Logo

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ծաղիկներ աճեցնել լուսնային հողի վրա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:10 / 16.05.2022Լրահոս
flowers on the lunar soil

Դրանք ամենագեղեցիկը չեն, բայց չափազանց կարևոր են։

Ֆլորիդայի համալսարանի գիտնականներին հաջողվել է Լուսնի հողի վրա աճեցնել առաջին բույսերը։ Դա անելու համար նրանք ՆԱՍԱ-ից ստացել են ռեգոլիթի նմուշներ, որոնք ավելի քան 50 տարի առաջ Երկիր են բերել «Ապոլոն» առաքելությունները։ Նրանք տնկել են բույսի սերմերը սննդանյութերով աղքատ այդ հողում: Նախկինում նման ծաղիկներ արդեն աճեցվել են տիեզերքում՝ խորհրդային «Սալյուտ-7» կայանում՝ 1982-ին։

flowers on the lunar soil

Ի զարմանս գիտնականների, փորձի երկրորդ օրը սկսել են հայտնվել կանաչ ծիլեր։ Արդեն վեցերորդ օրը, սակայն, պարզ է դարձել, որ բույսերն ավելի քիչ առողջ են, քան, եթե դրանք աճած լինեին երկրային հողում կամ նույնիսկ հրաբխային մոխրի վրա: Մասնավորապես, ռեգոլիթի բույսերն ավելի դանդաղ են աճել և ունեցել են թերաճ արմատներ, իսկ որոշները՝ թառամած տերևներ և կարմրավուն պիգմենտացիա:

20-րդ օրը՝ ծաղկելուց անմիջապես առաջ, գիտնականները հավաքել են բույսերը, մանրացրել և ուսումնասիրել դրանց ՌՆԹ-ն։ Վերլուծությունը հաստատել է, որ բույսերն իսկապես սթրեսային վիճակում են եղել, լուսնային հողին արձագանքել են նույն կերպ, ինչպես այլ դաժան պայմաններին, օրինակ՝ աղով կամ ծանր մետաղներով հարուստ հողին:

flowers on the lunar soil 2

Գիտնականները նաև պարզել են, որ լուսնային հողի որակը միատեսակ չէ. մի նմուշը զգալիորեն վատ է աճել, քան մյուս երկուսը: Այժմ թիմը նախատեսում է նոր սերմեր տնկել նույն ռեգոլիթում: Նրանց նպատակն է պարզել, թե արդյոք առաջին բույսերը որևէ ազդեցություն ունեցե՞լ են լուսնային հողի վրա, որպեսզի հաջորդ սերնդի բույսերի համար ավելի հեշտ լինի աճել։

Նշվում է, որ այս ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են դեպի Լուսին հետագա առաքելությունների հաջողության համար. դրանք հույս են ներշնչում, որ ապագայում հնարավոր կլինի օգտակար բույսեր աճեցնել՝ առանց Երկրից հող տանելու։ Նախատեսվում է նաև լրացուցիչ հետազոտություն՝ պարզելու, թե արդյոք հողի բերրիությունը տարբերվո՞ւմ է Լուսնի տարբեր շրջաններում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա