմը, գեղեցիկ տպագորությունը, մեր տանը դրված մեծ կապոցները՝ նախքան առաքելը: Այդ գիրքն օգնեց նրան կազմակերպելու հայերի` հիտլերականներից պաշտպանության շարժումը: 1944 թվականի սեպտեմբերի 9-ից հետո Ավստրիայի դեսպանությունը թաքցնում էր հորս. նա չէր ցանկանում արտագաղթել, որովհետև համոզված էր, որ ոչ մի հանցանք չի գործել… Նոյեմբերի վերջին մի երեկո նա տուն եկավ մեզ տեսնելու: Լուսաբացին 4 հոգի ներս մտան և նրան ձերբակալեցին: Մոտ երկու շաբաթ անց երկտող-նամակ ստացանք նրանից. տաք հագուստ, սրբիչներ էր խնդրում ուղարկել… այդ ժամանակից ի վեր նրան այլևս չտեսա և ոչ էլ նա՝ մեզ: Մնացինք երեքով՝ մայրս, տաստ և ես…

1945-ի գարնանը մեզ աքսորեցին Սոֆիայից:

Մի ոստիկան եկավ՝ ոմն Պապազով, կարգադրեց հեռանալ Սոֆիայից՝ թույլ չտալով մեր ունեցվածքից ոչինչ վերցնել…
Մայրս փխրուն, նուրբ կին էր, ճանապարհի համար որոշ բաներ էր պատրաստել: Մեկնելու հաջորդ օրն իմացանք, որ մեր տանը մի պարտիզանի ընտանիք են տեղավորել, իսկ կնքահայրս, որ տեղավորվել էր վերին հարկաբաժնում, մնաց իր տեղում…
Սկզբում մեզ պահեցին Բանկիի մերձակա երկաթուղային կայարանի կալանասենյակում: Այնտեղից ուղարկեցին Պլևեն: Մորս բռնությամբ ստիպեցին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, նրան ուղղակի ՏԱՆՋԱՀԱՐ ԱՐԵՑԻՆ: Հետո Պավլիկենիում մի ոստիկանության պետի տեղակալ մեզ տեղավորեց մի սայլապանի Ստեֆան Դոնչևի տանը, ապա տեղափոխվեցինք հյուսն Պեյո Կիրովի մոտ… Բայց դեռևս մեզ աքսորելուց առաջ՝ 1945-ի ձմռանը, Սոֆիայի մեր տանը երեք խորհրդային սպաներ էին հայտնվել՝ գեներալ Նժդեհի ընտանիքին տեսնելու համար: Տատիս հետ մեղմ ու սիրալիր խոսեցին, ապա աննկատ թռցրին նրա փողերը, հափշտակեցին նաև պապիս ժամացույցը, որ կախված էր պատից: Այդ նույն ձմռանը բռնագրավվեց հորս ամբողջ գրադարանը, նրա ողջ արխիվը ( այսօր նրանից միայն բեկորներ են հրաշքով փրկվել), ամեն ինչ ուղղակի լուսամուտից նետեցին ցած՝ բեռնատարի մեջ և երեք մեքենայով տարան…
Պավլիկենիում տատս (նա շատ բարի, աշխույժ կին էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր) սրտային հիվանդ դարձավ, մարմինը սկսեց այտուցվել: Արդեն փող չունեին և ոչ էլ հագուստ ու դեղորայք: Մայրս էլ վատառողջ էր:

Անօգնական էինք:

Ես այնտեղ սովորում էի, գերազանցիկ էի, իսկ այդ տարիներին կնքահայրս հորս գրել էր, որ ծույլի մեկն եմ, և ինձնից ոչինչ դուրս չի գա: Հետո ավարտեցի ավտոճանապարհային տեխնիկումը: Զինվորական ծառայությունս հետձգվեց, որպեսզի խնամեմ մորս, նա տառապում էր թոքախտով…

ԹԱՂՄԱՆԸ ՈՉ ՈՔ ՉԵԿԱՎ…

Սով անփող վիճակ էր: Սոֆիայի մեր տունն արդեն ամբողջովին թալանված էր, հանգամանքերը մորս ստիպեցին չնչին գնով վաճառելու բնակարանը: Սկզբում ինձ աշխատանքի ընդունեցին որպես փականագործ՝ 9 լև աշխատավարձով, բայց մորս համար դա էլ էր գումար:

Մինչև 1960 թվականը ծառայում էի բանակում: Երբ ծառայությունից վերադարձա Պավլիկենի, այն ամենը ինչ թողել էի, նորից թալանված գտա: Իշխանությունները մերժեցին օգնել… Վերադարձա Սոֆիա, մտադիր էի ճարտարագիություն ուսումնասիրել՝ ներքին այրման շարժիչներ. սիրում էի, հիմա էլ եմ սիրում մեքենաներ, շարժիչներ, դեռ բանակում բոլոր մեքենաները ես էի նորոգում: Չընդունեցին: Առաջին շաբաթները քնում էի փակ շուկայի նստարաններին, ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՎՌՆԴՈՒՄ ԷԻՆ: Նիկոլայ Վասիլևը՝ Պավլիկենիի կոմերիտմիության քարտուղարը, հետագայում՝ Տըրնովոյի կոմկուսի առաջին քարտուղարը ասում էր.«Քանի ես կենդանի եմ, թույլ չեմ տա, որ դու ապրես Սոֆիայում»… Ոչ մի տեղից օգնություն չունեի, ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ԽՈՍԵԼ ԻՆՁ ՀԵՏ: Աշխատանքի անցա «միջազգային փոխադրումներ»ավտոմոբիլային ձեռնարկությունում, մինչև թոշակի անցնելս անընդմեջ այնտեղ եմ աշխատել:

Ամուսնացել եմ 1962թ.:

Դժվարությամբ կարողացա Սոֆիայի արվարձաններից մեկում ձեռք բերել համեստ մի բնակարան: Ինձ գործուղում էին արտասահման, բայց ոստիկանությունը չէր թողում մեկնել: 1985-ին մի կերպ թողեցին Իրաք, 1989-ին՝ Իրան:

Տեսա Արարատը Թուրքիայի կողմից, Թեհրանում հայկական եկեղեցի տեսա…

Զինվորական ծառայությանս ընթացքում՝ 1959 թ. օդաչու դառնալու թեկնածու էի, մերժեցին: Այն ժամանակ էլ ինձ հետ խոսելիս ասացին, թե ՆԺԴԵՀԻ ՈՐԴԻՆ ՉԵՄ, ՆԱ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԻՆՁ… ԲԱՅՑ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ: Իմ ծննդյան վկայականում նշված են հորս և մորս անունները… ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՅԴՊԵՍ ԷԻՆ ԱՍՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԻՆՁ ՏՐԱՄԱԴՐԵՆ ՀՈՐՍ, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ…

Հայրս ինձ շատ էր սիրում:

Իր հետ տանում էր նույնիսկ հայերի համար ելույթ ունենալիս: Հիշում եմ՝ պատրիարքարանի դահլիճում էր… ՆԱ ԵՐԲԵՔ ՉԷՐ ԿԱՐԴՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՈՒՄ ԷՐ ԵՎ ԽՈՍՈՒՄ: Ես նրան լսում էի հափշտակված: Նրա ընկերներից հիշում եմ Հայկին, պրոֆեսոր Տոտոմյանցին (խմբ. Տարօնականության հիմնադիր Հայկ Ասատրյանի և նշանավոր տնտեսագետ Վահան Տոտոմյանցին), նրա մոտ գնում էինք «Յ. Նիկոլով» հրապարակի սկիզբ առնող փողոցներից մեկով:

1955 թ. նորից երկտող եկավ հայրիկից…

«Սիրելի Եփիմե, գրում եմ ձեզ Ռուսաստանից, ինչպե՞ս է տատիկը, իչպե՞ս է յոթնիցս սիրելի որդիս, գրեք Ամերիկայի ընկերոջս Կոստանյանին, որ ինձ դեղորայք ուղարկի…»: Երկտողն ուղարկված է Կնյազ Բորիս Պըրվի փողոցի մեր տան հասցեով. կարմիր մահիկով բացիկ էր, իսկ հետադարձ հասցեն այսպես էր Մոսկվա, փոստարկղ… Այդ երկտողը անվտանգության մարմինները խլեցին…

ՀՈՐՍ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱ ՆՐԱ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՑ…

…որոնք հաստատվել էին Հայաստանում: Նրանք զարմացել էին, թե ինչպես չեմ փոխել անուն-ազգանունս…
Ուզում եմ, որ Հայաստանի բոլոր զինվորները Հայրենիքը սիրեն այնպես, ինչպես սիրում էր Հայրս…»:

 

Նյութը՝ Արտակ Վարդանյանի «Նժդեհյան մասունքներ» գրքից:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա