Logo

Հաջորդը Հալանդն է. Ինչպես է Կապառոսի Հայաստանի հավաքականը խաղում թոփ հարձակվողների դեմ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
16:37 / 24.03.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Հայաստանի հավաքական-Կապառոս

Հայաստանի հավաքականն իր պատմության ընթացքում բազմաթիվ խաղեր է անցկացրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ՝ Զինեդին Զիդան, Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Անդրես Ինիեստա և ուրիշներ: Բայց վերջին տարիներին աստղերի դեմ հանդիպումները կրճատվել էին, որովհետև մեր հավաքականը հաճախ խաղում էր Ազգերի լիգայում, որտեղ իր դիվիզիոնում աստղերի հազվադեպ կարելի էր հանդիպել: Հաճախ մեր թիմի կազմում աստղերն ավելի շատ էին, ինչը, սակայն, դեռ երկար չի լինի: 

Այդուհանդերձ, թվում էր, թե առաջիկա ընկերական խաղերում մեզ համար դժվար կլինի, մեկ տարի առաջվա համեմատ, բարձր մակարդակի մրցակիցներ գտնել, որոնց կազմում կլինեն աստղային ֆուտբոլիստներ, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողացավ պայմանավորվել Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական խաղի շուրջ: Իսկ Նորվեգիայի կազմում է խաղում աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը՝ Էրլինգ Հալանդը, որը Հայաստանի ընտրանու դեմ խաղի նախնական հայտացուցակում է: Սկանդինավցի գոլահարի ներուժն այնքան մեծ է, նա այն աստիճան շատ գոլեր է խփում Դորտմունդի Բորուսիայի և ազգային հավաքականի կազմում, որ գրեթե կասկած չկա՝ նա մոտ ապագայում հավակնելու է «Ոսկե գնդակ» մրցանակին և Կիլիան Մբապեի հետ ստեղծելու է «Մեսին ընդդեմ Ռոնալդուի» ավարտվող սերիալի սփին-օֆֆը:

Էրլինգ Հալանդի դեմ պաշտպանությունն աննախադեպ մարտահրավեր է լինելու Խոակին Կապառոսի թիմի և անձամբ իսպանացի մասնագետի համար: Նախկինում էլ եղել են բարձրակարգ հարձակվողներ, որոնց փորձել է կանգնեցնել Կապառոսի Հայաստանի հավաքականը: Մենք առանձնացրել ենք այդպիսի 5 օրինակ: 

Գորան Պանդև.  Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան՝ 2:1 (05.09.2020)

Գորան Պանդև Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Առաջին այդպիսի փորձությունն «Ինտերի» կազմում Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձած Գորան Պանդևի դեմ էր: Մինչև Խոակին Կապառոսի նորամուտի խաղում փոխարինման մտնելը, նա արդեն հասցրել էր Հայաստանի հավաքականի համար ամենաանհարմար ֆուտբոլիստներից մեկը դառնալ: Մակեդոնացին անցկացրած 5 խաղում մեր թիմի դարպասը 4 գոլ էր խփել և մեկ գոլային փոխանցում գրանցել: 

2020 թվականի սեպտեմբերի 5-ին մակեդոնացիների կենդանի լեգենդը Հայաստանի հավաքականի դեմ խաղն սկսեց պահեստայինների նստարանից, բայց առանց նրա էլ բալկանները առաջին կեսում 2 գոլ խփեցին:

Այդ պահին «Ջենոան» ներկայացնող ֆուտբոլիստը փոխարինման մտավ միայն 61-րդ րոպեին: Այդ ժամանակ արդեն խաղային առավելությունը հայերի կողմն էր, և Պանդևն ավելի շատ մասնակցում էր պրեսինգի, փորձում գնդակն իր թիմի մոտ պահել, ինչպես նաև շատ մենապայքարների մասնակցել: Այդպես նա մեկ անգամ խախտեց կանոններն Անդրե Չալըշըրի նկատմամբ, բայց մեկ անգամ էլ ստիպեց Անգուլո Վբեյմարին նույնն անել իր դեմ պայքարում: Հայաստանի հավաքականը խաղավերջում 11-մետրանոց վաստակեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանի միջոցով: Այն հստակ իրացրեց Տիգրան Բարսեղյանը, բայց քամբեքի ժամանակ այլևս չէր մնացել: 

Հայաստանի դեմ 6-րդ խաղում Գորանը 4-րդ հաղթանակին հասավ և առանց գոլ խփելու էլ գոհ էր արդյունքից: Իսկ պատասխան խաղում, որում Հայաստանը հաղթեց, Պանդևը չխաղաց...

Անդրեյ Կրամարիչ. Խորվաթիա – Հայաստան՝ 1:1 (01.06.2021)

Անդրեյ Կրամարիչ Խորվաթիա – Հայաստան
2021 թվականի գարնանը Հայաստանը դարձավ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անակնկալներից մեկը՝ հաղթելով ԱԱ 2022-ի ընտրական փուլի մեկնարկային երեք խաղերը: Դրա շնորհիվ Կապառոսի թիմը մրցաշարային աղյուսակում 5 ամիս շարունակ առաջ էր Գերմանիայի պես գերհզոր հավաքականից: Դա դարձավ պատճառներից մեկը, որ թոփ թիմերը ցանկություն հայտնեցին ԵՎՐՈ 2020-ին նախապատրաստվելուց առաջ ընկերական խաղեր անցկացնել մեր ընտրանու հետ: Դրանցից մեկը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան էր: 

Գորիցայում կայացած խաղում խորվաթների հարձակման կենտրոնում տեղակայվել էր Անդրեյ Կրամարիչը՝ «Հոֆենհայմի» լավագույն ֆուտբոլիստը, որը կարիերայի ժամանակ բախտ ունեցավ 2015-16 մրցաշրջանում «Լեսթերի» կազմում 22 րոպե անցկացնելու շնորհիվ Անգլիայի չեմպիոն դառնալ:

Հայաստանի դեմ խաղի հենց սկզբում նա գլխով բարձր հարված կատարեց: Ընդհանրապես Անդրեյը սիրում է խաղի ընթացքում անընդհատ փոխել խաղային դիրքը, հենց հաջողությամբ դա կիրառելն է նրա հիմնական զենքերից մեկը, ինչը «Հոֆենհայմում» շատ էր օգնում Սարգիս Ադամյանին: Այս անգամ Կրամարիչին դիմակայում էր կենտրոնական պաշտպանների Տարոն Ոսկանյան – Անդրե Չալըշըր զույգը: Կապառոսի սաները ինչ-որ կերպ կարողանում էին խորվաթին վերահսկել, երբ նա դասական կենտրոնական հարձակվողի ոճով էր խաղում, սակայն երբ Կրամարիչն սկսում էր մանևրել, ամեն ինչ փոխվում էր: Հանդիպման ընթացքում հարձակվողը ևս մեկ անգամ կարող էր գոլի մասնակցել: Երկու դեպքում նրա հարվածները նպատակին չհասան, մեկ անգամ էլ Դավիթ Տերտերյանը նրա ոտքի տակից փախցրեց գնդակը, երբ բալկան ֆուտբոլիստը պատրաստվում էր գոլ խփել: Բայց էլ ավելի հիշարժան էին նրա փոխանցումներից հետո վրիպումները: Միգուցե հիշում եք գրեթե անպաշտպան դարպասին հարված կատարելիս Իվան Պերիշիչի (միակ գոլի հեղինակի) անհավատալի վրիպումը, ինչպես նաև նպաստավոր դիրքից Անտե Ռեբիչի հարվածը դեպի երկինք: Երկու դեպքում էլ նրանց փոխանցում կատարողը Կրամարիչն էր, որին թիմակիցները զրկեցին ասիստի հնարավորությունից: 

Երկրորդ կեսում Անգուլո Վբեյմարը շեշտակի հարվածով պատասխան գոլը խփեց, և Հայաստանի հավաքականը կարողացավ ոչ-ոքի կորզել աշխարհի փոխչեմպիոնի դեմ արտագնա խաղում: 

Ալեքսանդր Իսակ. Շվեդիա – Հայաստան՝ 3:1 (05.06.2021).

Ալեքսանդր Իսակ  Շվեդիա – Հայաստան
«Ռեալ Սոսյեդադի» հարձակվողը 2021 թվականի հունիսի սկզբին հիասքանչ մարզավիճակում էր: Լա լիգայում նա 17 գոլ էր խփել և պատրաստվում էր տպավորել նաև ԵՎՐՈ 2020-ում: 

Բայց Հայաստանի հավաքականի դեմ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվողը գրեթե ոչինչ չկարողացավ անել: Հայաստանի հավաքականի դարպասին այդ խաղում շատ գոլային պահեր ստեղծվեցին, բայց Իսակի կողմից միակ սպառնալիքը 27-րդ րոպեին էր, երբ նա տուգանային հրապարակում էլեգանտ հնարքով ձեռնունայն թողեց Մոնրո Արարատին, բայց հետո բարձր հարվածեց: Տարոն Ոսկանյանը և Անդրե Չալըշըրը խաղադաշտում իրենց բազմաթիվ պարտականություններից մեկը՝ Իսակին «խաղից դուրս թողնելը», հիանալի կատարեցին, չնայած այդ հարցում օգնեցին շվեդները: Եթե Դեյան Կուլուշևսկին և Ալբին Էկդալը ժլատություն չանեին, Իսակը երկու դրվագում կարող էր գոլ խփել, սակայն հիանալի դիրքում գտնվող հարձակվողին փոխանցում չհետևեց: 

Իսակը փոխարինվեց 72-րդ րոպեին, իսկ Շվեդիան հաղթեց 3:1 հաշվով: Այդ օրն ընդհատվեց Հայաստանի հավաքականի՝ 9-խաղյա անպարտելիության շարքը: 

Տիմո Վերներ. Գերմանիա – Հայաստան՝ 6:0 (05.09.2021)

Տիմո Վերներ Գերմանիա – Հայաստան
Երբ ասում են բնությունը հավասարակշռության է ձգտում, դա կարելի է վերագրել նաև Ռոբերտ Լևանդովսկիի գերմանացի չլինելուն: Սարսափելի է պատկերացնել, թե լեհ հարձակվողի հետ Գերմանիայի հավաքականն ինչերի կարող էր հասնել, քանի որ այդ դեպքում գրեթե ամբողջությամբ կազմված կլիներ «Բավարիայի» ֆուտբոլիստներից: 

Միրոսլավ Կլոզեից հետո գերմանացիները դեռ չեն գտել այն կենտրոնական հարձակվողին, որը կկարողանար թիմի ստեղծած բազմաթիվ գոլային պահերը դարպասի գրավման վերածել: Եվ ֆուտբոլային աշխարհում շատերը հույս ունեն, որ չեն էլ գտնի, որպեսզի նրանք էլ լավ շանսեր ունենան տիտղոսների համար պայքարել: 

«Բունդեսթիմը» շարունակում է կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ մնալ և այդ դիրքում փորձարկում է տարբեր խաղացողների: 2021-ի սեպտեմբերին այդպիսին դարձավ Տիմո Վերները: «Չելսիի» ֆուտբոլիստն անհաջող մրցաշրջան էր անցկացրել, չնայած դրան՝ նրա թիմը դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 

Հայաստանի հավաքականի բախտն էլ չբերեց, և Գերմանիայի հետ հանդիպումը համընկավ Հանսի Ֆլիկի առաջին հանդիպումներին: «Բավարիային» բոլոր տիտղոսները պարգևած մարզիչն անմիջապես սկսեց նույն ֆուտբոլը դավանել նաև հավաքականում, և դա մեծ անախորժություններ էր խոստանում Հայաստանի հավաքականի համար:

Վերները, խաղը սկսելով կենտրոնական հարձակվողի դիրքում, արդեն 6-րդ րոպեին տեղափոխվեց աջ եզր և մասնակցեց գեղեցիկ կոմբինացիային, որն ավարտվեց Սերժ Գնաբրիի գոլով: 9 րոպե անց Տարոն Ոսկանյանը խանգարեց Վերներին գոլ խփել, փոխարենը դա կրկին արեց Գնաբրին: 35-րդ րոպեին Վերներն իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց: Տուգանային հրապարակում նա կրնկով արտակարգ փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին, որը շանս չտվեց Դավիթ Յուրչենկոյին: Ընդմիջումից առաջ վերջապես գոլ խփեց նաև Վերները՝ Լեոն Գորեցկայի գլխով փոխանցումից հետո մոտ տարածությունից գրավելով դարպասը: Այսպիսով՝ մեկ խաղակես, 4 գոլ, որոնց բոլորին մասնակցություն ունեցավ կենտրոնական հարձակվող Վերները: 

Երկրորդ խաղակեսում Վերների արդյունավետությունը կարող էր աճել: Դրվագներից մեկում Գնաբրին զարմանալիորեն չօգտագործեց Վերների «նվեր-փոխանցումը», իսկ րոպեներ անց Դավիթ Տերտերյանը Տիմոյին խանգարեց մոտ տարածությունից աչքի ընկնել: 

Գերմանիան հաղթեց խմբի առաջատարին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերներն էլ Շտուտգարտի իր հարազատ ստադիոնում խփեց այդ ընտրական փուլում իր 5 գոլերից մեկը և կատարեց միակ ասիստը: 

Կայ Հավերց. Հայաստան – Գերմանիա՝ 1:4 (14.11.2021)

Կայ Հավերց Հայաստան – Գերմանիա

Հայաստանի ու Գերմանիայի հաջորդ հանդիպման ժամանակ այլևս ինտրիգ չկար: Գերմանիան ապահովել էր խմբում առաջին տեղը, իսկ նախկին առաջատար Հայաստանը կորցրել անցումային խաղերի բոլոր շանսերը: 

Այդուհանդերձ, Հանս-Դիտեր Ֆլիկը մարտական կազմով էր ժամանել Հայաստան (չնայած գերմանացիների ո՞ր կազմը հզոր չէ): Այս անգամ կենտրոնական հարձակվողի դիրքում Կայ Հավերցն էր, որն այս պահին «Չելսիի» հարձակման գծում ավելի նախընտրելի տարբերակ է համարվում, քան նույնիսկ Ռոմելու Լուկակուն: Գերմանացին արդեն հինգերորդ րոպեին կարող էր բացել հաշիվը (կրկին այդ չարաբաստիկ րոպեն): Կայը խաբուսիկ շարժումով իր հետևում թողեց Չալըշըրին և փոխանցում ստացավ Սանեից, բայց նրա հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասաձողը: Բայց 10 րոպե Հավերցը խփեց իր գոլը: Կրկին նա փայլեց ճիշտ տեղում «բացվելու» ունակությամբ, այս անգամ ձեռնունայն թողեց Ոսկանյանին և մեկ հպումով գրավեց Ստանիսլավ Բուչնևի դարպասը: 

Երկրորդ կեսում Հավերցը մասնակցեց Գյունդողանի գոլին, որում ամենաշատ ներդրումն ունեցավ Բուչնևը, իսկ խաղավերջում Կայի փոխանցումից հետո չկարողացավ դարպասը գրավել Լուկաս Նմեչան: 

Այդուհանդերձ, Հավերցը ցույց տվեց, թե ինչու է հավակնում գերմանական ֆուտբոլի նոր Թոմաս Մյուլեր դառնալուն և ինչպես է հարկավոր օգտագործել ազատ տարածությունները: 
  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա