Logo

#Գործկա. Ես աշխատում եմ… Վանիկ Մինաս

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 21.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
գործ կա 1 - #Գործկա. Ես աշխատում եմ… Վանիկ Մինաս

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը բացահայտում է մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

 

Ես Վանիկ Մինասն եմ։ Մտերիմները Վան են ասում։ Դպրոցում և համալսարանում դասավանդողները հաճախ չէին հասկանում, թե որն է  անունս, որը՝ ազգանունս, ընկերս ասում  էր՝ ի՞նչ տարբերություն, գումարելիների տեղերից գումարը չի փոխվում։ 28 տարեկան եմ, դա համարյա 30-նն է։

Մասնագիտություն

Սովորել եմ Երևանի Պետական Բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Բայց սովորելու ընթացքում հասկացա, որ «սա երկար է տևելու»։ Արագ գումար աշխատելու հույսերը շատ չէին։ Թողեցի բժշկի չստացված կարիերան ու սկսեցի այլ ճանապարհ փնտրել՝ էգոս բավարարելու համար։ Ես ու բժշկությունը իրար համար չէինք։

Աշխատում եմ

Այս պահին աշխատում եմ որպես բրոքեր American Success ընկերությունում։ Ընկերությունը զբաղվում է Ամերիկայում  լոգիստիկ ծառայությունների մատուցմամբ։ Հայաստանում ու Կալիֆորնիայում լայն տարածում գտած ու զարգացող լոգիստիկ մենեջմենթի շուկայի առաջատար ընկերություններից մեկն է։

Մի օր հասկացա

Մի օր հասկացա, որ սխալ է ուղղակի աշխատանք փնտրելը։ Ես դեմ եմ աշխատանքին այդպիսի մոտեցմանը։ Մարդը պետք է անի այն, ինչ իրեն հաճելի է, աշխատանքը մեր օրվա ու կյանքի մեծ մասն է զբաղեցնում, այն պետք է լինի մաքսիմալ հաճելի և սիրելի։ Պետք է փնտրել ոչ թե ուղղակի աշխատանք, այլ հոբբի, զբաղմունք, որի միջոցով նաև գումար կաշխատես։ Իհարկե, կարևոր է, թե ինչքան գումար ես աշխատում, որովհետև պետք է հարկեր մուծել, ապահովել ընտանիքի բարեկեցությունը, հոգալ քո կարիքները, բայց, եթե ամբողջ կյանքում ուղղակի աշխատանք փնտրես, այլ ոչ թե այն, ինչ քեզ հոգեհարազատ է և հետաքրքիր, կյանքիդ որակը կընկնի։ Այդ դեպքում արդեն էական չի լինի, թե ամսական ինչքան գումար ես աշխատում։

Իմ կյանքը փոխվեց

Երեք տարի ռուսական Yandex ընկերությունում աշխատելը իսկապես փոխեց իմ կյանքը։ Այստեղ ես հնարավորություն ունեցա տեսնելու և ճանաչելու մարդկանց, որոնք ինձնից խելացի են ու ավելի լավը։ Շփվել ու սովորել մարդկանցից, ովքեր իսկապես քեզնից ուժեղ են՝ էական կարևորություն ունի կյանքի համար։ Իհարկե դա հեշտ չէր ինձ  համար, էգոս թույլ չէր տալիս ընդունել, որ դիմացինս կարող է ինձնից ավելի լավը լինել ինչ-որ հարցերում։ Բայց գրողը տանի, ինչու՞ ատեմ քեզ, եթե կարող եմ քեզնից սովորել այն, ինչ ինձ պետք է(նույնիսկ, եթե շարունակելու եմ ատել քեզ)։ Իմ կյանքը փոխվեց նաև այլ երկրներ ճամփորդությունից հետո, հատկապես այն երկրներ, որոնց վիճակը ավելի վատ էր, քան Հայաստանինը ու սկսեցի գնահատել այն, ինչ ունեմ։

Աշխատանք առանց ծանոթի

Ես երբևիցե աշխատանք չեմ գտել ծանոթով, դա ինձ իմ աչքին կցածրացնի։ Չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկը մտածի, թե լավություն է արել ինձ համար։ Մեզ մի շատ կարևոր բան չեն սովորեցնում այս կյանքում՝ ասել ՈՉ, և՛ ինքդ քեզ և՛ ուրիշներին։ Հաճախ ծանոթները աշխատանք են առաջարկում, որը բոլորովին ինձ համար չէ, ես չեմ կարող ուղղակի դաստիարակությունից ելնելով, կամ որևէ մեկին չնեղացնելու համար համաձայնվել։ Պետք է այնքան աշխատես քո գիտելիքների վրա, դառնաս այնպիսի մասնագետ, որ դու ընտրես որտեղ աշխատել։ Դու ու քո ունեցած հմտությունները պետք է լինեն քո միակ ծանոթը, այդպես դու աշխարհի ցանկացած կետում գտնես այն աշխատանքը, որը քեզ հաճույք կպատճառի։

Աշխատանքում կարևորի մասին

Սերը։ Ամեն ինչում կարևոր է սերը։ Եթե չսիրես այն ինչ անում ես, մոռացիր հաջողության մասին։ հաջողությունը քո աշխատանքի արդյունքն է։ Շատ աշխատես կունենաս լավ արդյունք, քիչ աշխատես ոչինչ չես ունենա։ Իսկ եթե ինչ-որ բան չես սիրում, երբեք դրա համար ջանք չես թափի։

Ես սիրում եմ իմ աշխատանքը և դա իմ հաջողության բանալին է։

Խորհուրդ

Եթե չգիտեք ինչ եք ուզում անել այս կյանքում, կամ հոգնել եք ձեր աշխատանքից ու այլ ոլորտ եք փնտրում, բայց չեք կողմնորոշվում, զբաղվեք յոգայով։ Մեդիտացիան կօգնի հասկանալ, թե ինչ ուղղությամբ եք ուզում գնալ։ Մի վախեցեք, որ սկզբում քիչ գումար կարող եք աշխատել։ Վստահ եղեք ձեր ընտրության մեջ ու արեք ամեն ինչ, որ ձեր հոբբին ձեզ գումար բերի։ Տիեզերքը մեզ  1929293839393 տարբերակ է տալիս ապրելու համար։ Ամեն մեկի ընտրած տարբերակը տարբեր է։ Դու կարող ես ունենալ քո առանձնահատուկ տեղը այս արևի տակ։ Այս միտքը ձեզ պետք է ուղղորդի ողջ կյանքում։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա