Logo

Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 29.01.2018Համերգ
180128230902 17 grammy show 2018 super 169 Copy - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

Այս գիշեր տեղի է ունեցել Գրեմմի 60-րդ մրցանակաբաշխությունը, որը հերթական անգամ մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի ամենահայտնի աստղերին՝ Բեյոնսե, Քենդրիք Լամար, Բրունո Մարս, Լուիս Ֆոնսի,  Լեդի Գագա, Էլթոն Ջոն և ուրիշներ: Այս տարվա մրցանակաբաշխության հաղթողների, հայլայթների, սկանդալների ու հիշարժան կատարումների մասին համառոտ կարող եք կարդալ հենց մեզ մոտ:

Սկսենք նրանից, որ այս տարի ամենագլխավոր 4 մրցանակաները բաժանվեցին հետևյալ կերպ. «Լավագույն հիթ»՝ Բրունո Մարս “24K Magic”, «Լավագույն ձայնասկավառակ»՝ Բրունո Մարս “24K Magic”,  «Լավագույն երգ»՝ կրկին Բրունո Մարս, այս անգամ “That’s What I Like” երգով, և «Լավագույն սկսնակ երաժիշտ»՝ Ալիսիա Քարա:

Բրունո Մարսը դարձավ այս տարվա ամենաշատ Գրեմմի մրցանակ ստացած աստղը, քանի որ 3 գլխավոր անվանակարգերում հաղթելուց բացի, նա արժանացավ նաև «R&B ոճի լավագույն կատարում» (“That’s What I Like”), «R&B ոճի լավագույն երգ» (“That’s What I Like”) և «R&B ոճի լավագույն ալբոմ» (“24K Magic”) մրցանակներին:

2018թ.-ի Գրեմմի մրցանակաբաշխության մենաշատ անվանակարգերում նոմինացված աստղն էր Ջեյ Զին, որի անունը սակայն այդպես էլ չհնչեց որպես որևէ անվանակարգում հաղթող: Դրա փոխարեն Քենդրիք Լամարը վաստակեց «Լավագույն ռեփ կատարում» (“Humble”), «Լավագույն ռեփ ևայլ ոճի կատարում» (“Loyalty”), «Լավագույն ռեփ ոճի երգ» (“Humble”), «Լավագույն ռեփ ձայնասկավառակ» (“Damn”) մրցանակները:

Ոչ մի մրցանակ չստացավ նաև Ջասթին Բիբերի, Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանքիի հաջողված համագործակցություն համարվող հայտնի “Despacito” երգը:

Իսկ փոփ անվանակարգում ամենաշատ մրցանակները ստացավ Էդ Շիրանը, որը մրցանակաբաշխությանը ներկա չէր. Shape Of You” հայտնի երգը հաղթեց «Լավագույն փոփ ոճի սոլո կատարում» անվանակարգում, իսկ երաժշտի վերջին ալբոմը՝ “Divide”-ը, ստացավ «Լավագույն փոփ ալբոմ» մրցանակը:

Ռոք անվանակարգում «Լավագույն երգ» ճանաչվեց Foo Fighters-ի “Run”-ըիսկ «Լավագույն ալբոմ» դարձավ The War on Drugs-ի “A Deeper Understanding”-ը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ հայազգի Տիգրան Մանսուրյանի “Requiem”-ը առաջադրված էր «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային ներկայացում» անվանակարգերում, սակայն երկու անվանակարգերում էլ այս կատարումը չհաղթեց:

60-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունը վարում էր հումորիստ Ջեյմս Քորդենը, որը ոչ մի առիթ բաց չէր թողնում ԱՄՆ-ի ներկայիս նախագահին վատաբանելու համար: Նա հեգնանքով նշեց, որ գիտի, թե նախագահն ինչքան է սիրում մրցանակներ ստանալ, ու հնարավոր է մյուս տարի նրան վատաբանող գիրքը, որ միայն վերջերս է թողարկվել, ստանա «Լավագույն աուդիոգիրք» մրցանակը: Ցուցադրվեց մի հոլովակ, որտեղ նա փնտրում էր մեկին, որը կկարդար այդ գիրքը աուդիո տարբերակով ձայնագրելու համար: Հնարավոր տարբերակներ էին հայազգի Շերը, Ջոն Լեջընդը, Սնուփ Դոգը, Քարդի Բին, DJ Քելիդը և, ԻՀԱՐԿԵ, Հիլարի Քլինթոնը: Սա ևս մեկ առիթ էր ամերիկյան շոուբիզնեսի համար արտահայտելու իրենց բողոքը՝ ուղղված Թրամփին:

Քենդրիք Լամարը նույնպես թռուցիկ կերպով շոշափեց նախագահական թեմաները. «Լավագույն ռեփ ձայնասկավառակ» մրցանակն ընդունելու ժամանակ նա նշեց, որ շնորհակալ է այն բոլոր ռեփերներից, որոնք մոտիվացրել են իրեն: «Նրանցից մեկն է Ջեյ Զին: Ջեյը պետք է առաջադրվի որպես նախագահ,» ասաց նա իր ելույթի ժամանակ:

Մայլի Սայրուսը նույնպես հաջող երեկո ունեցավ, քանի որ հնարավորություն ստացավ դուետ կատարմամբ հանդես գալ Էլթոն Ջոնի հետ: Նրանք կատարում էին Էլթոն Ջոնի հայտնի “Tiny Dancer” երգը:

Մյուս հիշարժան ելույթներից էին Լեդի Գագայի՝ “Joanne” և “Million Reasons” երգերի կատարումը, Լուիս Ֆոնսիի “Despacito”-ն, Քենդրիք Լամարինը, Սեմ Սմիթինը և Քեշայինը: Վերջինիս բեմի վրա միացան Կամիլա Կաբելոն, Ջուլիա Մայքլզը, Բեբե Ռեքսան և ուրիշներ: Միասին նրանք կատարեցին Քեշայի “Praying” երգը, որը նրա հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների մասին է:

Ամենավերջում շեշտենք նաև, որ Գրեմմի 2018թ.-ին եկած գրեթե բոլոր աստղերը կրում էին սպիտակ վարդեր՝ որպես աջակցություն “Time’s Up” շարժմանը: Վերջինս հորդորում է մարդկանց բարձրաձայնել ու խոսել իրենց հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների մասին:

Մելանի Սարգսյան 

4452 - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128194237 02 grammy show 2018 super 169 - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128200345 04 grammy show 2018 super 169 - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128204234 08 grammy show 2018 super 169 - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128215020 12 grammy show 2018 super 169 - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128221430 14 grammy show 2018 super 169 Copy - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128224935 15 grammy show 2018 super 169 - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

180128230902 17 grammy show 2018 super 169 Copy - Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

  • 8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա