Logo

Գվարդիոլայի 10-րդ փորձը, անկասելի «Բենֆիկան» ու փոթորկված «Բավարիան». ՉԼ-ի 1/4 եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
12:57 / 11.04.2023ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգան թևակոխում է վճռական փուլ: Եվրոպայի ուժեղագույն 8 թիմերն արդեն գիտեն՝ ինչ ճանապարհով պետք է անցնեն մինչև եզրափակիչ հասնելը: Վիճակահանությունն այնպես դասավորեց զույգերը, որ շատ քչերն են համարձակվում հստակ կանխատեսումներ անել: Ձևավորվեցին հավասար զույգեր՝ առանց ակնհայտ ֆավորիտների:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Լիսաբոնի «Բենֆիկան» ընդունելու է Միլանի «Ինտերին», իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին»՝ Մյունխենի «Բավարիային»: VNews-ը անդրադառնում է այդ դիմակայություններին՝ առաջին խաղերին ընդառաջ: Սկսենք «Բենֆիկա» - «Ինտերի» դիմակայությունից:

«Բենֆիկա». Ո՞րն է Եվրոպայի ամենառոմանտիկ թիմի սահմանը

Մրցաշրջանի մեկնարկից առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չեն լինի «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Բորուսիան»... բայց այս փուլում կլինի «Բենֆիկան»: Լիսաբոնը ներկայացնող թիմը, ընդ որում, 2-րդ տարին անընդմեջ է հայտնվում լավագույն ութնյակում՝ նախորդ մրցաշրջանում էլ 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողնելով «Այաքսին»:

Եթե 2021/22-ին «Բենֆիկան» հրաշալի արդյունքներ էր գրանցում հիմնականում տաղանդավոր ֆուտբոլիստների շնորհիվ, ապա այս տարի Ռոջեր Շմիդտի՝ թիմին միանալուց հետո «Արծիվներն» ավելի վստահ տեսք ունեն նաև որպես թիմ: Գերմանացի փորձառու մասնագետը ստեղծել է բալանսավորված թիմ, որը ոչ միայն շարունակում է փայլել առջևի գծում, այլ նաև վստահ խաղ ցույց տալ պաշտպանությունում: «Բենֆիկան» վստահորեն գլխավորում է Պորտուգալիայի Պրիմեյրայի մրցաշարային աղյուսակը՝ բաց թողնելով ամենաքիչ գոլերը: 

Բայց Շմիդտի թիմը միայն ներքին առաջնությունում չէ, որ հրաշալի է խաղում: Չեմպիոնների լիգայի խմբային փուլից սկսած «Բենֆիկան» փայլում է՝ թե՛ խաղով, թե՛ արդյունքներով. նրանք «Բավարիայի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսում են մրցաշարում անպարտելի լինելու պատիվը, ինչպես նաև խփած գոլերի քանակով երկրորդն են (23) և զիջում են միայն «Նապոլիին» (25): 

Брюгге" - "Бенфика" 0:2. Уверенная победа "орлов" | Лига чемпионов УЕФА |  UEFA.com

«Բենֆիկան» նաև բավականին բարդ ճանապարհ անցավ՝ մինչև այս փուլ հասնելը: Թիմն ընդգրկված էր բավականին բարդ խմբում՝ ՊՍԺ-ի ու «Յուվենտուսի» պես գրանդների հետ, բայց ոչ միայն կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, այլ նաև զբաղեցնել խմբում առաջին տեղը: 1/8 եզրափակիչում «Բենֆիկան» ընդհանուր 7-1 հաշվով պարտության մատնեց բելգիական «Բրյուգեին»:

Ոչ ոք չգիտի՝ որն է այս գեղեցիկ ու միաժամանակ ամուր ֆուտբոլ ցույց տվող «Բենֆիկայի» սահմանը Չեմպիոնների լիգայում այս տարի: 

«Ինտեր». ՉԼ քառորդ եզրափակիչը Ինձագիի matchball-ն է

«Ինտերը», 1/8 եզրափակիչում դժվարությամբ հաղթահարելով մեկ այլ պորտուգալական թիմի՝ «Պորտուի» արգելքը, 12 տարվա դադարից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Այդուհանդերձ՝ «Ինտերի» գործերն ընդհանուր առմամբ, մեղմ ասած, լավ չեն: Փետրվարից սկսած Սիմոնե Ինձագիի թիմն անհաջող արդյունքներ է գրանցում և բոլոր մրցաշարերում նախորդ 7 խաղից հաղթել է միայն 1-ում, ինչի հետևանքով վտանգված է նաև Ա Սերիայի լավագույն քառյակում հայտնվելը: Փաստացի՝ «Ինտերն» այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է, վաղուց հրաժեշտ է տվել չեմպիոնական պայքարին ու ներքին առաջնությունում միակ նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է: 

Չեմպիոնների լիգայում, սակայն, «Ինտերի» այս մրցաշրջանն այլ է: «Բենֆիկայի» նման «Ինտերն» էլ շատ բարդ, նույնիսկ կարելի է ասել մահվան խմբից է դուրս եկել: Այո՛, երկու խաղում էլ միլանյան ակումբը պարտվեց «Բավարիային», բայց փոխարենը ընդհանուր դիմակայությունում հաղթեց «Բարսելոնային»: Եվրոպայում «Ինտերը» կարողանում է ցույց տալ իր ներուժը, խաղի տարբեր սցենարների դեպքում լուծումներ ունենալը և օգտագործել փորձի ու երիտասարդության արդյունավետ խառնուրդը: 

UEFA Champions League 2022-23: Hakan Çalhanoglu Helps Inter Milan Beat  Barcelona – In Pics

Կազմում ունենալով բազմաթիվ թոփ ֆուտբոլիստներ, Անտոնիո Կոնտեից ստանալով չեմպիոնական թիմ, բայց 2 մրցաշրջանում չնվաճելով «Սկուդետոն», Ինձագին վտանգում է նաև իր պաշտոնը: Իտալացին կարող է «փրկվել» միայն Չեմպիոնների լիգայում հաջողության շնորհիվ, ինչը «Բենֆիկայի» հետ դիմակայությունը նրա համար դարձնում է matchball:

Թիմերի կազմը

«Բենֆիկան» ունի հստակ խաղային սխեմա այս մրցաշրջանում և դա 4-2-3-1-ն է: «Ինտերի» դեմ Լիսաբոնում կայանալիք խաղին պորտուգալացիներն ունեն շատ մեծ կորուստ. պաշտպանության առաջատար Նիկոլաս Օտամենդին որակազրկված է և չի կարողանա օգնել թիմին: Փոխարենը պատրաստ է գրոհներին հրաշալի կերպով միացող Ալեխանդրո Գրիմալդոն ու Եվրոպայի ամենատաղանդավոր կենտրոնական պաշտպաններից մեկը՝ Անտոնիո Սիլվան: Միջին հատվածում ու առջևի գծում դժվար թե անակնկալներ լինեն: Այսպիսով՝ «Բենֆիկայի» հավանական մեկնարկային կազմը հետևյալն է. Օդիսեաս Վլախոդիմոս, Ժիլբերտո-Անտոնիո Սիլվա-Ֆելիպե Մորատո-Ալեքս Գրիմալդո, Չիկինյո-Ֆլորենտինո Լուիս, Դավիդ Ներես-Ֆրեդրիկ Օրսնես-Ժոաու Մարիու, Գոնսալու Ռամուշ։

«Ինտերը» խաղում է 3-5-2 մարտավարությամբ: Ի տարբերություն իր մրցակցի՝ առանցքային որևէ խաղացող բաց չի թողնելու առաջիկա մրցավեճը։ Ինձագին խուսափեց վնասվածքներից Ա Սերիայում՝ կատարելով լայնածավալ ռոտացիա: Այդուհանդերձ՝ որոշակի դիլեմաներ իտալացին ունի տարբեր դիրքերում: Առաջինը՝ հենց պաշտպանության կենտրոնում: Բաստոնիի ու Աչերբիի կողքին կարող է խաղալ Դե Վրեյը, իսկ աջ լատերալի դիրքում՝ Մատեո Դարմիանը, բայց չի բացառվում, որ Դե Վրեյի փոխարեն 3-րդ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղա Դարմիանը: Միջին գծում էլ 2 դիրքի համար պայքարում է 3 ֆուտբոլիստ՝ Չալհանօղլուն, Մխիթարյանը և Բարելան: Բայց Հական Չալհանօղլուն թեթև վնասվածք ունի և «հեշտացրել» է Ինձագիի ընտրությունը: «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը հետևյալն է. Անդրե Օնանա, Ալեսանդրո Բաստոնի-Ֆրանչեսկո-Աչերբի-Ստեֆան Դե Վրեյ, Ֆեդերիկո Դիմարկո-Հենրիխ Մխիթարյան-Մարսելո Բրոզովիչ-Նիկոլո Բարելա-Մատեո Դարմիան, Ռոմելու Լուկակու-Լաուտարո Մարտինես

Գլխավոր աստղերը

«Բենֆիկան» այս մրցաշրջանում տարբեր առաջատարներ ունի: Ժոաու Մարիուն այլ խաղամակարդակի ֆուտբոլ է ցույց տալիս, Դավիդ Ներեշը սրություն մտցնողն է, Օրսնեսը՝ ամենաաշխատասերը, բայց ամենաուշագրավ ֆուտբոլիստը թիմի կենտրոնական հարձակվող Գոնսալու Ռամուշն է: 21-ամյա տաղանդավոր հարձակվողը թիմի լավագույն ռմբարկուն է, 38 խաղում խփել է 25 գոլ, ՉԼ-ում էլ 3 անգամ է աչքի ընկել: «Ինտերի» պաշտպանները նրան պարտավոր են առանձնահատուկ կերպով հսկել:

Did Goncalo Ramos just get Scott Parker sacked?! Ruthless Benfica destroy  Club Brugge in Champions League to put under-fire opposing coach in big  trouble | Goal.com UK

«Ինտերի» կազմում էլ դժվար է առանձնացնել որևէ մեկին՝ հաշվի առնելով, որ միլանցիներն ուժեղ են որպես թիմ: Լատերալները մեծ ծավալի աշխատանք են կատարում խաղադաշտի ամբողջ երկայնքով, Լաուտարոն, Ջեկոն ու Լուկակուն իրենց գոլերով են օգնում թիմին, բայց պետք է ընդգծել, որ այս «Ինտերի» շարժիչ ուժերից մեկը Հենրիխ Մխիթարյանն է: «Ռոմայում» ունեցած փորձառությունն օգնեց Հենոյին «Ինտերում» խաղալ տարբեր դիրքերում և կատարել շատ տարբեր առաջադրանքներ։ Խաղալով խորքից՝ Մխիթարյանը սկսում է թիմի գրոհները կամ մրցակցի գրոհները զսպում, առջևի գծում էլ կայուն կերպով բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծում: Հայաստանի հավաքականի նախկին ավագը կարող է իր ծանրակշիռ խոսքն ասել նաև «Բենֆիկայի» հետ առաջիկա դիմակայությունում:

Inter Milan Midfielder Henrikh Mkhitaryan: "Winning Supercoppa Italiana  Would Be Important For Us & For The Fans"

«Մանչեսթեր Սիթի». Գվարդիոլայի 10-րդ փորձը

«Բարսելոնայից» հեռանալուց հետո Խոսեպ Գվարդիոլան չի կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Իսպանացի մասնագետն անհավանական արդյունքներ է գրանցում ներքին առաջնություններում, հատկապես՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկին: 6 հնարավորից 4 անգամ Պրեմիեր լիգան հաղթելը, այն էլ այնպես, ինչպես անում է Պեպը, ուղղակի ապշեցուցիչ է, բայց Չեմպիոնների լիգայում ինչ-որ բան չի բավականացնում «Քաղաքաբնակներին»: Ի դեպ, Գվարդիոլան իր նախկին թիմին առաջին անգամ է հանդիպում ՉԼ-ում:

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում էլ վախեցնում է՝ թե՛ կազմով, թե՛ ցույց տված խաղով, թե՛ այժմյան մարզավիճակով: Թիմը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ օրեր առաջ: Չնայած՝ Պրեմիեր լիգայում «Սիթին» դեռ հետապնդում է առաջատար «Արսենալին», բայց Գվարդիոլայի թիմը խաղային շոշափելի առաջընթաց ունի մրցաշրջանի երկրորդ հատվածում: Տպավորիչ հաղթանակ «Արսենալի» ու «Լիվերպուլի» դեմ, ու դժվար է ասել, թե ինչը կարող է կանգնեցնել այս թիմին:

How Pep Guardiola decided to reward Manchester City squad after emphatic  Liverpool victory - City Xtra

Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» մեկ անգամ չէ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, 3 անգամ՝ քառորդ եզրափակիչի արգելքը, մեկ անգամ հասել է եզրափակիչ ու պարտվել «Չելսիին», նախորդ մրցաշրջանում էլ թիմը կիսաեզրափակիչում ճանապարհը զիջեց Մադրիդի «Ռեալին»՝ չնայած շատ մոտ էր եզրափակիչի ուղեգրին: «Բավարիան», իհարկե, վատագույն մրցակիցներից էր, որ կարող էր ունենալ Անգլիայի չեմպիոնն այս փուլում, բայց Պեպը լավ է գիտակցում, որ այս մրցաշարում հաղթելու համար պետք է հաղթել ուժեղագույն թիմերին:

«Բավարիա». Փոթորիկ՝ մրցաշրջանի կարևորագույն խաղից առաջ

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն թիմն է՝ ըստ թվերի: Բոլոր խաղերում մյունխենցիները հաղթել են, մեկ շնչով հաղթահարել են մահվան խումբը, ՊՍԺ-ի դեմ էլ նրանք խնդիրներ չունեցան: Բայց միջազգային դադարի ընթացքում տեղի ունեցավ ամենաանկանխատեսելին. հեռացվեց գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

Շատերը դա պայմանավորեցին «Բավարիայի»՝ ներքին առաջնությունում ոչ այնքան լավ վիճակով: Թեև այս պահին մյունխենցիները գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշրային աղյուսակը, բայց 2023-ի ընթացքում թիմը շատ միավորներ կորցրեց ու խաղով էլ չէր տպավորում. «Բավարիան» պետք է հաղթի բոլոր խաղերում», - հայտարարեց մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը՝ բացատրելով Նագելսմանի պաշտոնանկությունը, թեև Bild պարբերականը նշում է, որ այս որոշման հիմքում ոչ թե մարզական, այլ անձնական պատճառներ են: Գլխավոր պատճառը, մասնավորապես, Նագելսմանի վատ հարաբերություններն են եղել թիմի առաջատարներից շատերի հետ:

Sack Julian Nagelsmann, appoint Thomas Tuchel! Have Bayern Munich made the  right decision with SHOCK managerial change? | Goal.com UK

Իհարկե՝ «Մանչեսթեր Սիթիի» նման թիմի դեմ ՉԼ քառորդ եզրափակիչ հանդիպումից առաջ մարզիչ փոխելը մեծ ու ռիսկային փոթորիկ է, բայց կա այն, ինչ կա: Թիմն այժմ գլխավորում է Թոմաս Տուխելը, որն արդեն մեկ անգամ մրցաշրջանի կեսից ակումբի միանալու և ՉԼ հաղթելու փորձ ունի («Չելսիի» ղեկին), բայց նույնիսկ գերմանացու նման մասնագետի համար է դժվար այսպիսի իրավիճակում ու շատ արագ արդյունք ապահովել մի թիմի հետ, որին գրեթե չի ճանաչում: «Բավարիան» օրեր առաջ դուրս մնաց Գերմանիայի գավաթից, ի դեպ:

Ու նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ գրեթե անհնար է ֆավորիտներ փնտրել այս զույգում: «Բավարիան» ֆանտաստիկ է ՉԼ-ում, Տուխելն էլ այս մրցաշարում Գվարդիոլային արդեն մեկ անգամ հաղթել է, այն էլ՝ եզրափակիչում:

Թիմերի կազմերը

Ինչ վերաբերում է թիմերի կազմերին, Գվարդիոլան ու Տուխելն իսկապես բախտավոր են, քանի որ «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին», հավանաբար, ունեն աշխարհի լավագույն կազմերը: 

Գվարդիոլան շարունակում է անդադար փոխել թիմի սխեման ու կազմը, բայց «Սիթին» այս մրցաշրջանի ընթացքում ամենաշատը խաղացել է 3-2-4-1 մարտավարությամբ: Սթոունզը վերջին հանդիպումներում հաճախ է միանում Ռոդրիին հենակետայինի գոտում: Դե Բրույնեն Գյունդողանի ու Բերնարդու Սիլվայի հետ կատարում է ստեղծագործ աշխատանք, եզրերից նրանց են միանում Գրիլիշն ու Մահրեզը, դե իսկ Հոլանդը խփում է իր գոլերը: «Մանչեսթեր Սիթիի» հավանական մեկնարկային կազմը հետևյալն է. Էդերսոն, Նաթան Ակե-Ռուբեն Դիաշ-Մանուել Ականջի, Ռոդրի-Ջոն Սթոունզ, Ջեք Գրիլիշ-Կևին դե Բրույնե-Իլկայ Գյունդողան-Ռիյադ Մահրեզ, Էրլինգ Հոլանդ։

Տուխելի գլխավորությամբ «Բավարիան» անցել է 4 պաշտպանով սխեմայի: Կենտրոնում իրենց տեղն ամրագրել են Ուպամեկանոն ու Դե Լիխտը, բայց պարզ չէ՝ ով կխաղա աջից: Ստանիշիչը հրաշալի ելույթ ունեցավ ՊՍԺ-ի դեմ, Կանսելուն էլ շարունակում է պահեստային տարբերակ մնալ նաև Տուխելի համար՝ չնայած իր դիրքում լավագույններից է աշխարհում: Առջևի գծում էլ հստակություն չկա, քանզի թոփ ֆուտբոլիստները շատ են, իսկ տեղերը մեկնարկային կազմում՝ սահմանափակ: «Բավարիայի» հավանական մեկնարկային կազմը հետևյալն է. Յան Զոմեր, Յոսիպ Ստանիշիչ-Մատեյս դե Լիխտ-Դայո Ուպամեկանո-Ալֆոնսո Դևիս, Ջոշուա Կիմիխ-Լեոն Գորեցկա, Կինգսլի Կոման-Ջամալ Մուսիալա-Լերոյ Սանե, Տոմաս Մյուլեր

Գլխավոր աստղերը

Անգլիայի չեմպիոններին այս մրցաշրջանի մեկնարկից առաջ միացավ Էրլինգ Հոլանդը, և նա արդեն հասցրել է մրցաշարում խփել 10 գոլ, որոնցից 5-ը նորվեգացին խփեց «Լապյցիգի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Բայց Հոլանդն այնքան էլ լավ վիճակագրություն չունի «Բավարիայի» հետ մրցավեճերում. մյունխենցիների դեմ խաղերում նա աչքի ընկել է գոլերով, բայց պարտվել է բոլոր՝ 7 դիմակայություններում Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկով: Բայց Հոլանդը կարող է փոխել այս վիճակագրությունը, քանի որ Պրեմիեր լիգայում խփել է արդեն 30 գոլ, իսկ բոլոր մրցաշարերում հատել է 40 գոլի սահմանը: Վնասվածքից ապաքինվելուց հետո նա հասցրել է աչքի ընկնել նաև դուբլով «Սենթ Մերի» ստադիոնում:

How long is Erling Haaland out? Groin injury updates after striker misses  Liverpool victory | Sporting News

«Բավարիայից» էլ արժե առանձնացնել Ջամալ Մուսիալային՝ ֆուտբոլիստ, որը այս մրցաշրջանում գերազանցում է բոլորի սպասելիքները: Մուսիալան ֆանտաստիկ դրիբլինգ ունեցող, խաղը հրաշալի կարդացող ու իր տարիքի համեմատ բավականին հասուն ֆուտբոլիստ է, և «Բավարիայի» հիմնական զենքերից է լինելու «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում: Հարձակման գծում «Բավարիան» շատ լայն ընտրություն ունի, ու այս մրցաշրջանում իր խոսքը դեռ չի ասել Սադիո Մանեն, որի համար «Սիթիի» դեմ խաղերն առանձնահատուկ են լինելու՝ հաշվի առնելով նրա մերսիսայդյան անցյալը:

The Bundesliga's best strike partnerships, featuring Sadio Mane and Jamal  Musiala | Bundesliga

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա