Logo

Գվարդիոլայի ամենակոպիտ սխա՞լը. ինչի շնորհիվ է Նագելսմանն առավելագույնը քաղում Սանեից

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:28 / 28.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Ես միշտ ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ եթե ֆուտբոլիստը խնդրում է քեզ վաճառել իրեն, քանի որ իրեն երջանիկ չի զգում թիմում, ապա պետք է բացես դռները նրա առաջ»,- հայտարարեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Ֆերան Տորեսի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո: Նմանատիպ իրավիճակ եղավ նաև 2020-ի ամռանը, երբ Լերոյ Սանեն մերժեց «Սիթիի»՝ պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները:

«Կցանկանայի, որ նա մնար, բայց Լերոյը որոշել է հեռանալ: Ոչինչ անել չեմ կարող նրա որոշման դեմ: Ակումբը 3-4 անգամ նրան առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, բայց բոլոր առաջարկները մերժվել են: Եթե ուզում է, կարող է հեռանալ, բայց մենք տխուր ենք»,- վստահեցրեց Գվարդիոլան:

Սանեն, ի վերջո, տեղափոխվեց «Բավարիա» 60 մլն եվրոյի դիմաց (նրա համար մյունխենցիները վճարեցին 45+15 մլն) ու դարձավ Պեպի մարզչական կարիերայի ամենաթանկարժեք վաճառքը:

Գվարդիոլայի ամենաթանկարժեք վաճառքները

  1. Լերոյ Սանե, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Բավարիա», 60 մլն
  2. Ֆերան Տորես, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Բարսելոնա», 55 մլն
  3. Դանիլո, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Յուվենտուս», 37 մլն
  4. Յայա Տուրե, «Բարսելոնայից»՝ «Մանչեսթեր Սիթի», 30 մլն
  5. Կելեչի Իհենաչո, «Մանչեսթեր Սիթիից»՝ «Լեսթեր», 27 մլն
  6. Տոնի Կրոս, «Բավարիայից»՝ «Ռեալ», 25 մլն
  7. Ռոնալդինյո, «Բարսելոնայից»՝ «Միլան», 24 մլն
  8. Զլատան Իբրահիմովիչ, «Բարսելոնայից»՝ «Միլան», 24 մլն

ՍԱՆԵԻ ԿԱՐԻԵՐԱՆ «ՍԻԹԻՈՒՄ» ԱՆԿԱՅՈՒՆ ԷՐ

Սանեն 2014-15 թվականներին գերմանական ֆուտբոլի ծագող աստղերից էր: Նա «Շալկեի» ֆուտբոլիստ էր ու 2016-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղ երբեմն փայլում էր, բայց, ընդհանուր առմամբ, «Սիթիում» Սանեի կարիերան անկայուն էր:

Անցկացրած 135 խաղում խփել է 39 գոլ ու կատարել 46 գոլային փոխանցում: Սկիզբը Սանեի համար լավ ստացվեց, ու գերմանացին 2017/18 մրցաշրջանում նույնիսկ ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Բայց նա այդպես էլ չէր կարողանում հաստատվել Գվարդիոլայի թիմի մեկնարկային կազմում, ինչի արդյունքում, ի վերջո, Յոահիմ Լյովը դուրս թողեց նրան Մունդիալ 2018-ի հայտացուցակից: «Հիասթափված եմ, որ չեմ մասնակցելու աշխարհի առաջնությանը, բայց պետք է ընդունեմ իրականությունը»,- հայտարարեց Սանեն:

Sane in good hands with Guardiola - Low

Մունդիալի ավարտից հետո նա վերադարձավ Գերմանիայի հավաքական, բայց վիճաբանություն ունեցավ Յոահիմ Լյովի հետ ու հեռացավ «Մանշաֆթի» ճամբարից: Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան էլ հայտարարության մեջ որպես պատճառ նշեց Սանեի անձնական խնդիրները Լյովի հետ:

Սանեի կարիերայում ճգնաժամն ավելի խորացավ, երբ ֆուտբոլիստը 2019-ին վնասեց ծնկի խաչաձև կապաններն ու շատ երկար ժամանակով դուրս մնաց շարքից: 

ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆ ՈՒՂԵԿՑՎԵՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«Բավարիա» տեղափոխվելով՝ Սանեն միանգամից հանգստություն չգտավ, ու Մյունխենում առաջին մրցաշրջանն ամենևին էլ հեշտ չստացվեց: Նա 44 խաղ անցկացրեց, խփեց 10 գոլ ու կատարեց 12 գոլային փոխանցում: Կասեք, որ վատ թվեր չեն, բայց երկրպագուները Սանեից ավելին էին պահանջում, Հանսի Ֆլիկի վստահությունն էլ մեծ չէր նրա հանդեպ. ընդամենը 26 խաղում Սանեն հայտնվեց թիմի մեկնարկային կազմում: «Մեր կազմում ունենք 4 թոփ եզրային հարձակվող, սակայն այս պահին միայն Կինգսլի Կոմանն է իր լավագույն որակները դրսևորում խաղադաշտում»,- հայտարարեց Ֆլիկը:

Մի շարք մասնագետներ ու գերմանացի նախկին ֆուտբոլիստներ, որոնք սիրում են հաճախ արտահայտել իրենց կարծիքը «Բավարիայի» ֆուտբոլիստների վերաբերյալ, քննադատում էին Սանեին ու նրա խաղը: «Սանեն երկար ժամանակ էր բաց թողել վնասվածքի պատճառով, ու հիմա նա շատ դանդաղ է ընտելանում «Բավարիայի» խաղային համակարգին և բարձր պրեսինգին: Նա նաև թույլ է պաշտպանվում ու մեծ աշխատանք պետք է կատարի նաև այդ առումով: Գուցե Գվարդիոլան հենց դրա համար էլ բաց է թողել Սանեին, քանի որ ֆուտբոլիստը չի աշխատում այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում»,- հայտարարեց Լոթար Մատեուսը: 

Flick prepared to be patient as Sane settles in at Bayern Munich

«Մենք ամեն ինչ արեցինք, որ բերենք Սանեին: Այժմ ջանքեր գործադրելու հերթն իրենն է: Նա պետք է արդարացնի իր տրանսֆերը, բայց դեռևս չենք տեսնում «Բավարիայի» ԴՆԹ-ն նրա խաղում: Լերոյն ամեն ինչ պետք է անի, որ իր տաղանդը պտուղներ տա: Պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի, բայց ունենք հստակ պահանջներ, և դա բոլորը պետք է հասկանան»,- հայտարարեց այդ ժամանակ ակումբի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն:

2020/21-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայում հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց ՊՍԺ-ին: Այդ պարտության քավության նոխազը դարձավ հենց Լերոյ Սանեն: «Ես արդեն իսկապես հոգնել եմ՝ սպասելով Սանեին: Նա 25 տարեկան է, բայց դեռ խոստումնալից ֆուտբոլիստ է համարվում: Քանի՞ անգամ է նա անցումներ անում, որտե՞ղ: Նա չունի այն որակները, որ կարողանա խաղեր հաղթել, ինչպես ժամանակին անում էին Ռոբենն ու Ռիբերին»,- Փարիզում կայացած խաղից հետո հայտարարեց «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մեհմեդ Շոլը:

Սանեն անմասն չմնաց քննադատություններից նաև մրցաշրջանի ավարտից հետո: ԵՎՐՈ 2020-ին էլ «գրոհեց» Միխայել Բալակը. «Սանեն մեծ ֆուտբոլիստ է, բայց շատ հազվադեպ է ցույց տալիս իր որակները: Կարծում եմ՝ նա շատ հնարավորություններ է ստացել, բայց դրանք, ցավոք, չի օգտագործել»:

EURO 2020: Leroy Sané at the DFB – important only in the second attempt –  German team – EURO 2020 – football - newsylist.com

Միակ մարդը, որ պաշտպանեց Սանեին, Օլիվեր Կանն էր. «Նոր ֆուտբոլիստներին ժամանակ է անհրաժեշտ հարմարվելու համար: Հիշում եմ՝ 2007-ին նոր էին եկել Ռիբերին ու Լուկա Տոնին: Ես նրանց ասացի, որ հիմա իրենք ոչ թե «Ֆիորենտինայում» կամ «Մարսելում» են, այլ «Բավարիայում»: Սանեն փայլուն ֆուտբոլիստ է, նրանից սպասելիքները շատ մեծ են: Նա անում է բաներ, որ քչերը կարող են անել»:

ԵԿԱՎ ՆԱԳԵԼՍՄԱՆԸ, ՈՒ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑԻՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ամռանը «Բավարիան» գլխավորեց Յուլիան Նագելսմանը, և դա շատ բան փոխեց Լերոյ Սանեի կյանքում, որը երիտասարդ մասնագետի գլխավորությամբ վերջապես ցույց է տալիս իր լավագույն խաղը: 

Մրցաշրջանի միջին հատվածում ենք, բայց «Սիթիի» ու «Շալկեի» նախկին ֆուտբոլիստն արդեն հասցրել է գերազանցել նախորդ մրցաշրջանի իր ցուցանիշները: Անցկացրած 28 խաղում, որոնցից 23-ը՝ մեկնարկային կազմում, Սանեն խփել է 12 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: 

Առաջին հանգամանքը, որ դեր է խաղացել Սանեի խաղային վերելքի ու վերածննդի հարցում, Նագելսմանից ստացած վստահությունն է: Հոգեբանական գործոնը մեծ նշանակություն է ունեցել նրա համար. «Հենց սկզբից նկատեցի, որ Նագելսմանն ինձ աջակցում է ամեն ինչում, ու դա ինձ համար բավական էր: Յուլիանը հասկացավ՝ որոնք են իմ ուժեղ կողմերը, նա բացատրեց ինձ, ու ես էլ փորձում եմ օգտագործել դրանք: Ես ժամանակի կարիք ունեի: Նախորդ մրցաշրջանում լավ չէի զգում, բայց հիմա իմ լավագույն մարզավիճակում եմ»:

Bayern Munich's Leroy Sane explains how Julian Nagelsmann helped him  rediscover top form - Bavarian Football Works

Նագելսմանն էլ նշում է, որ խաղային առաջընթացի միակ «մեղավորը» հենց Սանեն է. «Նրան մենք ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք չենք ցուցաբերել: Լերոյն ուժեղ բնավորություն ունի, ու հենց նա փոխեց իրավիճակը: «Բարսելոնայի» դեմ խաղում Սանեն փայլեց. դա նրա լավագույն հանդիպումն էր: Երկրորդ կեսում նրա՝ 3 ֆուտբոլիստներին շրջանցելն անհավանական էր: Սանեն իր գեղեցիկ խաղով երկրպագուներին նվիրում է անմոռանալի պահեր: Բոլոր բացասական զգացումները նա արդեն անցյալում է թողել»:

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐ ԽԱՂԱՑ ՍԱՆԵԻ ԴԻՐՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵԶՐԻՑ ԿԵՆՏՐՈՆ

Սանեի լավագույն մարզավիճակի գաղտնիքներից մեկն էլ, վստահությունից բացի, տակտիկական է: Նագելսմանը նորամուծություն մտցրեց Սանեի խաղում: 25-ամյա ֆուտբոլիստն իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել էր միայն հարձակման եզրում, բայց Նագելսմանը նրան տեղափոխեց «ինսայդերի»՝ խաղարկողի դիրք, որտեղ Սանեն ավելի մեծ հնարավորություն է ունենում՝ իր լավագույն ֆուտբոլը ցուցադրելու:

Սանեի խաղային քարտեզը՝ Ֆլիկի օրոք



Սանեի խաղային քարտեզը՝ Նագելսմանի օրոք

«Երբ Սանեն կենտրոնում է գործում, ավելի շատ է մասնակցում թիմի գրոհներին, իսկ պրեսինգի և հակագրոհների ժամանակ ավելի քիչ տարածություն է ստիպված լինում անցնել»,- ընդգծում է Նագելսմանը:

Սանեի արագությունը, խաղային դինամիկան ու գնդակի վերահսկողությունը «Բավարիայի» գրոհներին մեծ ռիթմ են հաղորդում, իսկ մեկը մեկի դիմաց անցումների տեսանկյունից Լերոյը բացառիկ է: 

Opta վիճակագրական կենտրոնը մի շարք հետաքրքիր վիճակագրական տվյալներ ու ցուցանիշներ է առանձնացնում Սանեի խաղից, որոնք ավելի ակնհայտ են դարձնում նրա խաղի փայլը: Կատարած 7 գոլային փոխանցումով նա «Բավարիայի» լավագույն ասիստենտն է Բունդեսլիգայում: Նա Գերմանիայի առաջնությունում ամենաշատ անցում անելու փորձ կատարած (80) և հաջողած (44) ֆուտբոլիստն է (55 տոկոս ճշգրտություն), իսկ նրա ձախ ոտքը «Բավարիայի» մրցակիցների ամենասարսափելի բաներից է: Հարվածների թվով Սանեն 3-րդն է Բունդեսլիգայում (61):

Սանեն հատկապես իր նոր դիրքում փայլում է նաև խաղի կրեատիվ ասպեկտներով: Նա Յոնաս Հոֆմանի հետ Բունդեսլիգայում ամենից շատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստն է (5.94՝ 90 րոպեում): Դրանից բացի, Սանեն մրցակցի տուգանայինում ամենից շատ գնդակով ժամանակ անցկացրած ֆուտբոլիստներից է: 

⦿Leroy Sané⦿ Goal Vs Barcelona| 08.12. 2021 | HD - YouTube

Լավագույն Սանեն վերադարձել է: Գուցե Գվարդիոլան շտապեց հրաժարվել նրանից, գուցե դա իսպանացի մասնագետի մեծագույն սխալներից էր... Բայց կարևորագույնն այն է, որ այժմ գերմանական ֆուտբոլի սիրահարները վայելում են Սանեի խաղը, ու հուսով են, որ ֆուտբոլիստն այդ մարզավիճակը կտեղափոխի նաև հավաքական՝ Մունդիալ 2022-ին օգնելու «Մանշաֆթին» կրկին նվաճել աշխարհի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա