Logo

Հաբեթնակ Կուրղինյանը՝ Եվրոպայի առաջնության արդյունքների և հաջողությունների առանձնահատկության մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:19 / 01.04.2022Ըմբշամարտ
Հաբեթնակ Կուրղինյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հակիրճ ամփոփել է Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկների մասնակցության արդյունքները՝ հայտնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի մամուլի բաժինը։

«57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը շատ լավ հանդես եկավ։ Մեծ ներուժ ունեցող ըմբիշ է։

61 կգ քաշային կարգում մասնակցում էր Արսեն Հարությունյանը։ Նա դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և դրանով ամեն ինչ ասված է։

65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն իր հնարավորությունների սահմանում հանդես եկավ։ Այդ քաշային կարգում ունենք Վազգեն Թևանյան, որը մասնակցած մրցումներում հաղթել է այս առաջնության եզրափակիչ անցած ըմբիշներին։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը շատ քիչ զիջեց վրացի մրցակցին, որը անվանի և շատ փորձառու ըմբիշ է: Արմանը կարող էր հաղթել նրան, սակայն փոքր-ինչ չհաջողեց։

74 կգ քաշային կարգում հանդես եկած Հրայր Ալիխանյանը տեխնիկական պատրաստականությունը բարելավելու տեղ ունի։ Նույնը վերաբերում է 79 կգ քաշային Արման Ավագյանին։ Նրանք մոտենում են մրցանակային տեղեր գրավելուն։

Կաշխատենք՝ կլրացնենք բացը։ 92 կգ քաշային կարգում հանդես եկավ Հովհաննես Մխիթարյանը, որը պարտվեց մեկնարկային գոտեմարտում։ Սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ մեր բոլոր մարզիկներն էլ կարևոր են թիմի համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկներին, հավաքականի տղաներին, որոնք այստեղ չեն, բայց գալիս են, մարզվում և օգնում են թիմակիցներին»,- նշել է Հաբեթնակ Կուրղինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը նման հաջողության է հասել՝ ունենալով խիստ սահմանափակ հնարավորություններ։

«Պատկերացնում եք՝ ընդամենը 30 մարզիկ ունենք հավաքականում, որոնցից թիմ ենք ձևավորում և մասնակցում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին։ Դա չլսված ու չտեսնված բան է։ Ընդամենը 30 ըմբիշ և նման արդյունք»,- արձանագրել է գլխավոր մարզիչը։

Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանի հաշվին 3 մեդալ գրանցվեց. Արսեն Հարությունյանը հռչակվեց աշխարհամասի կրկնակի չեմպիոն, Արման Անդրեասյանը դարձավ արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մրցանակակիր։ Թիմային հաշվարկում մեր ընտրանին 4-րդն է։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա