Logo

Գրողը դիպուկահար է, ընթերցողը՝ թիրախ․ Հուսիկ Արա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:12 / 13.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Գրողը տվողն է, ընթերցողը՝ վերցնողը: Եթե պիտանի բան տաս, օդից կխլի՝ անգամ վերջին շապիկը տալով: Վաճառողից է կախված ապրանքանիշի գնողունակ լինելը: Գրողը դիպուկահար է, ընթերցողը՝ թիրախ, ուղղակի դիպուկ կրակիր: Բայց չպետք է լինի պարզապես փամփուշտ, այլ սիրո նետ՝ ուղղված սրտին: VNews-ը բանաստեղծ Հուսիկ Արայի հետ զրուցել է ժամանակակից պոեզիայի, բանաստեղծի մտորումների և հասարակության ընկալումների մասին։

-Ո՞րն է ժամանակակից պոեզիայում ժամանակակիցը։ 

- Հենց ժամանակը՝ իր ամբողջ շնչառությամբ, ներկան՝ անցյալով և ապագայով, կատարվածը, կատարվողը և կատարվելիքը: Նման շնչառության համար համապատասխան թոքեր են հարկավոր․ ով ունի, ովքեր էլ չունեն: Բայց կա չորրորդ ժամանակային ձև՝ ՍԵՐԸ, համասփյուռը, անեզրի եզրը, տիեզերքի ժամանակը, ՏԵՍԻԼՔԸ: 


Այդպիսին են հին հույները, անցյալի քաղաքակրթությունը, անթեղված միտքը, որին նորից կհասնի՞ այս մարդկությունը: Այդպիսին են Դանթեն, Շեքսպիրը, Նարեկացին, Քուչակը, Թումանյանն ու Չարենցը, Տերյանի բառը, որ լույս է: Էլի կան, գուցե, շատերը: Իսկ մենք՝ սովորական մահկանացուներս, այդ նմանության բուրմունքն ենք շնչում: Առայժմ այդքանով ենք ժամանակակից: 

-Ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել ժամանակակից պոետի համար։ Ո՞վ կարող է լինել Ձեր հերոսը։ 

- Դարձյալ հարցին փրկող պատասխան ընտրենք՝ ժամանակը: Ոգեշնչում է՝ ապրեցնելով և սպանում է՝ դարձյալ ոգեշնչելով: Կյանքը կյանքի մեջ և կյանքը մահվան մեջ համարժեք չեն, բայց համազոր են: Ոգեշնչում են ժամանակը, կյանքն ու մահը:

Հերոսը սերն է, լույսը, խիղճը, որովհետև այլ բան չի կարող իր մեջ տեղավորել ժամանակն ամբողջությամբ: Եվ դրան մենք ասում ենք՝ Աստված, տալիս ենք և վերցնում, սերն Աստված է, Աստված սեր է: 

 

Սե՛րն է, որ կար, որ հետո մոտեցավ մարդկային կերպ առած՝ միս ու արյուն, շոշափելի․ քո սիրեցյալը հեռանում է, բայց սերը մնում է, որովհետև ինքը կար նրանից առաջ և լինելու է նրանից հետո, դու պարզապես հասկացար, որ նրա տեսքն ունի, քանի որ ուզեցիր շոշափել: Սերն է տեսիլքը, անեզրի եզրը: 
Սերը, որ չի բացատրվում, որովհետև այդքան բացատրություն չես կարող գտնել։ Այն անեզրն է, և մեզ փրկելու, տակից դուրս գալու համար ասում ենք՝ Աստված, բայց չենք կարղանում դնել ցանկալի վերջակետը, որովհետև այդտեղ վերջակետ չի դրվում: 

-Այս խառը ժամանակներում շատ բան կա գրելո՞ւ, թե՞ խորհելու։

- Ցանկացած ժամանակ նախ՝ խորհելու, հետո գրելու համար է: Անկախ իր կերպից, լինել-չլինելուց, այսինքն՝ լինելու մեջ չլինելու պես, որ սիրում ենք ասել՝ եղածը չեղածի պես է: Այդ չեղածը, չլինելը նույնպես եղածի, լինելու պես է: Գրվել են աշխարհի բոլոր պատերազմները, արհավիրքները, համաճարակները, մութ ու անձուկ, դառն ու լեղի, սրտխառնոց առաջացնող, նույնիսկ փսխունք ժամանակները: Եթե չի գրում, ուրեմն չի էլ խորհում, չգրելը խորհելով արդարացնելը վախկոտություն է, փախուստ է ու դասալքություն, մեղանչում խղճի առաջ՝ չտալ այն, ինչը տալու համար ես: Խորհած չգրածով քեզ հետ ես տանում, ինքդ քեզ ես սիրում, իսկ խորհած գրածը թողնում ես քեզնից հետո՝ սեր մերձավորի նկատմամբ:  

Ազատության հրապարակ (Հուսիկ Արա).jpg

-Ժամանակի թելադրանքն ինչպե՞ս է արտահայտվում ստեղծագործություններում։ 

- Ժամանակը պահանջատեր է. որպեսզի ստանա իր ուզածը, ստիպված է թելադրել: Մենք կատարողն ենք, աշակերտ՝ ըստ իր ունակությունների: Մենք անոթ ենք, որը վերցնում, ֆիլտրում և վերադարձնում է: Սա է ընդամենը՝ որքանով ես բաց և մաքուր:

-Ընթերցողի վերաբերմունքն ինչպիսի՞ն է մատուցածն ընկալելու առումով․ հաջողվո՞ւմ է տեղ հասցնել ցանկալին։ 

- Գրողը տվողն է, ընթերցողը՝ վերցնողը: Եթե պիտանի բան տաս, օդից կխլի՝ անգամ վերջին շապիկը տալով: Վաճառողից է կախված ապրանքանիշի գնողունակ լինելը․ գնորդին պիտանի՞ է, թե՞ ոչ, շուկայում տեղ ունի՞, երևո՞ւմ է: Արժեքը ստվերում էլ է երևում, և դրա կրողը մոտենում ու վերցնում է, հարցուպատասխան չկա, պարզապես նույնանում են:

Պատերազմի մասին գրում ես՝ կրակոցից մեռնում են, պատերազմի մասին գրում ես՝ խաղաղություն են ապրում: Սեր ես գրում՝ դադարում են սիրել, սեր ես գրում՝ դառնում են սեր: Գրել մահվան մասին, որ ապրեն, և ոչ մի տեղ կյանք ու ապրել բառերը չօգտագործես. մահվան մեջ կյանքի մասին:

Нет описания фото.

Գրողը փնտրում է ընթերցողին, բայց ընթերցողն է գտնում գրողին: Շատ պարզ է ու բացահայտված գաղտնիքը, երկխոսելու անմիջականություն ունենաս, միլիարդ անգամ ծամված արտահայտությունն ասես՝ ես սիրում եմ քեզ, բայց այնպես, որ առաջին անգամ հնչի աշխարհում, թվա, թե երբեք չի լսել, և անպայման կլսես ոչ թե մերժում, այլ փոխադարձը, իսկ ես վաղուց եմ սիրում քեզ: Գրողը դիպուկահար է, ընթերցողը՝ թիրախ, ուղղակի դիպուկ կրակիր: Բայց չպետք է լինի պարզապես փամփուշտ, այլ սիրո նետ՝ ուղղված սրտին: 

-Ի՞նչ եք մտածում մեր ժամանակների մասին։

- Սովորական ժամանակ է՝ իր անսովորությամբ, ինչպես բոլոր ժամանակները: Մենք ուղղակիորեն այս ժամանակի մեջ ենք և սուր ենք ընկալում: Պարզապես պետք է ապրես քո ժամանակը՝ ճիշտ, ազնիվ և մաքուր, որ հետո չափսոսաս, մսխած չհամարես: 

 

-Ինչի՞ց եք տխրում։

- Արդեն չեմ տխրում: Մեր կյանքում շատ ժամանակ ենք վատնել դրա վրա: Ավելի ստույգ՝ տխրում եմ, որ այս ժամանակի մեջ եմ ապրում, բայց սա՛ է իմ ժամանակը և իմ կյանքը, այլ մեկը չէր կարող լինել և պետք էլ չէր, որ լիներ, ես սրա՛ համար եմ: Բայց ինչքան սիրելու և ուրախանալու բաներ կան: Չեմ ուզում ուրիշը, որովհետև ուրիշ տեղ չեմ գտնի այն, ինչ գտել եմ:

Ուրիշ ժամանակի մեջ չէր լինի նա, ում սիրում եմ: Ուզում եմ այն ուժը, որ տխրությունից վեր կանգնեմ, փիլիսոփայի պես նայեմ կամ տխրությունն ապրեմ իմաստալից: Ամենահաճելին, սակայն, բանաստեղծորեն ապրելն է: 

-Ի՞նչ եք ուզում փոխել կյանքում և ինչպե՞ս։

- Երբ պատանի էի, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե աշխարհը չեմ կարող փոխել: Հիմա ոչ ոք չի կարող համոզել ինձ, որ աշխարհում ինչ-որ բան կփոխեմ: Ապրում եմ այնպես, ինչպես շատերն են ապրել և գնացել, որոնք ոչ թե կյանքն են փոխել, այլ կյանքն է փոխել իրենց, իսկ մենք միամտորեն ասում ենք, թե կյանքը փոխեցին:

Տիեզերքում ամեն բան համակարգված է և կատարվում է ճշգրիտ կերպով: Բայց պետք է աղմկենք, ընդվզենք, առանց դրա չենք հասկանա, որ անիմաստ էր: Ահավասիկ, մեկը եկել և ասում է՝ ես քո պատմությունն եմ ջնջում․ չի՛ կարող...
 

Բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Հուսիկ Արան (իրական անուն-ազգանունը՝ Ֆելիքս Եղիազարյան), ծնվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում՝ 1967 թվի հունիսի 24-ին, սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Նրա ժողովածուները լայն հետաքրքրություն են գտնում երիտասարդների շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա