Logo

Գերդ Մյուլերի հիշատակին. ինչպես ժամանակին «Der Bomber»-ը չհայտնվեց «Բարսելոնայում»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
gerdmueller ima 240575 scaled - Գերդ Մյուլերի հիշատակին. ինչպես ժամանակին «Der Bomber»-ը չհայտնվեց «Բարսելոնայում»

1970/1971 մրցաշրջանը Մյունխենի «Բավարիան» բառի ամենաուղիղ և փոխաբերական իմաստով գցեց ոտքի տակ։ Ներքին առաջնությունում մյունխենցիները չկարողացան պահպանել չեմպիոնական տիտղոսը՝ ոսկե մեդալները զիջելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Մրցաշրջանը չափազանց անհաջող էր նաև լեգենդար Գերդ Մյուլերի համար. նա ոչ միայն չկարողացավ դառնալ չեմպիոն, այլև չդարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Անհավանական է, չէ՞։

Դիպուկահարների անվանակարգի վերջնական ցուցակի առաջին տեղում Մյուլերի փոխարեն ոմն Լոթար Կոբլունն էր՝ համեստագույն «Ռոթ-Վայս» ակումբի պաշտպանը (պաշտպանը, Կառլ, ավելի շատ գոլ է խփել այդ մրցաշրջանում, քան Մյուլերը)։ Երկրորդ Բունդեսլիգա «գործուղումից» «մազով պրծած» ակումբի լիբերոն մրցաշրջանը եզրափակեց 24 գնդակով՝ 2-ով ավելին, քան Մյուլերը։ Ցուցանիշ, որից պետք էր ամաչել ու քայլել ստորգետնյա անցումով…։ Այդպես, գուցե, կանեին շատերը, բայց ոչ Մյուլերը։

«Ըմդամենը» 22 գնդակն այսօրվա հարձակվողների համար հիանալի ցուցանիշ է, բայց գերմանացի գոլահարը տարեկան խփում էր 30-40 գնդակ ու կարող էր հիասթափվել իր ելույթներից։ Գոլային հոտառությունն ու կիրքը գոլ խփելու հանդեպ վերգտնելու համար Մյուլերը մեկնեց Իտալիա, որտեղ օր ու գիշեր միայնակ մարզվում էր, մինչդեռ այդ ընթացքում նրա թիմակիցները վայելում էին արձակուրդը։ Երբ եկավ շամպայնի բաժակին «ցտեսություն» և «բարև գնդակ» ասելու ժամանակը, «Բավարիայի» ֆուտբոլիստները առաջին նախավարժանքին մի պահ չճանաչեցին իրենց հետ վազվզող երիտասարդին. «երբ մտանք դաշտ, տեսանք՝ մի երկարավարս ու հաստաբուն մորուսով մեկին, որը գնդակով անդադար հարվածում է դարպասին։ Մի քանի վայրկյան հետո հասկացանք, որ դա Մյուլերն էր։ Նա հրաշալի տեսք ուներ», – թիմակցի կերպարանափոխության մասին հիշում է Ֆրանց Բեկենբաուերը։

movistarplus - Գերդ Մյուլերի հիշատակին. ինչպես ժամանակին «Der Bomber»-ը չհայտնվեց «Բարսելոնայում»

Բոլորին թվում էր, որ նոր՝ 71/72 մրցաշրջանին Մյուլերը պատրաստ էր, սակայն առաջնության առաջին հատվածում «Բավարիայի» հարձակման գծի առաջատարն իրեն այդքան էլ նման չէր։ 10-րդ տուրի դրությամբ Մյուլերը խփել էր ընդամենը 4 գնդակ՝ միևնույն ժամանակ 3 անգամ վրիպելով 11 մետրանոցից։ Հատկանշական է, որ երրորդ վրիպումից հետո մարդը հասկացավ, որ 11 մետրանոցներն այլևս իրենը չեն ու հրաժարվեց մոտենալ նշակետին։ Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար էր նույնիսկ ենթադրել, որ այդ մրցաշրջանը Մյուլերի կարիերայում լինելու է լավագույնը։

Միայն 13-րդ տուրից հետո երկրպագուները հասկացան, որ Մյուլերը ոչ միայն վերադարձել է, այլև վերադարձել է գոլերին ծարավ։ Առաջին տուժողը եղավ «Համբուրգը», որին Գերդը տխրեցրեց հեթ-տրիկով։ Ու գնա՜ց. «Դորտմունդին»՝ պոկեր (ընդհանուր հաղթանակ՝ 11-1), «Ռոթ Վայսին»՝ (ա՜յն «Ռոթ Վայսին», որի պաշտպանը նախորդ տարի խլել էր Մյուլերից լավագույն ռմբարկուի տիտղոսը) պենտա-տրիկ, «Բոխումին», «Վերդերին»՝ հեթ-տրիկ, մանր-մունր դուբլերի մեջ չենք էլ խորանում։ Իր՝ այն ժամանակ ռեկորդային 40-րդ գոլը Մյուլերը խփեց «Այնտրախտին»։ Դեռ մի բան էլ՝ վերջին երկու տուրերում նա գոլ էլ չխփեց։

Մեր ընտրանին.

«Ժամանակակից պաշտպանության դեմ ես միանշանակ ավելի լավ կխաղայի։ Հիմա թիմերը գործում են 4 պաշտպանով, որոնք դասավորվում են 1 գծով, իմ ժամանակ մի մրցակից կախվում էր իմ ուսից, լիբերոն էլ գալիս էր փոխօգնության։ Իմ դեմ աշխատում էր առնվազն երկու պաշտպան, բայց ես միևնույնն է՝ խփում էի», – պատմում էր Մյուլերը։

Նրա թիմակից ու ակումբակից, լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը նույնպես կարծում է, որ ֆուտբոլում փոխվել են պաշտպանների անհատական որակները և առհասարակ պատկերացումը հետին գծի վերաբերյալ։ «Այսօրվա ֆուտբոլում մրցակցին անհատապես չեն հսկում, դրա շնորհիվ գրոհող ֆուտբոլիստները հեշտ են տեղ գտնում հարվածի համար։ Եթե Գերդն այսօր խաղար, տարեկան 80 գոլ միանշանակ կխփեր», – ասել է «Կայզեր Ֆրանցը»։

Հետաքրքիր է, բայց այդ ռեկորդը կարող էր և չլինել. գերմանացի գոլահարի նկատմամբ որս էին սկսել այդ ժամանակ լուրջ «դեմք» համարվող հոլանդական «Ֆեյենորդն» ու իսպանական «Բարսելոնան»։ Ռոտերդամյան ակումբը Մյունխեն է ուղարկել տրանսֆերի կոնկրետ առաջարկ, սակայն գերմանական թոփ ակումբի ղեկավարությունն այն նույնիսկ չի էլ դիտարկել։

1213383842 960x720 - Գերդ Մյուլերի հիշատակին. ինչպես ժամանակին «Der Bomber»-ը չհայտնվեց «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարցում կան իրարամերժ տեղեկություններ։ Գերմանական մամուլը գրում է, որ Մյուլերի տրանսֆերի հարցում «Բավարիան» ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել, բայց ֆուտբոլիստի հետ 1-2 անգամ կապ են դուրս եկել «Բարսայի» այն ժամանակվա նախագահ Խոսեպ Լուիս Նունյեսի ներկայացուցիչները։ Ըստ մեկ այլ, ոչ պաշտոնական աղբյուրի, Մյուլերի խաղին կատալոնական ակումբի նախագահը հետևել է անձամբ։ Ի վերջո, «Բարսան» չցանկացավ գնալ բանակցությունների և հաջորդ տարի Կատալոնիա բերեց մեկ այլ հանճարի՝ Յոհան Կրույֆի։

Իմանալով առաջարկի մասին, Մյուլերը սկսեց ոչ միանշանակ ակնարկներ անել, որ կարող է հեռանալ ակումբից։ Ղեկավարությունը ձմեռային դադարի ընթացքում այդքանը հասկացավ ու նրա համար պատրաստեց նոր՝ թարմացված պայմանագիր։ «Իմ տունը «Բավարիան» է», – սրանք Մյուլերի խոսքերն էին նոր պայմանագիր կնքելուց հետո։

58871030 303 - Գերդ Մյուլերի հիշատակին. ինչպես ժամանակին «Der Bomber»-ը չհայտնվեց «Բարսելոնայում»

71/72 մրցաշրջանի ընթացքում Մյուլերը 40 գոլ խփելուց զատ հասցրեց կատարել նաև 18 գոլային փոխանցում։ «Բավարիան» այդ տարի խփեց 101 գնդակ (Բունդեսլիգայի ռեկորդ, ի դեպ)։ Ստացվում է՝ այդ գոլերի կեսից ավելիին Մյուլերն ունեցել է ուղիղ մասնակցություն։ Մյուս մրցաշարերում Մյուլերը խփեց ևս 14 գնդակ, բայց դրանք տիտղոսաբեր չեղան. եվրոպական գավաթի կիսաեզրափակիչում թիմը պարտվեց «Ռեյնջերսին», Գերմանիայի գավաթում՝ «Քյոլնին»։

Գերդ Մյուլերի այս ֆենոմենալ արդյունավետությունն ունիկալ է դարձնում ևս 2 փաստ։ Նախ գերմանացի գոլահարը Էրլինգ Հալանդի կամ Ռոբերտ Լևանդովսկու նման չէր ու իր գոլերը չէր խփում 10-15 խաղում անընդմեջ։ Մյուլերն այդ մրցաշրջանի 15 խաղում գոլ չի խփել։ Ամենաարդյունավետ խաղերի շարքը տևել է 5 խաղ։

«Խաղի ժամանակ վազել ընդհանուր 3,5 կմ ու խփել 5 գնդակ: Անհնար է:». Մյուլերի փորձը հերքում է այս պնդումը։ Իր կարիերայի ընթացքում մի շարք մարզական լրագրողներ ու նույնիսկ նրա թիմակիցներից ոմանք քննադատել են Մյուլերին պասիվության համար։ Ընդ որում՝ պասիվությունը մեղմ է ասված. յուրաքանչյուր խաղում միջին վիճակագրական կիսապաշտպանը վազում է 10-11 կմ, դարպասապահները՝ 5 կմ։ Մյուլերի ամենալավ ցուցանիշը եղել է 3,5 կմ-ը։

maxresdefault 2 960x540 - Գերդ Մյուլերի հիշատակին. ինչպես ժամանակին «Der Bomber»-ը չհայտնվեց «Բարսելոնայում»

Հարձակվողի պասիվության մասին լավագույնը գրել է ամերիկացի լրագրող Ֆրենկ Մենկեն.

«Մյուլերը դաշտում կարող էր բացարձակապես ոչինչ չանել։ Նա նույնիսկ ալարում էր հասնել դաշտի կենտրոն նույնիսկ այն ժամանակ, երբ իր թիմը փակված էր սեփական կիսադաշտում։ Նա 5 րոպեում կարող էր վազել 10-15 մետր, բայց 6-րդին կնկատեր, որ գնդակը գալիս է իր ուղղությամբ, ծանության կենտրոնի՝ ցածր լինելու շնորհիվ հանգիստ շրջվում էր ու սլանում գնդակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրան կանգնեցնել հնարավոր չէր։ Կանգնած, թե պառկած, սողալով, թե լողալով, ծնկով, թե կրծքով, հետույքով թե թարթիչներով. միևնույնն է՝ նա իր գոլը խփելու էր», – գրել է լրագրողը իր «Գերդ Մյուլեր. Տորֆե մարդը» աշխատությունում։

Մյուլերի ֆենոմենալ մրցաշրջանի զարդը դարձավ ԽՍՀՄ հավաքականի հետ ընկերական խաղում գրանցած հեթ-տրիկը։ Մյունխենի՝ նոր բացված Օլիմպիական (ներկայիս «Ալիանց Արենա») ստադիոնի ավելի քան 50 հազար հանդիսականի առաջ Մյուլերը շքեղ պոկեր գրանցեց՝ ստիպելով երկրպագուներին երգել իր մասին գրված երգի ամենահայտնի տողերը՝ «Ավելի լավ, քան Մյուլերը, դա ոչ ոք չի կարողանում անել»։ Ու ոչինչ, որ, Ռոբերտ Լևանդովսկին նախորդ մրցաշրջանում անցավ ռեկորդը։ Չէ՞ որ իրոք, գրողը տանի, Մյուլերից լավ դա ոչ ոք չի անում։

Հանգչիր խաղաղությա’մբ, Der Bomber:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա