Logo

Գործ կա. Ես աշխատում եմ… Ջո Պետրոսյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 18.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
jo - Գործ կա. Ես աշխատում եմ… Ջո Պետրոսյան

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

Ես

Ես Ջորջ Պետրոսյանն եմ, բայց ինձ բոլորը որպես Ջո են ճանաչում։ Առանց էդ էլ կարճ անունիս ավելի կրճատ ձևն է։ 23 տարեկան եմ՝ անձնագրով, բայց հոգով  հավերժ 18 տարեկան։ Երևանցի եմ, բայց 5 տարի է արդեն ապրում եմ մարզերում՝ Շիրակ, Տավուշ, Լոռի։ Հորոսկոպով կարիճ եմ։ Անտանելի շատ սիրում եմ էս նշանը։ Ամենահաջողակ, նվիրված ու բարի անձնավորություններն են։ Ինչպես հասկացաք, «համեստության» առումով ևս առաջատար են։

Մասնագիտություն

Առաջին մասնագիտությամբ ատամնատեխնիկ եմ, երկրորդով խոհարար։

Աշխատում եմ որպես

Արդեն մեկ տարի ու մի քանի ամիս ապրում և աշխատում եմ Դիլիջանում։ Աշխատում եմ որպես ռեստորանի մենեջեր, Դիլիջանի ամենահայտնի ռեստորաններից մեկում՝ Papanino House-ում։

Մի օր հասկացա

Աշխատել եմ 16 տարեկանից։ Հասկացա, որ պետք է աշխատել, երբ առանձնացա ծնողներիցս։ Ցանկանում էի ինքս իմ գլխի տերը լինել։ Ինքնուրույն ու ավելի ազատ ապրել։

Աշխատանք գտնելը

Սկզբից շատ դժվարություններ կային։ Դե փորձ չունեի, սովորում էի, անչափահաս էի, ծնողների համաձայնություն էր պետք։ Բայց դե, իմ բախտը միշտ իմ հետ է՝ միշտ հայտնվում եմ ճիշտ վայրում ու ճիշտ մարդկանց հետ եմ ծանոթանում։ Սկսեցի սուպերմարկետներից մեկում պաղպաղակ վաճառել։ Հետո գիշերային ակումբում բարմեն էի(թերևս, ամենաթույն աշխատանքն էր, անկեղծ)։ Հետո արդեն ռեստորանային ոլորտ։

Իմ կյանքը փոխվեց

Ինչ խոսք, դեռահաս տարիքից աշխատելը կյանքդ 360 աստիճանի տակ փոխում է։ Սկսում ես ավելի հեշտ շփվել մարդկանց հետ, նոր ընկերներ ես ձեռք բերում։ Կապեր։ Փողի գինն ես սկսում հասկանալ՝ ինչպես սիրում են ասել մեծերը։ Ավելի շատ ես կարևորում ժամանակդ, հանգիստդ։ Վստահ կարող եմ ասել, որ բացի օգուտից վնաս չկա։

Աշխատանք առանց ծանոթի

Աշխատանք առանց ծանոթի։ Չգիտեմ։ Իմ դեպքում երբեք չի աշխատել «խնամի-ծանոթ-բարեկամ» ասվածը։ Ամենաազդեցիկ ու լավ ծանոթդ դու ես ու գիտելիքներդ։ Լավ մասնագետը երբեք առանց լավ վարձատրվող աշխատանքի չի մնա։ Իմ օրինակով ասեմ, վերջին 5 տարում աշխատանքի խնդիր չեմ ունեցել։ Ավելին՝ տարվա մեջ մի քանի նոր առաջարկ եմ ստանում։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Շատ, շատ, շատ։ Ամենակարևոր պատճառը նոր մարդկանց հետ ծանոթությունն է։ Էլ չեմ ասում՝ իմ կյանքի գրեթե բոլոր կեսերի հետ այս ոլոտրտում աշխատելով եմ ծանոթացել ։

 

Խորհուրդ

Խորհուրդս բոլոր 16-ից բարձր երիտասարդներին՝ ցանկացած աշխատանք պատվաբեր է։ Աշխատեք, սովորեք, տժժացեք, արարեք։ Ամենակարևորը՝ ցանկացած գործ սկսելուց առաջ համեմեք սիրով ու նվիրվածությամբ։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա