Logo

Հաբեթնակ Կուրղինյանը՝ հավաքականի տրամադրվածության, Վազգեն Թևանյանի բացակայության մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:09 / 24.03.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Վազգեն Թևանյան

Ազատ ոճի հայ ըմբիշները բարձր տրամադրությամբ են մեկնում Եվրոպայի առաջնությանը, որի յուրաքանչյուր գոտեմարտում պատրաստ են պայքարելու հաղթանակի համար՝ VNews-ին հաղորդեց մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

«Նախապատրաստական աշխատանքները գործնականում ավարտել ենք, տրամադրվում ենք մեկնելուն։ Տղաները լավ մարզավիճակում են, ամենակարևորը՝ խուսափել են վնասվածքներից։ Տրամադրվածությունն էլ մարտական է, այսպես ասած՝ նախամրցումային։ Անշուշտ, բոլորիս լրացուցիչ դրական լիցքեր են հաղորդել վերջերս կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների հաջող մրցելույթները։ Միջազգային ստուգատեսների մրցանակակիրներ ունենք նաև ավելի կրտսեր տարիքային խմբերում։ Ուրախացնում է, որ խոստումնալից, ուժեղ սերունդ է աճում»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը։

Խոսելով առաջիկա Եվրոպայի առաջնության մասնակիցներին ընտրելու սկզբունքի մասին՝ Հաբեթնակ Կուրղինյանը VNews-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջնորդվել են Հայաստանի վերջին առաջնության արդյունքներով։ Եվրոպական մրցագորգ են դուրս գալու մեր ուժեղագույն մարզիկները։

ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Բացակայում է միայն 2020 թվականի աշխարհի գավաթակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի անցյալ տարվա առաջնության արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը։ Այդ կապակցությամբ մարզիչն ընդգծեց, որ 22-ամյա ըմբիշը դեռ չի հասցրել լիարժեք վերականգնվել ծնկահոդի վնասվածքի պատճառով տարած վիրահատությունից։ «Թևանյանը հիմա վերականգնողական փուլում է, դեռ չի պարապում, բայց փորձում է աստիճանաբար ներգրավվել մարզումներին»,- ասաց նա։

Անդրադառնալով Եվրոպայի առաջնությունից ակնկալիքների մասին մեր հարցին՝ Հաբեթնակ Կուրղինյանը վստահեցրեց, որ տղաները պատրաստ են յուրաքանչյուր գոտեմարտում պայքարելու հաղթանակի համար, իսկ մնացածը, ինչպես ըմբիշներն են ասում, ցույց կտա մրցագորգը։ «Վերջնական արդյունքը պայմանավորված է լինելու մրցումների ընթացքից։ Մի փոքր հաջողության դեպքում լավ ցուցանիշներ կունենանք։ Հենց այդպիսին է բոլորիս տրամադրվածությունը»,- եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Մարտի 28-ից ապրիլի 3-ը Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանից մասնակցելու են Մանվել Խնձրցյան (57 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ)։
Ընդամենը երկու շաբաթ առաջ Կուրղինյանի ղեկավարությամբ մեր ազատոճայինները 2-ական արծաթե և բրոնզե մեդալ էին նվաճել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա