Logo

Գրանցված ինքնագոլերի հետևանքն ու գործող գավաթակրի լիազորությունների ավարտը. 10 փաստ՝ գավաթային պատասխան հանդիպումներից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.04.2017Հայկական ֆուտբոլ
18193133 1953222234896739 599174143585019039 o - Գրանցված ինքնագոլերի հետևանքն ու գործող գավաթակրի լիազորությունների ավարտը. 10 փաստ՝ գավաթային պատասխան հանդիպումներից

Ինչպես հայտնի է, ավարտվել է Հայաստանի գավաթի 2016/17թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլը: Կայացած պատասխան հանդիպումներից հետո պայքարից դուրս են մնացել «Բանանցը» և «Գանձասար-Կապանը», իսկ գավաթակրի կոչումը մայիսի 10-ին կվիճարկեն «Շիրակը» և «Փյունիկը»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 փաստ, որոնք առանձնացել են գավաթային պատասխան մրցավեճերից:

1. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան երկու հանդիպումներից մեկն ավարտվեց ոչ-ոքի, մյուսում հաղթեցին հյուրերը: Առաջին հանդիպումներում պարտված թիմերին այդպես էլ չհաջողվեց ռևանշի հասնել: Գավաթի մրցաշարում առայժմ ավելի հաջող են հանդես եկել հյուրերը, որոնք կայացած 9 հանդիպումներից շահել են 5-ը, պարտվել են 2-ում, նույնքան խաղ էլ ավարտել են ոչ-ոքի: Գրանցված 15 գոլերից 9-ի հեղինակը հյուրընկալվելիս հանդես եկած ֆուտբոլիստներն են:

2. Հայաստանի 8-ակի գավաթակիր «Փյունիկը» 19-րդ անգամ հանդես գալով պատվավոր մրցանակի խաղարկության կիսաեզրափակչում, 12-րդ անգամ հաղթահարեց այդ փուլի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճեց: Վերջին անգամ փյունիկցիները գավաթի եզրափակչում հանդես են եկել 2015թ.: Այդ տարի «Փյունիկը» Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ գավաթի վճռորոշ խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց «Միկային»:

3. «Բանանցի» հետ անցկացրած գավաթային 12 հանդիպումներում «Փյունիկը» 7-րդ հաղթանակը տոնեց: Մրցակիցների միջև կայացած գավաթային վերջին 4 հանդիպումներն էլ շահել է «Փյունիկը»: «Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունում միակն է, որ հաղթել է անցկացրած 4 հանդիպումներում էլ:

4. «Բանանցը» վայր դրեց գավաթակրի լիազորությունները: Թիմը 16-րդ անգամ հանդես եկավ գավաթի կիսաեզրափակչում և 8-րդ անգամ չկարողացավ հաղթահարել այդ փուլի արգելքը: Վերջին անգամ «Բանանցը» կիսաեզրափակչում անհաջողության էր մատնվել 2015թ.՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Միկային» (2:1, 1:3): Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Բանանցը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

18156513_1302951829757840_7489210128215483516_o

5. Գավաթի մրցաշարերում «Փյունիկի» և «Բանանցի» ճանապարհները 8-րդ անգամ հատվեցին: «Բանանցին» հաջողությունն ուղեկցել է ընդամենը 2 անգամ՝ 1992թ. եզրափակչում (2:0) և 2003թ. կիսաեզրափակչում (1:1, 2:1): Պատվավոր մրցանակի խաղարկության կիսաեզրափակչում «Փյունիկն» ու «Բանանցը» 3-րդ անգամ մրցեցին: «Փյունիկն» այդ փուլում երկրորդ անգամ հաղթահարեց «Բանանցի» դիմադրությունն ու եզրափակչի ուղեգիր նվաճեց: Առաջին անգամ դա փյունիկցիներին հաջողվել էր 2006թ. ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի (1:0, 1:2):

6. «Շիրակը» 13-րդ անգամ հանդես գալով պատվավոր մրցանակի խաղարկության կիսաեզրափակչում, 7-րդ անգամ հաղթահարեց այդ փուլի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճեց: Վերջին անգամ շիրակցիները գավաթի եզրափակչում հանդես են եկել 2013թ.՝ 0:1 հաշվով զիջելով «Փյունիկին»: Առայժմ գյումրեցիներին միայն մեկ անգամ է հաջողվել նվաճել ՀՀ գավաթը: 2012թ. «Շիրակը» գավաթի վճռորոշ խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Իմպուլսին»: Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակը» 3-րդ անգամ կվիճարկի Հայաստանի գավաթը:

7. Գավաթի մրցաշարերում «Շիրակն» ու «Գանձասար Կապանը» երկրորդ անգամ էին զույգեր կազմել: Այս անգամ էլ գավաթային դիմակայությունում հաջողությունն ուղեկցեց գյումրեցիներին: 2005թ. կայացած մրցավեճում շիրակցիները մրցակցի նկատմամբ առավելության էին հասել 1/8 եզրափակչում (2:2, 2:0):

8. Եզրափակչի ուղեգիր նվաճելու «Գանձասար Կապանի» 4-րդ փորձն անհաջողության մատնվեց: Առայժմ միայն մեկ անգամ է գանձասարցիներին հաջողվել վիճարկել գավաթը: 2014թ. կապանցիները գավաթի վճռորոշ խաղում 1:2 հաշվով պարտվել էին «Փյունիկին»:

9. Արամ Շահնազարյանը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարում՝ գրավելով իր նախկին թիմի՝ «Բանանցի» դարպասը: Իսկ «Բանանցի» կազմում գավաթի մրցաշարում նորամուտը նշած Մարտին Գրիգորյանն ընդգրկվեց գավաթի խաղարկություններում թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Խաղի օրը նա 16 տարեկան 212 օրական էր:

10. Գավաթի ընթացիկ խաղարկությունում գրանցվեց երկրորդ ինքնագոլը, որի հեղինակը գանձասարցի Վասպուրակ Մինասյանն է: Մինչ այդ գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական դարպասը գրավել էր «Բանանցի» ֆուտբոլիստ Արամ Բարեղամյանը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա