Logo

Գևորգ Ղազարյանը բացառիկ նվաճման հասավ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:00 / 16.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Ալաշկերտի» հետ առաջնության 27-րդ տուրի հանդիպումը պատմական կարելի է համարել հայկական ֆուտբոլի ամենաճանաչված ու տիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկի՝ «Փյունիկի» ավագ Գևորգ Ղազարյանի համար:

Ապրիլի 5-ին ծննդյան 34-ամյակը նշած Գևորգ Ղազարյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց և ինքն իրեն հաճելի նվեր մատուցեց՝ դառնալով գոլի հեղինակ: Այդ նվաճման բացառիկությունը շեշտելու համար նշենք, որ անկախության շրջանի հայկական ֆուտբոլի 30-ամյա պատմության ընթացքում միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել հատել 500 խաղի սահմանագիծը:

Ի դեպ, այդ ֆուտբոլիստներով հետևյալ կազմով բավական ուժեղ թիմ կարելի էր կազմավորել. Գևորգ Կասպարով, Տիգրան Դավթյան, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Հովհաննես Թահմազյան, Կարեն Ալեքսանյան, Արթուր Ոսկանյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Համլետ Մխիթարյան, Արթուր Քոչարյան:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին առաջնության 20-րդ տուրում Չարենցավանում «Վանի» հետ մրցավեճում երանելի բարձունքը հաղթահարել էր «Արարատի» 35-ամյա ավագ Հրայր Մկոյանը:

500 խաղերից 146-ը Ղազարյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), 26-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 3-ը՝ Սուպերգավաթի (Ս), 10-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 75-ը՝ ՀՀ ազգային հավաքականում (ԱՀ), 18-ը՝ երիտասարդական հավաքականում (ԵՀ), 3-ը՝ ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, 219-ը՝ արտերկրի Բարձագույն խմբի առաջնությունների մասնակից թիմերում (ԱԵ):

Առաջին տիտղոսը՝  նորամուտի խաղում

Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է, որի կազմում էլ ֆուտբոլային կարիերայում իր առաջին քայլերն է կատարել ու տարիների ընթացքում թիմակիցների հետ զգալի հաջողությունների ու նվաճումների է հասել:

«Փյունիկի» կազմում նրա նորամուտը շատ հաջող ստացվեց: 2005թ. մայիսի 27-ին «Բանանցի» հետ կայացած Սուպերգավաթի հանդիպմանը Վարդան Մինասյանը հայտավորել էր հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների: Ընդմիջումից անմիջապես հետո նա խաղադաշտ դուրս բերեց «Փյունիկ-2-ում» հանդես եկող 17-ամյա Գևորգ Ղազարյանին, որը փոխարինեց Անդրանիկ Թադևոսյանին: «Փյունիկը» Տիգրան Դավթյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց ու նվաճեց Սուպերգավաթը: Այսպես պատանի ֆուտբոլիստը պաշտոնական մրցումներում նորամուտի խաղում իր առաջին տիտղոսին արժանացավ:

Որոշ ժամանակ անց՝ հուլիսի 6-ին Գևորգ Ղազարյանն առաջին խաղն անցկացրեց նաև Բարձրագույն խմբում: Երևանի «Լեռնագործի» հետ կայացած այդ խաղում (5-0) թիմի ղեկը ստանձնած հոլանդացի Հենկ Վիսմանն ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս բերեց Գևորգին՝ փոխարինելով դուբլի հեղինակ դարձած Աղվան Մկրտչյանին: Ընդհանուր առմամբ 2005թ. առաջնությունում Գևորգ Ղազարյանը մասնակցեց 11 խաղի և «Փյունիկի» կազմում իր 2-րդ տիտղոսը նվաճեց՝ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալին:

Հաջորդ մրցաշրջանում Գևորգ Ղազարյանը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: Առաջնությունում անցկացրած իր առաջին խաղում՝ մայիսի 24-ին Երևանում կայացած հանդիպման 60-րդ րոպեին փոխարինելով Ռաֆայել Նազարյանին, 5 րոպե անց Գևորգ Ղազարյանը խոցեց շիրակցի Ռայմոնդ Զադուրյանի պաշտպանած դարպասը, իսկ ավելացված ժամանակում դարձավ դուբլի հեղինակ: 2006թ. առաջնությունում անցկացրած 16 հանդիպումներում Գևորգը 3 գոլ խփեց և դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն:

Հավաքականի շահը վեր դասեց  չեմպիոնի տիտղոսից

2007թ. մրցաշրջանի սկիզբն էլ շատ հաջող էր արդեն «Փյունիկի» հիմնական կազմում իր տեղն ապահոված Ղազարյանի համար: Մայիսի 27-ին նա իր թիմակիցների հետ 2-րդ անգամ պատվո շրջան կատարեց Սուպերգավաթով: Ընդ որում հենց Գևորգը դարձավ «Միկայի» հետ մրցավեճում (2-1) թիմի հաղթական գոլի հեղինակը՝ լրացուցիչ ժամանակի 117-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Լապինի պաշտպանած դարպասը:

Այդ մրցաշրջանում Ղազարյանը Հայաստանի եռակի չեմպիոնի տիտղոսին կարժանանար, եթե երիտասարդական հավաքականի շահերից ելնելով օգոստոսի վերջին նրան չտեղափոխեին «Բանանց»: Մինչ այդ նա «Փյունիկում» անցկացրած առաջնության 14 հանդիպումներում 6 գոլի հեղինակ էր դարձել:

«Բանանցում» Ղազարյանի նորամուտը փառահեղ ստացվեց: Սեպտեմբերի 1-ին «Արարատի» հետ կայացած խաղում (6-0) նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ ընդհանուր առմամբ թիմի կազմում անցկացրած 11 խաղում խփելով 6 գոլ: «Բանանցում» Գևորգն իր առաջին արծաթե մեդալը ստացավ:

Վերադառնալով «Փյունիկ», թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը հաջորդ 3 մրցաշրջաններում թիմակիցների հետ նոր տիտղոսներ նվաճեց՝ դառնալով Հայաստանի հնգակի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր: Ընդ որում «Բանանցի» հետ 2010թ. ՀՀ գավաթի եզրափակչում, որում «Փյունիկը» 4-0 հաշվով հաղթանակ տոնեց, Գևորգ Ղազարյանը դարձավ դուբլի հեղինակ:

2010թ. նա աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 16 գնդակով իր թիմակից Մարկոս Պիզելիի հետ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, իր օգտին 3 հեթ-տրիկ գրանցելով: Ղազարյանի համար այդ արդյունքն արդյունավետության անձնական ռեկորդ է ֆուտբոլային ողջ կարիերայում:

Ի դեպ, այդ մրցաշրջանում «Փյունիկը» յուրօրինակ նվաճման հասավ՝ շահելով խաղարկված 3 մրցանակներն էլ: Սակայն Գևորգ Ղազարյանը հայտավորված չէր սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայացած Սուպերգավաթի խաղին (2-0), որին «Փյունիկը» ներկայացել էր ոչ հիմնական կազմով: Ուստի Գևորգը զրկվեց 3-րդ անգամ սուպերգավաթակիր դառնալու հնարավորությունից:

10 մրցաշրջան 5 երկրի 8 ակումբում

2011թ. մրցաշրջանը շրջադարձային եղավ արդեն զգալի փորձ ու վարպետություն ունեցող ֆուտբոլիստի համար: Ամռանը նա իր թիմակից Մարկոս Պիզելիի հետ տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»՝ նորամուտը նշելով Ուկրաինայի 2011/12թթ. առաջնությունում:

10 տարի Գևորգ Ղազարյանը հանդես եկավ արտերկրում: Արտասահմանյան 8 ակումբների կազմում Գևորգը մասնակցեց 5 երկրների՝ Ուկրաինայի («Մետալուրգ» Դոնեցկ), Ղազախստանի («Շախտյոր» Կարագանդա), Հունաստանի («Օլիմպիակոս», «Կերկիրա», «Լամիա»), Պորտուգալիայի («Մարիտիմու», «Շավիշ») և Կիպրոսի (ԱԵԼ) առաջնություններին:

Ղազարյանի ֆուտբոլային կարիերան արտերկրի թիմերում տարբեր կերպ ընթացավ: Նա միայն մեկ տիտղոսի արժանացավ՝ 2013թ. «Շախտյորի» կազմում դառնալով Ղազախստանի գավաթակիր: Ընդհանուր առմամբ արտերկրի ակումբներում Ղազարյանը մասնակցեց 219 խաղի և դարձավ 22 գոլի հեղինակ:

Վերադարձ հարազատ կոլեկտիվ

Արտերկրում երկար դեգերումներից հետո անցյալ տարվա ամռանը Գևորգ Ղազարյանը վերադարձավ հարազատ կոլեկտիվ՝ ստանձնելով թիմի ավագի պարտականությունները: Հուլիսի 30-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած առաջնության մեկնարկային տուրի խաղում Գևորգն իր վերադարձը նշեց գոլով, որը հոբելյանական՝ 50-րդն էր VBET ՀՊԼ-ում:

Ցավոք, վնասվածքի պատճառով Գևորգն առաջնության աշնանային հատվածում ընդամենը 4 խաղ անցկացրեց՝ խփելով 2 գոլ: Առաջնության գարնանային հատվածում նա կրկին ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերում՝ աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերելով: Պատահական չէ, որ գրեթե մեկուկես տարվա ընդմիջումից հետո Ղազարյանը կրկին կրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մասնակցելով Չեռնոգորիայի և Նորվեգիայի ընտրանիների հետ անցկացված ընկերական հանդիպումներին:

Մինչ այդ, հավաքականում վերջին ելույթը Ղազարյանն ունեցել էր 2020թ. նոյեմբերի 15-ին Թբիլիսիում Վրաստանի ընտրանու հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում, որում կրում էր ավագի թևկապը: 33-րդ րոպեին նա բացել էր հանդիպման հաշիվը ու նպաստել մեր ընտրանու անչափ կարևոր հաղթանակին (2-1): Ի դեպ, այդ գոլը պաշտոնական մրցումներում 100-րդն էր Ղազարյանի ֆուտբոլային կարիերայում, որի շնորհիվ նա ընդգրկվեց հայկական ֆուտբոլի ռմբարկուների «100-ի ակումբի» կազմում՝ դառնալով 22-րդ անդամը:

Գևորգ Ղազարյանը հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենափորձառուն է, որը մասնակցել է 75 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: Հավաքականում նորամուտը նա նշել է 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: 60-րդ րոպեին Իան Պորտերֆիլդը 19-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ մտցրեց Համլետ Մխիթարյանի փոխարեն:

Իսկ գոլերի հաշիվը Հայաստանի ազգային հավաքականում Ղազարյանը բացել է 2009թ. մարտի 28-ին Երևանում էստոնացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: 87-րդ րոպեին նա գրավել է Սերգեյ Պարեյկոյի պաշտպանած դարպասը՝ մեր հավաքականին փրկելով պարտությունից (2:2): Դա ազգային հավաքականում 21-ամյա ֆուտբոլիստի 10-րդ խաղն էր:

Շնորհավորելով Գևորգ Ղազարյանին նշանակալի իրադարձության առթիվ, VNews.am-ը ներկայացնում է ֆուտբոլային կարիերայում 500 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Ա

Գ

Ս

Ե

ԱՀ

ԵՀ

ԱՊՀ

ԱԵ

ԸՆԴ

1.Սարգիս Հովսեփյան

365

66

3

26

132

-

13

178

783

2.Հենրիխ Մխիթարյան 

70

16

1

6

95

14

-

526

728

3.Հովհաննես Թահմազյան

461

83

6

20

6

-

6

-

582

4.Համլետ Մխիթարյան

192

44

2

18

56

-

7

231

550

5.Արթուր Քոչարյան

357

67

1

11

4

10

2

82

534

6.Կարեն Ալեքսանյան

324

52

4

21

25

15

10

80

531

7.Գևորգ Կասպարով

348

56

5

21

29

2

10

59

530

8.Տիգրան Դավթյան

409

62

3

31

1

1

-

-

507

9.Հրայր Մկոյան       

293

46

1

21

46

7

7

85

506

10.Արթուր Ոսկանյան

254

43

3

16

54

1

6

123

500

11.Գևորգ Ղազարյան

146

26

3

10

75

18

3

219

500

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա