Logo

«Գնա փայլիր, արի խաղա». 5 ֆուտբոլիստ, որ փայլում են վարձակալության մեջ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
18:43 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
popular footballers

Ամբողջ աշխարհի տաղանդավոր ֆուտբոլիստներին պաշտպանելու համար ՖԻՖԱ-ն պատրաստվում է հուլիսից ուժի մեջ մտցնել կանոնակարգ, ըստ որի՝ ակումբները կարող են վարձակալության տալ ընդամենը 8 ու վարձակալել նույն թվով ֆուտբոլիստներ: Մինչև 2024/25 մրցաշրջանն այս թիվը կկրճատվի և կհասցվի 6-ի: Այնուամենայնիվ, նոր օրենքը չի վերաբերի մինչև 21 տարեկան խաղացողներին ու տվյալ ակումբի սաներին:

Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ այս պահին իտալական «Ատալանտան» առաջատար է եվրոպական ակումբների շրջանում՝ արտագնա աշխատանքի ուղարկած խաղացողների քանակով (64), իսկ Ապենինյան թերակղզու ևս մեկ ներկայացուցիչ՝ «Կրոտենեն» վարձակալած ֆուտբոլիստների քանակով բոլորից առաջ է (11):

Վարձակալությունը լավագույն ելքն է այն ֆուտբոլիստների համար, որոնք խաղաժամանակ չեն ստանում իրենց ակումբներում ու դրսևորվելու կարիք ունեն:

Ֆուտբոլի պատմության մեջ բազմաթիվ են ֆուտբոլիստները, որոնք ցուցադրել են իրենց տաղանդը՝ գտնվելով վարձակալության մեջ այլ ակումբում, ինչպես, օրինակ, Ռոմելու Լուկակուն «Վեսթ Բրոմվիչում», «Ռեալի» գալակտիկոսից տուժած ու «Մոնակոյում» փայլած Ֆերնանդո Մորիենտեսը, «Բարսելոնայում» կարճ ժամանակում երկար աղմուկ հանած նիդեռլանդցի Էդգար Դավիդսը:

VNews-ը ներկայացնում է այս մրցաշրջանում վարձակալության մեջ փայլող լավագույն ֆուտբոլիստներին:

Բրահիմ Դիաս («Միլան»)

Բրահիմ Դիասը Մադրիդի «Ռեալի» այն ֆուտբոլիստների շարքում է, որոնք մեծ տաղանդի տեր են, սակայն պատշաճ հնարավորություն երբեք էլ չեն ստանում: «Արքայական ակումբում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2020-ի սեպտեմբերին, վինգերը վարձավճարով հեռացավ «Միլան»:

Իսպանացի խաղացողն օգնեց «ռոսոներիներին» 2013/14 մրցաշրջանից հետո առաջին անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Միլանյան ակումբում այնքան տպավորված էին ֆուտբոլիստի խաղով, որ 22-ամյա խաղացողի վարձակալական պայմանագրի ժամկետը երկարաձգեցին ևս երկու մրցաշրջանով՝ նրա պայմանագրում ներառելով կետ՝ վաճառքի ու հրաժարագնի մասին: Իտալական թիմն ընդամենը 25 մլն եվրոյով կարող է «գողություն» կատարել Ֆլորենտինո Պերեսից: Սակայն «սերուցքայինների» երկրպագուները կարող են հանգիստ լինել. այդ դեպքում  իսպանացի աղվեսը կարող է գործի դնել հետ գնելու կետը:

Քանի որ «Միլանում» Դիասը ոչ միայն առանձնանում է իր արդյունավետ խաղով, այլև ճկունությամբ ու ունիվերսալությամբ, նա հաջողությամբ գործում է հարձակման աջ և ձախ եզրերում, ինչպես նաև կենտրոնում: Նա նույն՝ բարձր վարպետությամբ օգտագործում է երկու ոտքն էլ: «Միլանի» «10» համարի համար մրցաշրջանը նույնպես աղմկալի սկսվեց. նա 9 խաղում 4 գոլի հեղինակ դարձավ, ընդ որում՝ դրանցից 4-ը՝ հաղթական:

Բայց վերջին շրջանում ֆուտբոլիստի մոտ նկատելի է խաղային անկում: Կորոնավիրուսը բացասական անդրադարձավ Դիասի վրա, նա անճանաչելի է դարձել ու կարծես սկսել է այլ լեզվով խոսել իր թիմակիցների հետ: Եթե նա վերականգնի նախկին մարզավիճակը, ապա նորից կարող է հայտնվել «Ռեալի» «ցանկալի» խաղացողների կարճ անվանացուցակում:

Մատեո Գենդուզի («Մարսել»)

Անգլիական «Արսենալի» երկրպագուների մոտ Մատեո Գենդուզին հակասական զգացումներ է առաջացնում: Լոնդոնյան թիմում խոստումնալից մեկնարկ ունենալուց ու հիմնական կազմում իր տեղն ամրապնդելուց հետո, Մատեո Գենդուզին հայտնվեց անգլիական մամուլի, և անձամբ թիմի գլխավոր մարզիչ՝ Միկել Արտետայի թիրախում: Իսկ պատճառը Նիլ Մոպեի հետ հայտնի կոնֆլիկտն էր: Այդ միջադեպից հետո երիտասարդ խաղացողն արտաքսվեց «Հերտա», հետո նրա դեգերումները շարունակվեցին հայրենիքում:

Այնուամենայնիվ, «Մարսելում» նրա ելույթները կարող են ստիպել Արտետային մոռանալ նախկին անախորժությունները: Ֆրանսիացին այս մրցաշրջանում 29 հանդիպում է անցկացրել, խփել 2 գոլ ու դարձել 9 գոլային փոխանցման հեղինակ: Նա խորքից կարողանում է գրոհներ կազմակերպել, ցույց է տալիս առաջատարի որակներ ու, որ առավել կարևոր է, աչքի է ընկնում օրինակելի պահվածքով: Նա միջինը մեկ խաղի ընթացքում թույլ է տալիս 1.5 խախտում:

Այս ամենն ստիպեց Դիդյե Դեշամին Գենդուզիին հրավիրել Ֆրանսիայի հավաքական: Նա իր նորամուտը նշեց աշխարհի չեմպիոնի կազմում՝ ԱԱ որակավորման փուլի Ֆինլանդիայի հետ խաղում:

Դրա հետ մեկտեղ ուսումնասիրելով «Արսենալում» տիրող իրավիճակը՝ պարզ է դառնում, որ «զինագործները» դժվարություններ ունեն այս մրցաշրջանում խորքից պահեր ստեղծելու տեսանկյունից: Տոմաս Պարտեյը չի արդարացնում սպասելիքները և դեռևս չի կարողանում ընտելանալ անգլիական ֆուտբոլի ինտեսիվությանը: Այս հարցում նրա համար որոշիչ կարող է դառնալ Գենդուզիի կողքին խաղը:

Հյուսիսլոնդոնյան ակումբին նաև նոր առաջատար է պետք. Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը վերջերս զրկվեց ավագի թևկապից, իսկ Գրանիտ Ջական կարմիր քարտերի մեծ հավաքածու է կուտակել:

Կոնոր Գալագեր («Քրիստալ Փելաս»)

Մատեո Կովաչիչ, Ժորժինյո, Նգոլո Կանտե ու հետո միայն Կոնոր Գալագեր. «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մրցաշրջանի սկզբում գիտակցելով, որ Գալագերին չի կարող խաղային ժամանակ տրամադրել, նրան վարձավճարով ուղարկեց «Քրիստալ Փելաս»:

Համեստ ակումբում Գալագերը փոթորիկ արեց Անգլիայի Պրեմիեր լիգայում. 21-ամյա խաղացողն այս մրցաշրջանի 21 հանդիպումներում 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նա Պատրիկ Վիեյրայի ղեկավարած ակումբի համար այնքան կարևոր նշանակություն ունի, որքան թիմի թալիսման Ուիլֆրիդ Զահան:

ԱՊԼ-ում նա աչքի է ընկնում նաև փոխանցումների բարձր ճշգրտությամբ. մեկ խաղի ընթացքում նա միջինը կատարում է 33.9 փոխանցում 82.3% ճշգրտությամբ: Այն, որ նա Պրեմիեր լիգայում անցկացրած 19 խաղից 4-ում ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, այն է, ինչ պետք է իմանալ «Սելհըրսթ Պարկում» նրա ներգործության մասին:

Մենք շատ ենք հավանում Կոնորին: Նրա հարցով վստահ ենք: Միանշանակ մեր որոշումը ճիշտ էր, քանի որ հիմա նա այնքան լավ է խաղում, ու բոլորը երջանիկ են: Պատճառն այն է, որ մասնակցում է յուրաքանչյուր խաղի ու գիտի՝ որքան կարևոր է «Քրիստալ Փելասի» համար...

Թոմաս Տուխել

Ճիշտ է՝ Գալագերը պետք է բարելավվի խաղային որոշակի ասպեկտներում, հաղթահարի ճնշումը և իր որակները ցուցադրի նաև ուժեղագույն թիմերի հետ մրցավեճերում, սակայն նրա նկատմամբ արդեն հետաքրքրություն է ցուցաբերում «Պարի Սեն-ժերմենը», իսկ «Չելսիում» աչքի տակ են պահում կիսապաշտպանին: Գերմանացի մասնագետի թիմը հիմա դժվարություններ ունի, ու Տուխելն արդեն լրջորեն մտածում է կիսապաշտպանության գոտին թարմացնելու ուղղությամբ:

Ջիովանի Սիմեոնե («Հելաս Վերոնա»)

Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջիովանի Սիմեոնեն, ակումբներով ճանապարհորդելուց ու իր լավագույն մարզավիճակի երկար փնտրտուքից հետո վերջապես «Վերոնայում» ցուցադրում է այն ֆուտբոլը, որը նրանից ակնկալում էր նախ և առաջ իր հայրը:

«Կալյարիում» մրցաշրջանի սկզբում կասկածներ ունեին, թե հարձակվողը չի կարողանա բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, սակայն մեծ սխալ գործեցին՝ ուղարկելով ֆուտբոլիստին մրցակցի ճամբար: «Վերոնան» մրցաշարային աղյուսակում այս պահին ավելի լավ դիրքում է (9-րդ հորիզոնական), քան վտանգավոր գոտում գտնվող «Կալյարին»:

Իտալիայի նախորդ առաջնությունում «Վերոնան» խփած գոլերի քանակով վատագույն ցուցանիշ ունեցող թիմերի շարքում էր, հիմա միայն միլանյան ակումբներն են ավելի շատ գոլ խփել, քան «սկալիգերները»: Այդ գոլերում իր առյուծի բաժինն է ներդրել Սիմեոնե-կրտսերը, որն Ա Սերիայի 22 խաղում հեղինակել է 12 գոլ ու 4 գոլային փոխանցում: Հատկապես տպավորիչ էին «Չոլիտոյի» դուբլը «Յուվենտուսի» դարպասը ու «Լացիոյին» խփած տպավորիչ գոլը: Հենց հռոմեական թիմի դեմ խաղից հետո ակումբի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Սիմեոնեն զանգահարեց ու որդուն ասաց, որ դա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր:

Մինչդեռ արգենտինացի լեգենդ՝ Էռնան Կրեսպոն, Ջիովանիին խորհուրդ է տվել ավելի չար լինել խաղադաշտում, սակայն 26-ամյա ֆուտբոլիստն ամբողջությամբ տարբերվում է իր հորից ու աչքի է ընկնում հարգալից պահվածքով:

Ֆուտբոլիստի նկատմամբ արդեն հետաքրքրություն է ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայից «Լիդս Յունայթեդը»:

Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»)

Անտուան Գրիզմանի տառապանքները «Բարսելոնայում» ավարտին մոտեցան, երբ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով ականջ դրեց իր ֆուտբոլիստի խնդրանքին ու ֆրանսիացուն ուղարկեց հետ՝ Մադրիդի «Ատլետիկո»: Դիեգո Սիմեոնեի թիմը վարձակալեց խաղացողին մեկ մրցաշրջանով՝ 2023-ին 40 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ:

Գրիզմանը կերպարանափոխվեց «Ատլետիկոյում» ու, ի դժբախտություն կատալոնական ակումբի երկրպագուների, դարձավ այն խաղացողը, որին նրանք գնել էին մադրիդցիներից 120 մլն եվրոյով:

Ֆրանսիայի հավաքականի խաղացողն այս մրցաշրջանի 22 խաղում իր անվան դիմաց գրանցել է 8 գոլ ու 3 գոլային փոխանցում:

Այնուամենայնիվ, միգուցե նույնիսկ դա չհամոզի «Ատլետիկոյի» ղեկավարությանը պայմանագիր կնքել Գրիզմանի հետ, քանի որ Իսպանիայի գործող չեմպիոնը դեռևս չի մասնակցում չեմպիոնական մրցավազքին Լա լիգայում, դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից ու մեծ դժվարությամբ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Թիմի հանդերձարանում նույնպես ամեն ինչ չէ, որ հանգիստ է. բանն այն է, որ որոշ ֆուտբոլիստներ չեն հասկանում Անխել Կորեային Գրիզմանով փոխարինելու որոշման ողջամտությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա