Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 5 տուր
05 Սեպտեմբեր 2021 - 22:45
Գերմանիա
Հայաստան
1 - 0 Սերժ Գնաբրի - 6`
2 - 0 Սերժ Գնաբրի - 15`
3 - 0 Մարկո Ռոյս - 35`
4 - 0 Տիմո Վերներ - 45`
5 - 0 Յոնաս Հոֆման - 52`
6 - 0 Կարիմ Ադեյեմի - 91`
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը ԱԱ 2022-ի նախընտրական փուլի շրջանակում ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ: Մեր և «Մանշաֆթի» միջև առաջիկա խաղը լինելու է 4-րդը: Առաջարկում ենք ծանոթանալ թիմերի միջև դիմակայության պատմությանը, որում շատ մեծ առավելություն ունի ֆուտբոլային գերտերություն Գերմանիան: 3 խաղերից բոլորում հաղթել են գերմանացիները՝ 3 դեպքում էլ խոշոր հաշիվներով:
- Աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլ
- 09.10.1996, Երևան, Հայաստան, «Հրազդան» մարզադաշտ
- Հայաստան 1-5 Գերմանիա
- Գոլերը՝ Հասլեր 20՛, 39՛, Կլինսման 26՛, Բոբիչ 69՛, Կունց 81՛, Միքայելյան 85՛
Աշխարհի 1996 թվականի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 9-րդ խմբում՝ Գերմանիայի, Ուկրաինայի, Պորտուգալիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ալբանիայի հավաքականների հետ միասին: Հենց այդ ժամանակ էլ Հայաստանի ընտրանին առաջին անգամ հանդիպեց Գերմանիայի հավաքականին:
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1996-ին՝ ընտրական փուլի 3-րդ տուրում, Երևանում: Լեփ-լեցուն «Հրազդանում» կայացած հանդիպումն անցավ հյուրերի խաղային բացահայտ առավելությամբ: Առաջին 2 տուրերին Հայաստանի ընտրանին 2 ոչ-ոքի էր անցկացրել՝ (Պորտուգալիայի հետ տանը, Հյուսիսային Իռլանդիայի հետ՝ դրսում), բայց պարտվեց 3-րդ խաղում: Արդեն առաջին խաղակեսում գերմանացիները փակեցին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Տոմաս Հասլերի դուբլի (2 գոլն էլ Հասլերը խփեց տուգանային հարվածով) և Յուրգեն Կլինսմանի գոլերի շնորհիվ Գերմանիան ընդմիջման գնաց 3-0 հաշվով հաղթելիս:
Երկրորդ խաղակեսում գերմանացիները մեծացրին իրենց առավելությունը: Ֆրեդի Բոբիչն ու Շտեֆան Կունցը հաշիվը դարձրին 5-0, և միայն խաղավերջում՝ 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Կարապետ Միքայելյանը խփեց հեղինակության գոլը:
- Աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլ
- 10.09.1997, Դորտմունդ, Գերմանիա, «Վեստֆալեն» մարզադաշտ
- Գերմանիա 4-0 Հայաստան
- Գոլերը՝ Կլինսման 70՛, 84՛, Հասլեր 85՛, Կիրստեն 91՛
Միմյանց դեմ հաջորդ հանդիպումն այս թիմերն անցկացրին երևանյան խաղից մոտ մեկ տարի անց՝ ընտրական փուլի 9-րդ տուրում: Գերմանիային պարտվելուց հետո Խորեն Հովհաննիսյանի թիմն անցկացրած 4 խաղում վաստակել էր 5 միավոր՝ 2 ոչ-ոքի անցկացնելով Հյուսիսային Իռլանդիայի և Ալբանիայի հետ, ալբանացիներին տանը հաղթելով 3-0 հաշվով, և պարտվելով Պորտուգալիայի ընտրանուն:
Գերմանիայում կայացած խաղի առաջին կեսում Հայաստանի հավաքականը կարողացավ դիմադրել ահեղ մրցակցին, բայց երկրորդ խաղակեսում, մասնավորապես՝ 70-րդ րոպեից սկսած Բերտի Ֆոգսի սաները կարողացան կոտրել հայկական դիմադրությունն ու մեկը մյուսի ետևից գրավեցին մեր ընտրանու դարպասը: Կրկին աչքի ընկավ Յուրգեն Կլինսմանը, այս անգամ՝ դուբլով: Տոմաս Հասլերը նույնպես իր անունը գրեց լուսատախտակին, իսկ հանդիպման վերջակետը դրեց Ուլֆ Կիրստենը:
Մեր ընտրանին.
-
Մխիթարյանը տարիքային նոր ռեկորդ սահմանեց, Կամո Հովհաննիսյանն էլ երկու հոբելյան նշեց
-
Ֆլիկ. «Անկասկած՝ Հայաստանի հավաքականից այդ երկուսն են ուշադրության կենտրոնում լինելու»
-
Կապառոս. «Մեր մոտիվացիան Հայաստանի համար խաղալն է, ոչ թե Գերմանիայի դեմ խաղալը»
0-4 և Հայաստանի հավաքականը վերադարձավ Երևան՝ անցկացնելու իր վերջին հանդիպումն ընտրական այդ փուլում, որտեղ էլ պարտվեց արդեն Ուկրաինային 0-2 հաշվով: Ընտրական այդ փուլի վերջնական արդյունքներով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակած 8 միավորով, իսկ Գերմանիան, ինչպես գրեթե միշտ, գլխավորեց խումբը՝ չկրելով ոչ մի պարտություն:
- Ընկերական հանդիպում
- 06.06.2014, Մայնց, Գերմանիա, «Կոֆաս Արենա» մարզադաշտ
- Գերմանիա 6-1 Հայաստան
- Գոլերը՝ Շյուրլե 52՛, Պոդոլսկի 72՛, Հովեդես 73՛, Կլոզե 76՛, Գյոտցե 82՛, 89՛, Մխիթարյան 69՛ (11մ)
Հայաստանի ու Գերմանիայի հավաքականների ճանապարհներն այլևս չխաչվեցին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում: Բայց 2014-ի հունիսին՝ Բրազիլիայում կայացած Մունդիալի մեկնարկից օրեր առաջ Գերմանիան իր վերջին ստուգատեսն անցկացրեց հենց Հայաստանի ընտրանու դեմ:
Ընկերական այդ հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի: Առաջին կեսի ամենաուշագրավ դրվագը Արթուր Եդիգարյանի ու Մարկո Ռոյսի բախումն էր, որի արդյունքում «Բորուսիայի» առաջատարը վնասվածք ստացավ, փոխարինվեց, և ինչպես հետո պարզվեց՝ բաց թողեց Մունդիալն ու զրկվեց իր բաժին ոսկե մեդալից:
Խաղը «բացվեց» երկրորդ խաղակեսում, երբ եզրից կատարված փոխանցումից հետո կրնկով կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Անդրե Շյուրլեն: 69-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում Հայաստանի ընտրանին 11-մետրանոցի իրավունք վաստակեց, որն էլ հստակորեն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Բերնարդ Շալանդի սաները դեռ չէին հասցրել տոնել ուրախությունը, երբ Լուկաս Պոդոլսկին ընդամենը 1 րոպե անց կրկին առաջ մղեց Գերմանիային: Այդ գոլից հետո գերմանական մեքենան սկսեց աշխատել իր ամբողջ ուժով. Լյովի թիմի գոլերը գալիս էին իրար հերթ չտալով: Հովեդեսն ու Կլոզեն 3 րոպեի ընթացքում հաշիվը դարձրին 4-1, իսկ փոխարինման մտած Մարիո Գյոտցեն հասցրեց նույնիսկ դուբլ ձևակերպել: Հանդիպումն ավարտվեց 6-1 հաշվով: Այդ պարտությունը մեզ մեծ ցավ էր պատճառում այնքան ժամանակ, մինչև որ Գերմանիան ավելի խոշոր՝ 7-1 հաշվով հաղթեց Բրազիլիային՝ Բրազիլիայում:
Այդ խաղն ամբողջովին արտացոլում էր թիմերի իրավիճակը. Գերմանիան այդ պահին աշխարհի ուժեղագույն հավաքականն էր: Այդ խաղից մոտ մեկ ամիս անց «Մանշաֆթը» հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ Հայաստանի հավաքականն անցումային փուլում էր՝ Վարդան Մինասյանի «ոսկե» ժամանակաշրջանից հետո:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները