Logo

Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.10.2017ՍՊՈՐՏ
Բացառիկ
Gor4 2 - Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

2 տարվա որակազրկումից հետո միանգամից մուտք մեծահասակների մրցահարթակ, ու դեռ ոչ մի մրցաշար առանց մեդալի՝ բրոնզ ԱԱ-2015-ում, արծաթ ԵԱ-2016-ում, արծաթ Ռիոյի Օլիմպիական խաղերում: Գարնանը այս ցանկին գումարվեց ևս մեկ արծաթե մեդալ ԵԱ-2017-ից, բայց հավաքածուն դեռ լիարժեք չէ առանց ոսկե մեդալի: Ամենածանր կիլոգրամները բարձրացնող հայը՝ Գոռ Մինասյանը, այսօր նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը: Հայ ծանրորդը դեռ ապրիլին VMAG ամսագրի հետ զրույցում պատմել էր իր նպատակների, մրցակիցների և նախասիրություններ մասին:

– Շնորհավորում ենք Եվրոպայի առաջնութ-յունում արծաթե մեդալ նվաճելու առթիվ: Գո՞հ եք մրցաշարում Ձեր գրանցած արդյունքներից:

– Տպավորությունները շատ լավ են, բայց գոհ եմ 50%-ով, որովհետև չստացվեց բարձրացնել այն կիլոգրամները, ինչ նախատեսել էինք: Պոկում վարժությունում ամեն ինչ գերազանց էր՝ երեք հստակ մոտեցում և նոր անձնական ռեկորդ: Իսկ հրում վարժությունում մարզումների ժամանակ ավելի շատ էի բարձրացրել, քան մրցահարթակին: Պետք է ավելի լավ մասնակցեի հրում վարժությանը, այդպես էր նախատեսված, բայց չստացվեց: Հրում վարժության անձնական ցուցանիշներս բարելավելու նպատակով էի մեկնել առաջնությանը, սակայն ավելի հաջող ստացվեց պոկում վարժությունը:

18056684 1313980555323432 1106466462706819334 n - Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Թեև Օլիմպիական արծաթը շատ մեծ նվաճում է սպորտում, բայց Ձեզ դեռ չի հաջողվում ոչ մի կերպ կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Դա լարվածությո՞ւն է, թե՞ մարտահրավեր:

– Չէ, ճիշտն ասած, մրցահարթակ դուրս գալիս ինձ համար այնքան էական չէ, թե որ տեղը կգրավեմ, ավելի կարևոր է բարձրացնել իմ կիլոգրամները: Եթե բարձրացնեմ իմ նախատեսած քաշը, ապա մեդալն անխուսափելի է: Իսկ արդեն մրցումից հետո նոր սպասում եմ, թե որ տեղն եմ գրավելու: Իմ գլխավոր կռիվը մարզչական է, նրանք են որոշում կիլոգրամները:

Իսկ մրցակիցնե՞րը: Ինչպե՞ս եք պատրաստվում գերազանցել Լաշա Տալախաձեին:

– Վրացի մարզիկի հետ արդեն երկար ժամանակ եմ ելույթ ունենում՝ 2010թ. սկսած: Նա նորություն չէ ինձ համար: Դե, պետք է բարելավեմ իմ ցուցանիշը հրում վարժությունում, որպեսզի կարողանամ մրցակցել նրա հետ: Եթե նկատել եք՝ հրում վարժությունում մեր արդյունքի տարբերությունը 15 կգ էր, իսկ պոկում վարժությունում՝ ընդամենը 5 կգ: Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել:

20861878 1545320685490015 8985003163569362729 o - Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Երբ Ռիոյում Սիմոնը նվաճեց առաջին մեդալը, Դուք նշեցիք, որ նա կոտրեց սառույցը: Ինչքանո՞վ է թիմային հաջողությունն օգնում ձեզ մրցումների ժամանակ:

– Շատ: Ճիշտ է, մենք այժմ թեթև քաշային կարգերում շատ մասնակիցներ չունենք, հիմնականում միջինից ծանր են, ուստի մեր մեդալները սկսվում են մրցաշարերի կեսից: Այս անգամ էլ առաջինը Սիմոնն էր, մեդալների բացումը նա արեց: Դա շատ է ոգևորում, որովհետև դու սպասում ես, թե երբ ես ելույթ ունենալու, ու այդ ընթացքում մեդալներն անընդհատ գալիս են, ոգևորվում ու մտածում ես՝ ինչո՞ւ ես վերադառնամ առանց մեդալների:

Իսկ Ռուբեն Ալեքսանյանի ներկայությունը նույն քաշային կարգում ինչքանո՞վ է ազդում ելույթների վրա:

– Ավելի շատ ոգևորում է: Մեր միջև մրցակցություն չկա, մեր մրցակցությունը միայն ծանրաձողի հետ է: Ես ու Ռուբենը շատ լավ ընկերներ ենք: Իհարկե, թե՛ Ռուբենի հետ, թե՛ մյուս թիմակիցների հետ մարզումների ժամանակ «գրազներ» լինում են, բայց ոչ մրցահարթակին:

Շատ մարզիկներ հաղթում են մի քանի Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն և հետո ավելի «թրծված» մեկնում Օլիմպիական խաղերի: Ձեզ համար դժվար չէ՞ր ընդամենը մեկ աշխարհի և մեկ Եվրոպայի առաջնությունից հետո մեկնել Ռիո:

– Դեռ որակազրկման ժամանակ մարզվելիս ես նախապատրաստվում էի նրան, որ երկու  մրցում հետո հնարավորություն կունենամ մասնակցելու Օլիմպիական խաղերի: Ես երկու տարի պատրաստվում էի այդ իրադարձությանը, որպեսզի հաջող հանդես գամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և Օլիմպիական ուղեգիր նվաճեմ: Մինչ այդ էլ 3-4 տարվա փորձ ունեի, մասնակցել էի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնություններին: Իսկ այդ երկու տարվա ընդմիջումը, կարելի է ասել, որ ընդհանրապես չխանգարեց:

Gor3 - Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Իսկ ինչպե՞ս է մարզիկի մոտ անցնում որակազրկման ժամանակահատվածը:

– Ավելի շատ հոգեբանական պայքար է: Պետք է կարողանաս քեզ լավ տրամադրել, որպեսզի չթողնես սպորտը: Ինձ համար մեծ տարբերություն չկար, որովհետև գիտեի, որ հենց իմ ժամանակը գա, վերադառնալու եմ մեծ սպորտ: Չէի մտածում, թե դա իմ վերջն է, կամ դրանից հետո էլ արդյունք չեմ ունենալու:

Այն ժամանակ ասեցիք, որ Օլիմպիական խաղերից ստացած դասերը կերևան միայն հաջորդ մրցաշարի՝ Եվրոպայի առաջնության ժամանակ: Հիմա արդեն կասե՞ք, թե ինչ սովորեցիք Ռիոյից:

– Փորձն է ավելի շատանում: Օլիմպիական խաղերում թիմային պայքար չկա, ամեն ինչ անհատական է: Թիմին չես օգնում, մասնակցում ես միայն քո և երկրիդ համար: Մինչդեռ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում պետք է նաև քո միավորներով թիմին օգուտ բերես, որպեսզի թիմային հաշվարկում բարձր տեղ գրավի: Հենց դրա համար Օլիմպիական խաղերում այնպիսի կիլոգրամներով ես սկսում, որ կարելի է ասել՝ ամեն ինչ դնում ես խաղասեղանին: Բնականաբար, այստեղ լարվածությունն ավելի մեծ է: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն Օլիմպիական մեդալ նվաճելը կամ չեմպիոն դառնալն է: Իմ երազանքներից մեկն իրականացավ՝ մեդալ ունեցա, իսկ հաջորդ անգամ պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի դառնամ առաջինը:

Gor1 - Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Օլիմպիական խաղերը մեծ իրադարձություն էր, որից հետո Ձեր կյանքում շատ բան փոխվեց: Նոր կյանքից ի՞նչն է Ձեզ դուր գալիս և ինչը՝ չէ:

– Ավելի շատ ճանաչում ձեռք բերեցի Հայաստանում, ինչպես նաև ծանրամարտի աշխարհում: Ուրիշ ոչ մի բան, առհասարակ, չի փոխվել: Դա հաճելի է, պատասխանատվությունը շատացնում է, պարտավորեցնում է, բայց չի խանգարում: Ամեն ինչ շատ լավ է:

Դուք ասել եք, որ թալիսման կամ իր չունեք, սնահավատ չեք: Իսկ ի՞նչն է օգնում Ձեզ դրա փոխարեն:

– Ես ավելի շատ ռեալիստ եմ: Իհարկե, հավատում եմ Աստծուն, շատ հավատքով մարդ եմ: Բայց ծանրամարտում, իմ կարծիքով, դա այդքան էլ չի օգնում: Հավատում եմ, որ Աստծու կողմից տրված շնորհ կա, որ այսպիսի հարթակներում այսպիսի մեծ քաշեր ենք բարձրացնում: Բայց ավելի շատ դեր ունի կամքի ուժը, որպեսզի կարողանաս քեզ ստիպել մարզվել ու լսել մարզիչներին:

Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալիս և բարձրացնելիս:

– Ծանրաձող բարձրացնելը մեզ համար դարձել է ռեֆլեքս: Այդ պահին, եթե նույնիսկ մի փոքր կասկած առաջանա, չի ստացվի:

Խաղերից հետո միանգամից մի քանի ամիս հանգստանալու ժամանակ կար: Ի՞նչ արեցիք այդ ընթացքում:

– Այո, այս անգամ մի քիչ շատ թողեցինք, հազիվ հասցրեցինք հետ վերադառնալ ու պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Ավելի շատ հարցազրույցներ, նկարահանումներ էին, ուրիշ բան անելու ժամանակ չեղավ: Վերջին մեկ շաբաթը միայն հասցրեցի հանգստանալ Հունաստանում:

Սոցիալական ցանցերում բավականին ակտիվ եք, ի՞նչ է տալիս դա Ձեզ:

– Ուղղակի իմ ֆեյսբուքյան ընկերները սիրում են հետևել, թե ինչով եմ զբաղված, ինչ երաժշտություն եմ լսում և այլն: Ես էլ սիրով կիսվում եմ նրանց հետ:

Ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, բացի սպորտից:

– Մեր մարզաձևն այնպիսին է, որ եթե լուրջ զբաղվում ես, այլևս ոչ մի բանի ժամանակ չես կարող հատկացնել: Երբեմն ֆուտբոլ եմ դիտում, երկրպագում եմ Մադրիդի «Ռեալին»:

Ովքե՞ր են Ձեր ընկերները:

– Մեծ մասը սպորտի մարդիկ են: Շատ մտերիմ ընկերներս հենց սպորտից են: Շատ քչերն են բակից կամ քաղաքից, որովհետև դեռ 9 տարեկանից ես սպորտի մեջ եմ:

22730279 395417747542910 1922734363708350740 n - Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Ինչպիսի՞ն է Ձեր երազած մարզաշխարհը Հայաստանում:

– Այնպես, ինչպես հիմա կա: Հայաստանը պատմության մեջ այսպիսի հաջողություններ չի ունեցել: Հավաքականներում տիրող մթնոլորտը կամ մրցաշարերում գրանցած արդյունքները, մենք այսպիսի բան դեռ չենք ունեցել:

Ի՞նչ խորհուրդ կտաք պատանիներին:

– Ամենակարևորն այն է, որ լսեն մարզիչներին: Մարզիչները նրանց պետք է ուղեկցեն սպորտ, իսկ իրենք լսեն ու աշխատեն:

Հարցազրույցը վարեցին՝ Կարեն Ռաֆայելյանը և Լիանա Մկրտչյանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա