Logo

Գործ կա. Ես աշխատում եմ… Լուսանե Ջալալյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 11.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
137075403 202253834893192 5828689988538223848 n - Գործ կա. Ես աշխատում եմ… Լուսանե Ջալալյան

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

Ես

Ես Լուսանեն եմ, հորոսկոպով` կշեռք, փոքր ժամանակ վստահ էի, որ աշխարհը շերտավոր խմորի պես է, ու մեր վերևի շերտում Ռուսաստանն է (դե դրա համար էլ մեր գյուղի տղամարդիկ ինքնաթիռով վերև էին թռչում), մեկ էլ, որ բոլոր կատուները կին են. վերջին պնդմանը հավատում եմ մինչ օրս, իսկ կշեռքներից սկսել եմ վախենալ, հատկապես, եթե դրանք 55-ն անց թիվ են ցույց տալիս:

Հասցրել եմ 22 անգամ պտտվել արեգակի շուրջն ու, ճիշտն ասած, արդեն կյանքից թեթև գլխապտույտ ունեմ:

Մասնագիտություն

Թղթաբանությունը պնդում է, որ սովորում եմ Մանկավարժականի մշակութաբանություն ֆակուլտետում` հեռակա ( հնարավորինս հեռակա):

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ ձեր հիասքանչ կայքում. դե աշխատելը որն է… զրուցում եմ ստեղծագործ ու սիրելի մարդկանց հետ ու անունը դնում` հարցազրույց: Պրպտում, գտնում, գրում եմ ամենահետաքրքիր բաների մասին ու անունը դնում` հոդված, մասնակցում եմ քաղաքի ամենամշակութային միջոցառումներին ու անունը դնում` ռեպորտաժ. երազանքի գործ, մի խոսքով:

Ի դեպ նախորդ հարցի պատասխանը նույնպես այտեղ է թաքնված. այստեղ սովորում եմ, այստեղ աշխատում, ընկերանում, սիրում… մնում է` այստեղ ապրեմ, թեև դա էլ բավականին իրատեսական է` հաշվի առնելով մեր ընկերության բոլոր կոմունալ հարմարությունները:

Մի օր հասկացա

Մի օր հասկացա, որ պետք է դուրս գամ Թատերականի բուֆետից ու բարձրանամ դեկանատ` հեռացման դիմում գրելու. կյանքիս ամենաճիշտ որոշումն էր: 4 տարի առանձնապես ոչինչ չանելու հեռանկարն էդքան էլ իմ սրտով չէր:

Հետո մի մեծ փաստի առաջ կանգնեցի. սովորելու նպատակով` Կիրովականից մայրաքաղաք եկած 19-ամյա աղջիկը պիտի ինչ-որ բանով հիմնավորեր՝ իր Երևանում մնալը. պետք էր գործ գտնել: Այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ` սկզբում ադմինիստրատիվ գործեր տարբեր հեռուստանախագծերում, հետո` լրագրություն:

Աշխատանք գտնելը

Այս միտքն ինձ միշտ վախեցնում է. երբևէ առանձնակի դժվարությունների չեմ բախվել` գործ գտնելու հարցում: Դե, իհարկե, բազմաթիվ անգամներ լսել եմ  «մենք ձեզ կզանգահարենք» հայտնի արտահայտությունը, որին սովորաբար ոչ մի զանգ չի հաջորդում, բայց դա չեմ դիտարկել որպես բարդություն: Գիտեցել եմ` դու պիտի քո գործը գտնես, քո գործն էլ` քեզ. երկկողմանի պրոցես է:

Ի դեպ, ինչ-որ պահի հասկացա, որ ինձ ընտրելու գործառույթը միմիայն գործատուինն է ու սկսեցի բանի տեղ դնել միայն իմ գործառույթին, այսինքն` աշխատատեղ ընտրելու: Հենց այդ տրամադրվածությամբ էլ գնում էի հարցազրույցների` գիտակցելով, որ գնում եմ հավանելու կամ չհավանելու տվյալ աշխատատեղը, սկսեցի բացարձակապես չմտածել` ինձ կընտրեն, թե ոչ: Ու ինձ սկսեցին ընտրել (փոքրիկ լայֆհաք` ձեզ):

Իմ կյանքը փոխվեց

Իսկ կյանքս փոխվեց, երբ կրկին որոշեցի հեռացման դիմում գրել…

Sex and the city-ն էի նայում, առաջին անգամ գիտակցեցի, որ, փաստերեն, կարելի է վաստակել` իմ ամենասիրած բանով՝ գրելով: Քերրիից, իհարկե, ոգեշնչված էի, երազում էի Աբովյանի կամ Սարյանի սրճարաններում նստելու ու գրելու մասին, ու մի բան էլ` որ ինձ վարձատրեն դրա համար: Ուրեմն, դուրս եկա հեռուստատեսությունից ու սկսեցի փնտրել ամենաիմ կայքը: Ես գտա իմ աշխատատեղը, մնում էր` աշխատատեղս իմ կարիքն ունենար. պարզվեց` ունի: Այդպես էլ սկսվեց իմ սրտի գործի պատմությունը….

Աշխատանք առանց ծանոթի

Գիտեք, ես կարծում եմ, որ ծանոթությունների միջոցով աշխատանք գտնելու բացասական երանգավորումը խիստ չափազանցված է: Ի՞նչ վատ բան կա, օրինակ, եթե աշխատում ես մի նախագծի վրա, որի շրջանակներում ծանոթանում ես ոլորտի մարդկանց հետ, վերջիններս էլ հետագայում քեզ ներառում են մեկ այլ նախագծի մեջ: Իհարկե, խոսքը մի տուփ կոնֆետով ու կոնյակով հորաքրոջ աներձագի աշխատասենյակ մտնելու մասին չէ…

Կարիերան իր հետ նոր ծանոթություններ է բերում, նոր ծանոթություններն իրենց հերթին` նոր գործնական հեռանկարներ, ու դա բացարձակապես նորմալ է: Մեր դարում ու մեր աշխարհում ժամանակից հետո ամենակարևոր բանը մեկ էլ ճիշտ ծանոթություններն են:

Աշխատանքում կարևոր է

Միայն գործդ սիրելը` ինչքան էլ, որ պաթետիկ-սենտիմենտալ հնչի: Եթե ամեն սպասվող նոր նախագծից սիրտդ թրթռում է, եթե վաղվա հարցազրույցի սպասումից գիշերը քունդ չի տանում, ուրեմն դու քո տեղում ես: Ամեն ինչ կարելի է սովորել, փորձը կարելի է ձեռք բերել, բայց հիմքը պիտի լինի էնտուզիազմը, սերն ու սրտի թրթիռը՝ քո անելիքի հանդեպ:

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Վերևում բազմաթիվ պատճառներ նշեցի, եթե փորձեմ կոնկրետանալ.

Ոլորտը. իմ գործի օբյեկտիվում մշակույթն է, մշակույթ ծնող մարդիկ, ես ինձ իմ ափսեում եմ զգում ( այստեղ հիշենք, որ ես կշեռք եմ):

Մարդիկ. գուցե այս տեսանկյունից ես նաև լավ բառմեն կլինեի, որովհետև ամենասիրածս բաներից է մարդկանց ու նրանց պատմությունները լսելը: Երբեմն, տաքսիներում ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ արդեն հարցազրույց եմ վերցնում վարորդից. սովորաբար վարորդներից ստացած նյութս, հետագայում, մի պատմվածք դառնում է:

Ստեղծագործելու հնարավորությունը. արդեն նշեցի, որ ավելի հաճելի բան չկա, քան երբ քեզ վարձատրում են այն բանի համար, ինչը դու, այսպես թե այնպես, անելու էիր: Գրելն իմ մեծագույնն սերն է, ու, երբ այդ սերը նաև բարձր է գնահատվում, մի տեղ երջանկանում է մի փոքրիկ Լուսանե:)))

Խորհուրդ

Իսկ կա՞ն այդպիսիք. Ովքե՞ր ավելի շատ ռեսուրս, էներգիա, մոտիվացիա պիտի ունենան աշխատելու, քան երիտասարդները:

Խորհուրդս` համարձակ եղեք.հիշեք իմ հեռացման դիմումները, երբ զգում եք, որ ձեր տեղում չեք, իսկ երբ անսահման ուզում եք զբաղվել մի բանով, բայց կարծում եք, որ չեք հաջողի, ուղղակի հիշեք, որ ես իմ երազանքի գործը գտել եմ` սերիալից ոգեշնչվելով (բայց կարգին ոգեշնչվելով):

Հաճույք ստացեք ձեր գործից, կախվածության մեջ մտեք ձեր գործից, սիրեք այն, իսկ եթե զգաք, որ էլ չեք սիրում (ոնց պատահում է այլ սիրելիների դեպքում) պարզապես թողեք այն ու գնացեք հաջորդի հետևից:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա