Logo

«Հավասար կազմ ունենք. ամեն ինչ հնարավոր է». Կարեն Աղամալյանը ներկայացրեց հավաքականի կազմը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:57 / 17.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
բռնցամարտի հավաքականի կազմ

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է այն մարզիկներին, որոնք մեր երկիրն են ներկայացնելու շաբաթ օրը Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում։

Մարզչական կազմի ընտրությամբ՝ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Բարեղամ Հարությունյանը (48 կգ քաշային կարգում), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

«Կազմը հիմնականում որոշվել է ընտրական բնույթ կրած Հայաստանի առաջնության, ինչպես նաև փորձնական ուղղվածության միջազգային մրցաշարերի արդյունքներով։ Հավաքականում ընդգրկվել են այսօրվա մեր բոլոր լավագույն բռնցքամարտիկները։ Նրանք անհրաժեշտ մարզավիճակում են, ակնկալում եմ, որ մինչև առաջնության մեկնարկը տղաներն ավելի լավ պատրաստականություն կունենան։ Բռնցքամարտն անհատական մարզաձև է, ուստի պետք է նկատի ունենալ, որ մարզիկները, իրենց առանձնահատկություններից ելնելով, տարբեր ժամանակահատվածում են հասնում անհրաժեշտ մակարդակին»,- VNews-ին հայտնեց Կարեն Աղամալյանը։

Խոսելով Տոնականյանի և Բաչկովի մասին, որոնց մասնակցության հարցը մինչև վերջերս անորոշ էր, մեր զրուցակիցը նշեց. «Նրանք նորմալ վիճակում են։ Կարենը ոտքի խնդիր ուներ, բայց արդեն մարզվում է։ Բաչկովի պարագայում բժիշկները նշել էին, որ մարզիկն ինքը պետք է որոշում կայացնի մասնակցության վերաբերյալ։ Նա ձեռքի թեթև վնասվածք ուներ։ Հուսով եմ՝ դա չի խանգարի լավ մասնակցելուն»։

Գլխավոր մարզիչն ասաց, որ մասնակցության առումով կոնկրետ խնդիր չի ձևակերպվել։ «Պետք է լավ մասնակցենք։ Մեդալների ակնկալիք ունեմ։ Մեր 13 տղաներից առնվազն 8-ը կարող է մրցանակակիր դառնալ ու կարող է չդառնալ, որովհետև սպորտում, գիտեք, դժվար է հստակ կանխատեսումներ անել։ Հավասար կազմ ունենք։ Ամեն ինչ հնարավոր է»,- արձանագրեց նա։    

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մայիսի 21-30-ը։ Մենամարտերն ընթանալու են մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարին մասնակցելու է եվրոպական գրեթե բոլոր երկրների շուրջ 280 բռնցքամարտիկ։ Առաջնության մրցանակային հիմնադրամը 260 հազար դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա