Logo

Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 24.02.2021Հայկական ֆուտբոլ
5f65de6193787 - Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան խաղից առաջ
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Հայաստանի գավաթ, 1/8

25 Փետրվար 2021 - 14:00

0

ՖԱ Փյունիկ

0

ՖԱ Ուրարտու

Կարմիր Քարտ - 95`

«ՓՅՈՒՆԻԿ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»

25 փետրվարիժ.14:00, Երևան, «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտ

16 խաղ, «Փյունիկը» հաղթել է 7 անգամ, «Ուրարտուն»՝ 5,  գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 19-15

1/8 եզր. 1-ին խաղ. 18.09.2020 «Ուրարտու» 2-1 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Անտոն Կոբյալկո 3՛, 1-1՝ Դմիտրի Գուզ 37՛, 2-1՝ Ալեքսանդր Ռադչենկո 90+1՛

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Այս խաղում կորոշվի VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը, որն այդ փուլում կմրցի գործող գավաթակիր «Նոայի» հետ:

«Ուրարտուն» և «Փյունիկը» 2-րդ տարին անընդմեջ մրցավեճի են բռնվել գավաթի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Գավաթի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում մրցակիցների մրցախաղում հաջողությունն ուղեկցել էր «Ուրարտուին», որը հաղթել էր հետխաղյա 11մ հարվածաշարում: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասները մնացել էին անառիկ: «Ուրարտուն» հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու հանդիպումներում էլ զիջել էր ապագա գավաթակիր «Նոային» (0-1, 1-2): Իսկ մինչ այդ «Ուրարտուն» քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության էր հասել «Լոռիի» նկատմամբ:

02.11.2019 Vbet cup Pyunik Urartu 23 960x640 - Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

2․ «Փյունիկը» Հայաստանի գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիր է: 12 անգամ եզրափակչում վիճարկելով գավաթը, փյունիկցիները 8 անգամ մրցանակով պատվո շրջան են կատարել: Վերջին անգամ «Փյունիկը» գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

3․ Հայաստանի առաջին գավաթակիր «Ուրարտուն» պատվավոր մրցանակը նվաճելու 8 փորձերից 3-ում է հաջողության հասել: «Ուրարտուն» վերջին անգամ ՀՀ գավաթակրի տիտղոսին է արժանացել 2015/16թթ. խաղարկությունում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

4․ Մրցակիցների գավաթային հերթական դիմակայությունը 11-րդն է: Դրանցից միայն 4-ում է «Ուրարտուին» հաջողվել հաղթահարել «Փյունիկի» արգելքը: Գավաթի վերջին 7 մրցաշարերում «Ուրարտուն» բավական հաջող է հանդես եկել՝ նվազագույնը հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Իսկ ահա «Փյունիկը» պատվավոր մրցանակի նախորդ 3 խաղարկություններում չի կարողացել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

119836596 3408464885927062 4127080163889672325 o 2 - Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

5․ Մրցակիցների միջև կայացած գավաթային 16 հանդիպումներից առանձնանում են պատվավոր մրցանակի եզրափակիչները: «Փյունիկը» և «Ուրարտուն» մինչ օրս 4 անգամ են միմյանց հետ վիճարկել Հայաստանի գավաթը:

1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող «Բանանցին», որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: «Փյունիկի» ղեկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ, խաղացող-մարզչի կարգավիճակով Խորեն Հովհաննիսյանն էր:

12 տարի անց՝ 2004թ. «Փյունիկը» Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ եզրափակչում ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը՝ հաղթելով միայն հետխաղյա 11մ հարվածներով:

Թիմերի միջև կայացած գավաթի հաջորդ երկու եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին: 2009թ. եզրափակիչ խաղում գավաթի բախտը վճռեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Իսկ ահա հաջորդ տարի «Փյունիկը» եզրափակչում պարզապես ջախջախեց «Բանանցին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Երկու դեպքում էլ «Փյունիկի» ղեկին Վարդան Մինասյանն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Պետրոս Ավետիսյան՝ 3 գոլ:

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Նենադ Ինյաց՝ 3-ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա