Logo

Հաբեթնակ Կուրղինյանը նշել է՝ քանի օլիմպիական ուղեգիր է ակնկալում ազատ ոճի ըմբիշներից

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:30 / 12.04.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

«Մեր ըմբիշների հնարավորությունները հիմք են տալիս հավակնելու 2-6 օլիմպիական ուղեգրի։ Սակայն, այդ մասին կխոսենք Եվրոպայի առաջնությունից հետո»։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ խոսելով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-23-ին անցկացվելիք Եվրոպայի առաջնության մասին։ Մարզիչն ընդգծեց, որ ըմբիշների մարզավիճակը լավատեսորեն է տրամադրում և հիմնավոր հույսեր ներշնչում, որ նրանք անմասն չեն մնա խաղարկվելիք մեդալներից։

«Հավաքականում ընդգրկել ենք գերազանցապես փորձված և միջազգային ասպարեզում ամուր թրծված մարզիկների, որոնք մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց վարպետությունը ամենահեղինակավոր մրցումներում։ Կարծում եմ՝ այս անգամ էլ նրանք անմնացորդ կնվիրվեն պայքարին և դարձյալ բերկրանքի պահեր կպարգևեն հայ մարզասերին։ Թիմում ունենք նաև նորեկներ. Մուշեղ Մկրտչյանը և Սերգեյ Սարգայանն առաջին անգամ են մասնակցելու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, սակայն մինչև այդ հասցրել են լավագույնս դրսևորել իրենց պատանեկան և երիտասարդական առաջնություններում և ձեռք բերել որոշակի մրցափորձ։ Ընդհանուր առմամբ, բոլոր տղաների մարզավիճակից գոհ եմ։ Ուրախալի է, որ նրանց հաջողվել է խուսափել վնասվածքներից և լավագույնս պատրաստվել մրցաշրջանի առաջին կարևոր մրցմանը։ Մնացածը, ինչպես ասում են, ցույց կտա մրցագորգը»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը։

Նախապատրաստական վերջին հավաքը Հայաստանի հավաքականն անցկացրեց Երևանի «Օլիմպավանում»։ Այս փուլում, ինչպես նկատեց հավաքականի գլխավոր մարզիչը, ամփոփվել է մինչև այդ կատարած աշխատանքը, հնարավորինս շտկվել են արձանագրված բացերը։

«Ամփոփիչ հավաքից առաջ բավականին ամբողջական տեղեկատվություն ունեինք ըմբիշների մարզավիճակի մասին։ Համակարգել էինք Ծաղկաձորում և Երևանում անցկացրած նախորդ հավաքների, ստուգողական միջազգային մրցումների ու մարտին կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքում մեր գրանցած դիտարկումները և լրջորեն աշխատել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ։ Հասկանալի է, որ կազմում ունենալով տիտղոսակիր և փորձառու ըմբիշներ՝ պայքարելու ենք մեդալների համար։ Այլ մտադրություն չի էլ կարող լինել։ Միաժամանակ, Եվրոպայի առաջնությունն ինքնատիպ միջանկյալ հարթակ է օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ, որոնք նույնպես ամրության լուրջ քննություն են դառնալու բոլոր մասնակիցների համար։ Մեր ըմբիշների հնարավորությունները հիմք են տալիս հավակնելու 2-6 օլիմպիական ուղեգրի։ Սակայն, այդ մասին կխոսենք Եվրոպայի առաջնությունից հետո»,- հայտարարեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել էր Եվրոպայի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։ Զագրեբում մեդալների համար կպայքարեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։

Հայաստանի պատվիրակությունը Խորվաթիա կմեկնի ապրիլի 15-ին ու ըմբիշները տեղում վերականգնողական կարճատև մարզումներից հետո երկու օր անց դուրս կգան մրցագորգ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա