Logo

#Գործկա. Ես աշխատում եմ… Լիլի Մկրտչյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 14.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - #Գործկա. Ես աշխատում եմ… Լիլի Մկրտչյան

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

 

Բարև, ես Լիլի Մկրտչյանն եմ` դեղին թեյահոլիկը, անձնագրով 26 տարեկան, էներգիայով` 17-84` կախված օրվանից:

 

Մասնագիտություն

Ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կառավարիչ-տնտեսագետ եմ, հետո արդեն մասնագիտացել եմ հաշվապահության ոլորտում:

 

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ.. աշխատում եմ միշտ զբաղված լինել ու դրա համար ունեմ երկու հիմնական «բաղադրատոմս»:  Հիմնական աշխատանքային զբաղվածությամբ հաշվապահ-ֆինանսիստ եմ եվորպական բրենդերի ֆրանչայզի կազմակերպություններից մեկում, իսկ երեկոյան գրում եմ:

 

Մի օր հասկացա որ պետք է

Մի օր չէ, միշտ պետք է հասկանալ աշխատելու կարևորությունը:

 

Աշխատանք գտնելը

Աշխատանք գտնելու երևի թե միակ բարդությունն այն էր, որ 21 տարեկանում հասկանում ես` կրթությունդ մասնագիտական աշխատանքիդ հետ կապ չի ունեցել, պահանջներին պետք է արագ ադապտացվել, գիտելիքային ռեսուրսից քամել այն, ինչ իրականում է պետք: Այդ գիտակցումից ու մասնագիտորեն ինքնակազմակերպվելուց հետո ամեն բան կարգավորվում է. գտնում ես այն, ինչ փնտրում ես:

 

Իմ կյանքը փոխվեց

Մարդկային տեսակների ու իրավիճակների շատ ավելի լայն շրջանակ ես ճանաչում, պիտի արագ ու ճիշտ կողմնորոշվես` առաջին հերթին մարդկային ու անձնային առումով: Սա կոփում ու սովորեցնում է:

 

Աշխատանք առանց ծանոթի

Երկու «ծանոթ» օգնեցին` գիտելիքը, մեկ էլ աշխատելու մեծ ցանկությունը: Գործը ճիշտ ու լավ անելու համար միակ ծանոթիդ պիտի գլխումդ փնտրես` քո մասնագիտական որակների մեջ. նպատակդ անձերի հետ կապելու անհրաժեշտություն այդ դեպքում չի լինի:

…Ինչ վերաբերում է գրելուն, ապա այստեղ ևս նույն սկզբունքը գործեց: Երբ զգացի, որ հասունացել է գիրք հրատարակելու ժամանակը, ոլորտից ոչինչ չգիտեի, միայն գիտեի, որ գրում եմ, ու որ գրածս գրքի վերածելու պրոցեսը պիտի մանրակրկիտ վերլուծել` չվախենալով: Ուղղակի հավաքեցի ինձ` առաջին քայլը դնելու համար: Դրանից հետո ամեն հաջորդ քայլն արդեն ավելի հստակ էր սկսում երևալ: Ինքնուրույն գործելու ամենաքաղցր պտուղը վաստակած արդյունքն է:

 

Աշխատանքում կարևոր է

Ծեծված չհնչի, բայց ազնվությունը` ամենանեղից մինչև գլոբալ իմաստներ: Պիտի ազնիվ լինես քեզ հետ` հասկանալու համար` գործը որակով ես անում, թե չէ: Պիտի ազնիվ լինես գործատուիդ (ստեղծագործելու դեպքում` ընթերցողիդ, ունկնդրիդ և այլն) հետ, որ արդարանալու անվերջ շղթայում չլինես: Այ հենց որ այդ ազնիվի չափումով արածդ գործը քեզ դուր գա, ուրեմն հաջողել ես:

 

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Իմ գիտակցված ընտրությունն են երկուսն էլ, այդքան պարզ մի բան:

 

Խորհուրդ

Շարժվե’ք, մարդի’կ ջան: Անիմաստ են մոտիվացիոն բոլոր գրքերն ու սեմինարները, եթե ձեր ներսում շարժիչն անջատված է: Օգտակար եղեք. դա ինքնաբավության ամենամեծ աղբյուրներից է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա