Logo

Գարեթ Սաութգեյթ․ «Ընդմիջումից առաջ հաշիվը կարող էր 3-0 լինել»

15:36 / 24.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակը 2-1 հաշվով։

«Մենք անցկացրինք բացառիկ առաջին խաղակես, սակայն երկրորդը ծանր ստացվեց։ Ցուցադրեցինք երկու տարբեր դեմք։ Առաջին խաղակեսում շատ լավ էինք կառավարում խաղը, երբ հաջողվում էր հաղթահարել պրեսինգի առաջին գիծը։ Ընդմիջումից առաջ հաշիվը կարող էր 3-0 լինել։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կայացրինք մի քանի սխալ որոշումներ, և խաղի դինամիկան փոխվեց։

Հարի Քեյնն անհավանական էր։ Այսպիսի պայմաններում ռեկորդ սահմանելը հոգեբանական հզորության դրսևորում է։ Դա, իրոք, բացառիկ նվաճում է։ Թիմը երկրպագում էր նրան»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գարեթ Սաութգեյթն Անգլիայի հավաքականի երրորդ մարզիչն է, որն ազգային թիմի հետ հատում է 50 հաղթանակի շեմը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ավելի շատ հաղթանակներ տարել են Ուոլտեր Ուինտերբոթոմը (78 հաղթանակ, 1946-1962թթ․) և Ալֆ Ռեմզին (69 հաղթանակ, 1963-1974թթ․)։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը տևական ընդմիջումից հետո կարողացավ մրցակցի խաղադաշտում հաղթել իտալացիներին։ Նախորդ անգամ անգլիացիներն Իտալիայի հավաքականին Ապենինյան թերակղզում հաղթել էին 1961 թվականին։

Բացի այդ, Անգլիայի հավաքականն ընդհատեց իտալացիների ռեկորդային անպարտելի շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Մինչև այդ խաղը Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը տարել էր 34 հաղթանակ ու գրանցել 6 ոչ-ոքի։

Անգլիայի ու Իտալիայի հավաքականների հետ ընտրական C խմբում ընդգրկված են նաև Ուկրաինան, Հյուսիսային Մակեդոնիան և Մալթան։ Երկրորդ տուրում Իտալիան մարտի 26-ին կմրցի Մալթայի, իսկ Անգլիան՝ Ուկրաինայի հետ։

Հարի Քեյնը՝ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա