Logo

Հաբեթնակ Կուրղինյանը՝ Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թևանյանի տպավորիչ հաղթանակների ու մյուս ըմբիշների ելույթների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:10 / 21.04.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը VNews-ի թղթակցի հետ հարցազրույցում ամփոփել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու 2 ոսկե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), իսկ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։

- Եվրոպայի չեմպիոն դարձած երկու հայ ըմբիշների մասնակցությամբ եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Արսենի և Վազգենի վերջին գոտեմարտերը։

- Երկուսն էլ հիանալի դրսևորեցին իրենց։ Վազգենը բացարձակ հաղթանակի հասավ եզրափակիչում։ Արսենը նույնպես հնարավորություն ուներ հաղթելու ավելի մեծ առավելությամբ, թեպետ նրան անհամեմատ լուրջ մրցակից էր բաժին հասել՝ մինչև 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնը։ Հարությունյանը լուրջ էր տրամադրվել վճռական դիմակայությանը։ Նա առհասարակ մարտական տրամադրվածությամբ է մասնակցում եզրափակիչներին։ Պետք է նշեմ նաև, որ Արսենը վերջին տարիներին հազվադեպ է պարտվում։

- Ի՞նչ ցուցում էիք տվել նրանց եզրափակիչ գոտեմարտերից առաջ։

- Չեմ հիշում, թե բառացիորեն ինչ էի ասել, սակայն հուշել էի, որ պետք է խուսափեն մրցակիցներին միավորներ զիջելուց, ուշադիր և զգոն լինեն, պայքարեն մինչև վերջ։ Դա յուրաքանչյուր գոտեմարտին նախորդող ստանդարտ ցուցում է։

- Հասցրե՞լ էիք արձանագրել մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը։

- Մրցակիցներին հատուկ ուսումնասիրելու կարիք չկար, քանի որ հիմնականում քաջածանոթ ենք նրանց։ Մրցակիցներն էլ, ինչ խոսք, հայ մարզիկներին են հիանալի ճանաչում։ Ամեն դեպքում, երկար տարիներ պայքարում են իրար հետ։

- Ինչո՞վ են պայմանավորված բրոնզե մեդալի համար գոտեմարտերում Հրայր Ալիխանյանի (74 կգ) և Արման Ավագյանի (79 կգ) պարտությունները։

- Թերևս զգացվեց վարպետության պակասը։ Խանգարող հանգամանքներ շատ կան՝ պարտություններն առանց պատճառի չեն լինում։ Խնդիրը հիմնականում տեխնիկական պատրաստականության հարթությունում է։ Անհրաժեշտ է հնարավորինս շատ գոտեմարտեր անցկացնել՝ վարպետությունը հղկելու և հաղթելու փորձ ձեռք բերելու համար։

- Առաջին իսկ փուլից հետո հանդիսատեսի վերածվեցին Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։ Ի՞նչ տեղի ունեցավ նրանց պարագայում։

- Նրանք նույնպես ներուժ ունեցող ըմբիշներ են, բայց դարձյալ տեխնիկական և տակտիկական պատրաստվածության կատարելագործման և մրցափորձի հարստացման խնդիր ունեն։ Պետք է հասկանան, որ կան բաներ, որոնք միայն իրենցից են կախված։

- Այնուհանդերձ, համաձայնեք, որ Անդրեասյանի այդպիսի ելույթը մեղմ ասած անսպասելի էր։

- Անշուշտ, նրանից ավելին էինք ակնկալում, քանի որ անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում նվաճել էր արծաթե մեդալ, իսկ 2021-ին դարձել էր բրոնզե մրցանակակիր։ Նրա դեպքում նույնպես զգացվեց տեխնիկական զինանոցի ոչ հագեցած լինելու և մրցման ընթացքում հնարքները կիրառելու ունակության պակասը։ Առանց այդ ամենի անհնար է հասնել վերջնական հաղթանակի։

- Մկրտչյանը և Սարգսյանը դեռ պատրաստ չե՞ն մեծահասակների պայքարին։

- Պատրաստ են։ Սա նրանց նորամուտն էր մեծահասակների մասնակցությամբ նման խոշոր առաջնությունում։ Իսկ այս պարտությունները կարևոր նշանակություն կունենան նրանց հետագա կարիերայում, քանի որ երիտասարդ մարզիկները տեսան ու հասկացան՝ կարող են հավասար պայքար մղել մեծահասակների մրցումներում։ Դա նրանց կհաղորդի վստահություն, ինչը, կարծում եմ, կդրսևորվի արդեն հաջորդ մրցաշարերում։

- Ինչպե՞ս եք պատրաստվելու մրցաշրջանի երկրորդ հատվածին։

- Մի փոքր հանգստանալուց և վերականգնվելուց հետո ըմբիշները կսկսեն պատրաստվել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Դա այս տարվա մեր կարևորագույն մրցումն է, որի ընթացքում խաղարկվելու են օլիմպիական վարկանիշներ։ Հունիսի 14-17-ը կմասնակցենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին։ Հուլիսին նախատեսել ենք մասնակցել ևս մեկ ստուգողական միջազգային մրցաշարի, որի վայրն ու ժամկետները դեռ չենք որոշել։

Կարծում եմ՝ վատ չի լինի, եթե աշխարհի առաջնությունում առնվազն երկու օլիմպիական ուղեգիր նվաճենք։ Դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել առաջին հնգյակում։ Մնացածը կփորձենք լրացնել հետագա վարկանիշային մրցաշարերում։ 

Զուգահեռ քայլերով. Թևանյանի ու Հարությունյանի վերելքը շարունակվում է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա