Logo

Թշվառ մարդկանց պատկերողը. Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 99 տարեկան

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:05 / 24.05.2022Արվեստանոց
նկարիչ Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանն, անշուշտ, հայ ժամանակակից գեղանկարչության լեգենդներից է: Ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերն այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։

Հակոբ Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք փաստեր կյանքից, ինչպես նաև նկարչի լավագույն ստեղծագործությունները...

Ծնվել է 1923 թվականին՝ Ալեքսանդրիայում (Եգիպտոս):

Ուսումն ստացել է Կիպրոսում, որից հետո՝ Կահիրեի գեղարվեստի (1944-1948) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում:

Մասնակից է դարձել մի շարք հեղինակավոր ցուցահանդեսների, բիենալեների:

Ընտանիքով հայրենադարձել է Հայաստան՝ 1962 թվականին:

Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1967-1971)։

Զբաղվել է նաև քանդակագործությամբ:

2011 թվականի մայիսին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հակոբ Հակոբյանի «Հեղեղեն գույների երգը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցադրված նկարների շրջանակները շագանակագույն փայտից էին: Նկարիչը մի անգամ ասել է. «Շրջանակները մարդկանց հագուստի նման են: Մարդը կարող է ճոխ հագնվել և պարզ: Ես պարզագույն շրջանակներն եմ ընտրել, որպեսզի նկարներս մերկ չլինեն»:


Հակոբ Հակոբյան 2

Լուսանկարը՝ Bravo.am


1960-ական թթ. նկարիչը գրեթե ամբողջապես տրվում է բնանկարի ժանրին, որը բնորոշ չէր նրա եգիպտական շրջանի աշխատանքներին: 

Նկարչի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2003թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1994թ. արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 1977թ. և 1985թ.` Հայաստանի Պետական մրցանակների: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին:

Ստեղծագործական առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ:

1970-ականների նատյուրմորտներում առօրեական իրերի միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ` «Մանեկեն և ծաղիկներ» (1972թ.), «Նատյուրմորտ» (1973թ.), «Ձկներ և ձեռնոցներ» (1973թ.), «Գործիքներ» (1976թ.) և այլն:

Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին` ո'չ» (1977-78թթ), «Սումգայիթ» (1989թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989թ. տեղադրվել է Արագածի բարձունքին):

Մահացել է Երևանում:

Ներկայացնում ենք նկարչի վերջին գրությունը, որ ընտանիքը 2015-ին տրամադրել է «Ազգ»-ին՝ մի քանի կտավի հետ միասին:

***

«Եթե մի բան կա, որ ես ամբողջ հոգիով կը փափագեի ունենալ` մի պետություն, որ աշխարհի ամբողջ հայության համար դառնար մի մագնիս. մի ձգողական ուժ. ամբողջ հայության համար մի ուժ, որ դեպի հայրենիք ձգեր դարերի ընթացքին կուտակված այն ուժը, եռանդը, միտքը, երազը: Իր շուրջը հավաքեր հայրենի հողի վրա. այն ատեն մենք պիտի ունենայինք գեղեցիկ, առողջ, ուժեղ եւ ուրախ երկիր մը` մեր հայրենիքը, ուր ոչ միայն հայերը երջանիկ պիտի ապրեին, այլ օտարներն ալ պիտի ձգտեին դեպի մեր գեղեցիկ երկիրը` ուրախանալու, սորվելու եւ օգտվելու:

Մշակույթի բարձրագույն արտահայտությունը պետությունն է: Մշակույթը միշտ ազգային է… Յուրաքանչյուր մարդու ներսում առկա «պետը» իր եսի գերադրական աստիճանն է: Լինել «պետ» իր անձի, ընտանիքի, սերունդի, իր զբաղմունքի, ստեղծագործության, պահվածքի… Լինել պիտանի… Եւ բոլոր «ես-պետեր»-ի հանրագումարը վիթխարի ուժ էՙ հայրենիքի, ազգայինի, տեսակի պաշտպանությունը…»:

Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները.

«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,- ասել է Հ. Հակոբյանը:


Հակոբ Հակոբյան 3

Հակոբ Հակոբյան 4

Հակոբ Հակոբյան 5

Հակոբ Հակոբյան 8


 

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա