Logo

Golden Boy. ուր հասան նախորդ տարիների լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
image 1 - Golden Boy. ուր հասան նախորդ տարիների լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները

2003 թվականին թուրինյան Tuttosport պարբերականը որոշեց սահմանել մրցանակ՝ պարզելու տարվա լավագույն երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներին, որոնց 21 տարեկանը դեռ չի լրացել: Այդ մրցանակն անվանվեց Golden Boy («Ոսկե տղա»), որին արդեն արժանացել են 18 ֆուտբոլիստներ:

2003-ից անցել է 18 տարի, ու այժմ կարող ենք հետհայացք գցել այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց ժամանակ համարվել են տարվա ամենախոստումնալից ֆուտբոլիստը: Նրանցից ոմանք, իսկապես, դարձան լավագույնն աշխարհում, ոմանք որոշակի նվաճումների հասան իրենց կարիերայում, բայց մինչև վերջ չբացեցին իրենց պոտենցյալը, և եղան ոմանք, որոնց մեծագույն նվաճումը հենց Golden Boy-ի մրցանակն էր, որից հետո նրանք անհետացան ու մեծ հետք չթողեցին ֆուտբոլում:

Մեր ընտրանին.

Լավագույն Golden Boy-երը

Լիոնել Մեսի

Լավագույն Golden Boy-ը, անկասկած, Լիոնել Մեսին է, որը մրցանակը ստացավ դրա ստեղծումից 2 տարի անց՝ 2005 թվականին: Այդ ժամանակ Լիոնելը քչերին էր հայտնի: 2004 թվականին նա իր առաջին ռեկորդներից մեկը սահմանեց՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խաղալով «Բարսելոնայի» 5 տարբեր տարիքային թիմերում: 16 տարեկանում նա արդեն նշեց նորամուտը հիմնական թիմում: 2005-ին նա առաջին անգամ հրավիրվեց Արգենտինայի հավաքական: Tuttosport-ին արժանին է պետք մատուցել այս առումով. 2005-ին մի շարք տաղանդների շարքում նրանք ընտրեցին այն մեկին, որը հետագայում նվաճելու է 6 «Ոսկե գնդակ», 4 Չեմպիոնների լիգա, խփելու էր անհավանական ռեկորդներ ու դառնալու ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը:

Analysing & Picking a Winner Between Lionel Messi & Diego Maradona's Identical Wonder Goals | 90min

Ուեյն Ռունի

2004-ին «Ոսկե տղայի» մրցանակը ստացավ մեկ այլ ֆուտբոլիստ, որն իր երկրի ու ակումբի պատմության լավագույն կադրերից էր դառնալու: 2004-ին ֆուտբոլի գլխավոր բացահայտումները երկուսն էին՝ Կրիշտիանու Ռոնալդու և Ուեյն Ռունի: Նրանք փայլել էին ԵՎՐՈ 2004-ում, բավական լավ էին խաղում նաև «Մանչեսթեր Յունայթեդում», բայց Tuttosport-ն ընտրեց անգլիացուն: Ռունին, իհարկե, 13 մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հաղթեց հնարավոր բոլոր տիտղոսները, դարձավ ՄՅՈւ-ի և Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, բայց, մյուս կողմից էլ, Tuttosport-ը չընտրեց Ռոնալդուին՝ Մեսիի գլխավոր մրցակցին, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին ու ՉԼ-ի հնգակի հաղթողին:

From boy wonder to burden: The enigmatic Wayne Rooney | World Cup Joga Bonito

Սերխիո Ագուերո

2007-ին Golden Boy-ի մրցանակը ստացավ արգենտինական ֆուտբոլի մեկ այլ տաղանդ՝ Սերխիո Ագուերոն: «Կունը» պետք է դառնար Ֆերնանդո Տորեսի հետնորդն «Ատլետիկոյում», բայց նրա կարգի հարձակվողը չէր կարող երկար մնալ մադրիդյան ակումբում, որն այդ տարիներին դեռ այն «Ատլետիկոն» չէր, որին տեսել ենք վերջին տասնամյակում: Ագուերոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» ու դարձավ իր սերնդի լավագույն 9 համարներից մեկը: «Քաղաքաբնակների» կազմում Ագուերոն անցկացրեց 10 մրցաշրջան (390 խաղ, 260 գոլ), խփեց «Սիթիի» պատմության ամենակարևոր գնդակը՝ ակումբին պարգևելով Պրեմիեր լիգայի առաջին գավաթը, դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Without the ball, Aguero watched games like a fan!' – Man City star always a 'killer', but learned from Aguirre at Atletico | Goal.com

Սեսկ Ֆաբրեգաս

Ֆաբրեգասն այն ֆուտբոլիստներից էր, որի տաղանդը դեռ 16 տարեկանից ակնհայտ դարձավ ֆուտբոլային հանրության համար: Tuttosport-ի համար՝ նույնպես: Ֆաբրեգասը Լա Մասիայի լավագույն կադրերից էր, որին նկատեց Արսեն Վենգերն ու վաղ տարիքում նրան տարավ «Արսենալ»: 2006 թվականին Ֆաբրեգասը նվաճեց Golden Boy մրցանակը. այդ ժամանակ իսպանացին 19 տարեկան էր, բայց ակնառու էր՝ որքան բարձրակարգ box to box կիսապաշտպան է ունենալու Իսպանիայի հավաքականը: 2008-ին 21-ամյա Ֆաբրեգասն առաջատարին բնորոշ որակների շնորհիվ դարձավ «Արսենալի» ավագը: Նույն թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ, 2010-ին՝ աշխարհի չեմպիոն, ևս 2 տարի անց՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Հետագայում Ֆաբրեգասը վերադարձավ «Բարսելոնա» ու հարազատ ակումբի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն: «Չելսի» տեղափոխվելուց հետո Ֆաբրեգասը 2 անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:

История премии «Golden Boy»: Что стало со всеми обладателями этой награды?

Golden Man չդարձած Golden Boy-երը

Ռաֆայել Վան դեր Վարտ

2003-ին՝ առաջին Golden Boy-ի մրցանակը ստացավ Նիդերլանդների հավաքականի և «Այաքսի» կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վարտը: Ասել, որ նա ձախողեց կարիերան՝ սուտ կլինի, բայց իր սերունդի մեջ էլ նա լավագույնը չդարձավ: Վան դեր Վարտը 2003-ին 20 տարեկան էր՝ ամստերդամյան ակումբի ակադեմիայի ամենախոստումնալից սաներից մեկը: Նա հարուստ կարիերա ունեցավ, բայց մեծ հաջողությունների չհասավ: 2005-ին դեր Վարտը տեղափոխվեց «Համբուրգ»՝ բավական արդյունավետ 3 մրցաշրջան անցկացնելով: 2008-ին կատարվեց նրա երազանքը, երբ զանգ ստացավ «Ռեալից»: Վան դեր Վարտի մեկնարկը «Ռեալում» լավն էր, բայց հետո նրա խաղը խամրեց, ու նա չհասցրեց մնալ մադրիդյան ակումբում՝ թիմի ամենահաջող տարիների ընթացքում: Վան դեր Վարտի մյուս քայլը «Տոտենհեմն» էր՝ կարգով շատ ավելի ցածր ակումբ, որտեղ նա դարձավ կարևոր ֆուտբոլիստ, բայց չնվաճեց տիտղոսներ: Կարիերայի վերջնամասը Վարտն անցկացրեց «Համբուրգում»: Նա լավ կիսապաշտպան էր, բայց, ի տարբերություն իր հոլանդացի խաղընկերներ Սնեյդերի, Ռոբենի ու վան Պերսիի, հետք չթողեց հոլանդական ֆուտբոլում:

Golden Boy award winners since 2003: Where are they now?

Իսկո

2012-ին Իսկոյին բոլորը գիտեին Իսպանիայում, երբ նա ստացավ Golden Boy մրցանակը: Նա ավելի մեծ ճանաչում ստացավ հաջորդ տարի՝ 2013-ին, երբ «Մալագայի» հետ հասավ մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, հաղթեց Մ21 Եվրոյում ու դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ և տեղափոխվեց «Ռեալ»: Կարիերայի այսպիսի մեկնարկ ունեցած ֆուտբոլիստը գոնե մեկ «Ոսկե գնդակ» պետք է նվաճեր, բայց Իսկոն այդպես էլ չդարձավ այն ֆուտբոլիստը, որ պետք է դառնար: Նա «Ռեալի» հետ նվաճեց բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսները, բայց շատ քիչ՝ ընդամենը 1-2 տարի եղավ թիմի համար առանցքային ու մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Անչելոտիի համար նա առաջին պահեստայինն էր, Զիդանի առաջին էտապում Իսկոն փայլեց, բայց երբ ֆրանսիացին հեռացավ, նա հայտնվեց պահեստայինների նստարանին ու մինչև հիմա չի կարողանում տեղ ապահովել մեկնարկային կազմում: Դրվագներով Իսկոն աշխարհի լավագույն կիսապաշտպաններից է, բայց պահանջվող կայունությունը նա այդպես էլ չունեցավ:

Squawka Football on Twitter: "Golden Boy 2012: Isco 🕺🏻 Most take-ons (280) Most chances created (222) 33 assists 27 goals Top of the charts for Real Madrid in LaLiga. 👑… https://t.co/r0itRsQqhB"

Պոլ Պոգբա

2013-ին Golden Boy-ի մրցանակը Tuttosport-ը հանձնեց Պոլ Պոգբային: Թուրինյան ակումբում ամեն անցնող ոչ թե տարվա կամ ամսվա, այլ օրվա հետ Պոգբան ավելի ուժեղ կիսապաշտպան էր դառնում ու ոչ ոք չէր հասկանում՝ ինչպես կարող էր այս ֆուտբոլիստից այդքան հեշտությամբ ու անվճար հրաժարվել սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Պոգբան 4՝ ամեն հաջորդը նախորդից հզոր մրցաշրջան անցկացրեց «Յուվենտուսում» ու այդ ժամանակ ռեկորդային գումարի դիմաց (105 մլն) տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆրանսիայի հավաքականում Պոգբան շարունակեց փայլել, բայց «Յունայթեդում» նրա խաղի համեմատ սպասելիքներն ավելի շատ էին: ՄՅՈւ-ում Պոգբան չի խաղում իր սիրելի դիրքում, կայունություն չի դրսևորում, բայց նրա կարիերան դեռ չի ավարտվել: Գուցե՝ դրա ավարտից հետո համապարփակ գնահատական տալն ավելի ճիշտ կլինի:

Ювентус" отказался продавать Поля Погба в "Манчестер Юнайтед" за 101 миллион евро - FootBoom

Ռահիմ Ստեռլինգ

2014-ին Golden Boy-ի մրցանակը ստացավ Ռահիմ Ստեռլինգը՝ «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: Ստեռլինգը «Լիվերպուլում» աճեց, հասավ խաղային այն մակարդակին, որ նրա համար «Մանչեսթեր Սիթին» վճարեց 44 մլն ֆունտ (+ 5՝ հավելավճար) և նա դարձավ անգլիական ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողը: «Մանչեսթեր Սիթիում» էլ, հատկապես՝ Գվարդիոլայի ժամանումից հետո Ստեռլինգն ավելացրեց, դարձավ գոլերի ու գոլային փոխանցումների մեքենա: Ստեռլինգն այժմ աշխարհի լավագույն վինգերներից է, բայց կա տպավորություն, որ ինչ-որ բան նրան պակասում է, ինչ-որ բան նրան չի բավականացնում ու նրա կարիերան մի փոքր թերի է: Նա դեռ 26 տարեկան է ու ժամանակ ունի իր խաղային պիկին հասնելու, բայց նույնիսկ «Սիթիում» հիմա նա իր տեղը մեկնարկային կազմում չի ապահովել:

Рахим Стерлинг стал обладателем награды Golden Boy - FootBoom

Անտոնի Մարսիալ

Մարսիալը դեռ «Մոնակոյի» գլխավոր խոստումներից էր, երբ ստացավ Golden Boy-ի մրցանակը: Ֆրանսիացին 2015-ի օգոստոսին 50 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ սկսեց դրվագներով աչքի ընկնել, ունեցավ տպավորիչ նորամուտ՝ գրավելով «Լիվերպուլի» դարպասը, բայց հետագայում Մարսիալն առանցքային դեր չունեցավ թիմում: 2019/20-ին նա որոշակի խաղային առաջընթաց ունեցավ՝ լավ համագործակցելով Ռեշֆորդի հետ, բայց դրանից հետո էլ Մարսիալի խաղը խամրեց, ու հիմա նա ամբողջովին կորցրել է տեղը հիմնական կազմում, Ֆրանսիայի հավաքականից էլ նա հաճախ չէ, որ հրավեր է ստանում:

Anthony Martial Wins 2015 Golden Boy Award: Latest Details and Reaction | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Կարիերան տապալած Golden Boy-երը

Անդերսոն

Անդերսոնը խոստանում էր լինել աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը: Նրան շատ արագ նկատեցին «Գրեմիուում» ելույթներից և հրավիրեցին «Պորտու»: Այնտեղ էլ հրաշալի խաղ ցույց տալու շնորհիվ բրազիլացին գրավեց Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Սկիզբը հրաշալի էր. նա իր առաջին մրցաշրջանում ծանր մրցակցության պայմաններում կայուն խաղաժամանակ է ունենում, 2008-ին էլ ստանում Golden Boy մրցանակը: Բայց տարեցտարի Անդերսոնը դառնում է ՄՅՈւ-ի թույլ օղակը. նրան խանգարում են վնասվածքները, ինչպես նաև՝ ոչ պրոֆեսիոնալիզմը: 2015-ին նա հեռանում է ակումբից՝ այնտեղ, մեծ հաշվով, ոչ մի հետք չթողնելով:

Manchester United news: How Anderson went from Sir Alex Ferguson's €30m Golden Boy to early retirement | Goal.com

Ալեշանդրե Պատո

2009-ին բոլորի շուրթերին Պատու անունն էր. «Պատոն է գնդակով, բրազիլացի այս հրաշամանուկը, որ դառնալու է նոր Ռոնալդոն, ուշադիր հետևեք այս տղային, նա ֆուտբոլի ապագան է», – ասում էր Սուրեն Բաղդասարյանը Պատոյի՝ «Միլանում» նորամուտի խաղին: Հենց այդ տարի էլ նա նվաճեց Golden Boy մրցանակը: Իսկապես, նա փայլուն տվյալներ ուներ թոփ հարձակվող դառնալու համար. արագ էր, տեխնիկապես զարգացած: Պատոն «Միլանի» հետ դարձավ Ա սերիայի հաղթող, խփեց 16 գոլ, բայց դա վերջին հաջողությունն էր, որ նա գրանցեց իր կարիերայում: 2013-ին՝ Golden Boy-ի մրցանակը ստանալուց 4 տարի անց Պատոն արդեն վերադարձավ հայրենիք՝ Բրազիլիա: Հետագայում նա անիմաստ ուղևորություն ունեցավ «Չելսի», հետո՝ «Վիլյառեալ», բայց հիմա նրանք շատ քչերն են հիշում: Հավաքականում էլ Պատոն ոչինչ չարեց:

PHOTO: Former Milan Striker Alexandre Pato Stuns Twitter With New Hairdo and Fans Aren't Happy | 90min

Մարիո Բալոտելի

Մեկ տարի անց՝ 2010-ին էլ եվրոպական ֆուտբոլի հայտնություններից մեկը Մարիո Բալոտելին էր: Նա «Ինտերի» կազմում, թեև լինելով պահեստային, նվաճել էր տրեբլը, փոխարինման դուրս գալուց էլ անհավանական գոլեր էր խփել: Բալոտելին իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր, դրանում վստահ էին գրեթե բոլոր մասնագետները: Ֆիզիկապես նրան գրեթե անհնար էր հաղթել, նա ուներ անկրկնելի հարվածներ ու գնդակի հետ վարվելու յուրահատուկ վարպետություն: Բայց երբ պրոֆեսիոնալ ու աշխատասեր չես, երբ քո կյանքում առաջնայինը ֆուտբոլը չէ, երբ դեռ ոչնչի չհասած քեզ պահում ես Զլատանի նման, այդ տաղանդը ոչինչ չի նշանակում. սկզբում մի քանի գրանդում շանս կստանաս, իսկ հետո կհայտնվես Բ սերիայում կամ Թուրքիայի առաջնությունում:

Remembering when a firework set Mario Balotelli's house on fire | Football News | Sky Sports

Մարիո Գյոտցե

Վստահաբար ասել, որ Գյոտցեի կարիերան տապալված է՝ գուցե սխալ լինի: Ի վերջո, խոսում ենք աշխարհի առաջնության եզրափակիչում վճռորոշ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստի մասին: Այլ հարց է, որ Գյոտցեն շատ ավելի մեծ նվաճումների պետք է հասներ, քան դա էր: Գերմանական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն այդ ժամանակ փայլում էր «Բորուսիայում»: 2013-ին նա տեղափոխվեց «Բավարիա». թվում էր՝ արդեն պարզ է, թե ով է լինելու մյունխենցիների առաջատարն առաջիկա տարիներին: Բայց Գյոտցեի լավ խաղը մնաց հիշողություն: 2016-ին նա ի վերջո վերադարձավ «Բորուսիա», բայց նույնիսկ այնտեղ իր տեղը չգտավ: Ասում են՝ Գյոտցեի կարիերայի լճացման գլխավոր պատճառը նրա՝ ստամոքսային հիվանդությունն էր: 2020-ին Սուպեր Մարիան տեղափոխվեց ՊՍՎ, որտեղ որոշ չափով գտել է իր երջանկությունը:

Золотой» Гетце - Eurosport

Ռենատու Սանշեշ

2016-ին Պորտուգալիայում նոր ծագող աստղ հայտնվեց: «Բենֆիկայում» Ռենատու Սանշեշն արդեն շատերի ուշադրությունը գրավել էր, բայց նրա մասին բոլորն իմացան ԵՎՐՈ 2016-ի ժամանակ, երբ պորտուգալացիները դարձան Եվրոպայի չեմպիոն, Սանշեշն էլ աչքի ընկավ տպավորիչ խաղով: Այդ ամռանը «Բավարիան» 35 մլն եվրո վճարեց նրա համար: Բայց այդքանով Սանշեշի լավ օրերն ավարտվեցին: Առաջին 2 մրցաշրջանը տապալելուց հետո նա վարձավճարով տեղափոխվեց «Սուոնսի»: «Բավարիա» վերադառնալուց հետո թիմում հաստատվել կրկին չստացվեց ու նա տեղափոխվեց արդեն «Լիլ», որտեղ կամաց-կամաց գտավ իր տեղը մեկնարկային կազմում: Ռենատուն դեռ 24 տարեկան է և կարիերայում աճ գրանցելու հնարավորություն ունի:

Վերջին Golden Boy-երը

Վերջին 4 Golden Boy-երի հարցում Tuttosport-ը, կարծես, չի սխալվել: Իհարկե՝ Մատեյս դե Լիխտը դեռ այն ֆուտբոլիստը չէ «Յուվենտուսում», ինչ «Այաքսում» էր, նույնը կարելի է ասել Ժոաու Ֆելիշի մասին, բայց նրանց առաջադիմությունն ընթանում է նորմալ հունով: Դե իսկ Կիլիան Մբապեի ու Էրլինգ Հալանդի խաղը մեկնաբանելու կարիք չկա: Նրանք ոչ թե ապագա, այլ ներկա աստղեր են ու աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներն այս պահին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա