Logo

#Գործկա. Ես աշխատում եմ… Գագիկ Մամուլյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 07.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
գագ - #Գործկա. Ես աշխատում եմ... Գագիկ Մամուլյան

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

 

Ես Գագիկն եմ, լայն մասսաներին հայտնի՝ որպես Մամուլյան։ 32 տարեկան եմ, ամուրի, չունեմ 2 երեխա։

Մասնագիտություն

Ավարտել եմ Պոլիտեխնիկի տրանսպորտային համակարգերի ֆակուլտետը, ունեմ մագիստրոսի կոչում, դիպլոմներս տեսել եմ մեկ անգամ` ստանալիս:

 

Աշխատում եմ

Աշխատում եմ Hyundai ավտոսրահում, վաճառում եմ մեր հարավկորեացի բարեկամների ստեղծած ամուր, հուսալի, ոչ ծախսատար մեքենաները… մի խոսքով սրահի վաճառքի մասնագետն եմ:

Ունեմ սեփական գործ. օգտագործած մեքենաների վաճառքի հարթակ MGMotors-ը. իմ շրջապատում բոլորը (հուսով եմ) առանց ինձ մեքենա չեն գնում կամ վաճառում:

 

Մի օր

Մի օր ոչինչ չհասկացա, պարզապես ստացա առաջարկ ու չվախեցա հայտնվել մի ոլորտում, որում երբեք չեմ աշխատել ու քանի որ ամենքն ու ամեն ինչը նպաստեց, որ ես դառնամ մասնագետ այդ ոլորտում, ես դարձա ու Սիրեցի այն ինչ անում եմ։ Հետո նույն ոլորտում սկսեցի նաև անել սեփական քայլերս:

 

Աշխատանք գտնել

Աշխատանք գտնելու մեծ փարձառություն չունեմ, քանզի հիմնականում ինքն է ինձ գտել իմ կյանքում: Ես տարօրինակ հատկություն ունեմ, հենց սկսում եմ ցանկանալ ինչ-որ տեղում աշխատել, առանց ոչինչ անելու՝ բացի այդ մասին մտածելուց, ինքը ինձ գալիս ու գտնում է:

 

Իմ կյանքը փոխվեց

Այս աշխատանքը ինձ սովորեցրեց ավելի համբերատար բանակցել։ Հավատացեք, սա վաճառքի բնագավառի ամենածանր ոլորտներից է, երևի անշարժ գույքից հետո:

 

Աշխատանք առանց ծանոթի

Ես առանց ծանոթի աշխատանք մի անգամ եմ գտել՝ հարցազրույցով, մնացած բոլոր դեպքերում ծանոթներն առաջարկել են, ես էլ համաձայնել: Աշխատաշուկան փոխվում է, սկսել է չգործել ծանոթի ինստիտուտը իրականում, որովհետև մարդիկ էլ չեն ցանկանում վճարել անարդյունավետ աշխատանքի համար, ինչ է թե ինչ-որ մեկը խնդրել է իրենց: Հիմա ոչինչ կապ չունի աշխատանք գտնելու համար, բացի այդ աշխատանքը լավ անելու կարողությունից: Կարողացար, կանես դու՛, ոչ` կանի նա՛, ով կկարողանա, անկախ դիպլոմից, ծանոթից, և այլ սուբյեկտիվ հանգամանքներից:

 

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքում կարևոր է երբեք խոսք չտալ, բայց անել ավելին, քան ձեզնից սպասում են: Աշխատողը պիտի լինի մոտիվացված, կարգապահ ու զգա, որ իրեն սիրում են, թեկուզ միայն նրա համար, որ ինքն օգտակար է:

 

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Ես սիրում եմ իմ աշխատանքը, զի այն հնարավորություն է ստեղծում շփվել տարբեր մարդկանց հետ, ովքեր մեծ հաշվով հաջողակ են: Ես իմ` առանց այն էլ մեծ նեթվորքը ավելի եմ ընդլայնել հետաքրքիր ու հաջողակ մարդկանցով:

 

Խորհուրդ

Ես ունեմ աշխատանքի իմ սահմանումը՝

Սահմանում.

Աշխատանք կոչվում է այն ֆիզիակական, մտավոր կարողությունը կամ դրանց միաժամանակյա օգտագործմամբ արվող գործողությունը, որը թույլ է տալիս տվյալ անձի օբյեկտիվ կարողությունների օգտագործմամբ, ըստ տվյալ երկրի աշխատանքային օրենսդրության, ապահովել պատշաճ կենսամակարդակ…

Ծանոթություն.

Սույն սահմանումը չի ներառում սուբյեկտիվ կարողության տեր անձանց, ինչպիսիք են ի ծնե հարուստները, բիզնես տաղանդով օժտվածները, հանճարները, պրոֆեսիոնալ խաբեբաները ու այլ յուրօրինակ օժտվածությամբ սոցիալական խմբեր:

Եթե դուք չեք գտնվում ծանոթության մեջ ներառված խմբերում, այլ ճանապարհ չունեք, քան աշխատելը, ուստի դուրս եկեք ու աշխատանք գտեք, քանի որ անգործության վերջն անփառունակ է։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա