Logo

Հակոբ Խաջիրյանը կօգնի, որպեսզի բասկետբոլը ներդվի հայկական դպրոցներում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.02.2018Բասկետբոլ
Բացառիկ
IMG 9934 - Հակոբ Խաջիրյանը կօգնի, որպեսզի բասկետբոլը ներդվի հայկական դպրոցներում

Բասկետբոլի Ա լիգայի  Հայաստանի առաջնության շրջանակներում ընթացող «Ուրարտու»-«Ինժեներ» հանդիպման ընթացքին մեծ ուշադրությամբ ու կլանված հետևում էր Ասիայի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար հայազգի Հակոբ Խաջիրյանը։ Vivaronews.am-ի հետ զրույցում «Հոմենթմեն» բասկետբոլային ակումբի նախկին վաստակավոր մարզիչը պատմեց, որ չնայած անձնական նպատակներով է ժամանել Հայաստան, բայց մտադիր է օգնել հայկական բասկետբոլի զարգացմանը և արդեն գիտի, թե ինչպես է դա անելու։

Ո՞րն է Ձեր այցի նպատակը և ինչո՞ւ եք որոշել ներկա գտնվել այս հանդիպմանը:

Անձնական հարցերով եմ Հայաստան ժամանել: Բացի այդ էլ, իմ պարտկանությունն էի համարում որպես հայ և բասկետբոլի աշխարհում դիրք ունեցող մարդ, կապ հաստատել բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի հետ և հնարավորինս օգտակար լինել հայկական բասկետբոլին: Այս խաղին էլ ներկա եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է կազմակերպվում լիգան, թիմերի մակարդակին մոտավորապես ծանոթ էի:

IMG 9935 - Հակոբ Խաջիրյանը կօգնի, որպեսզի բասկետբոլը ներդվի հայկական դպրոցներում 

Ի՞նչ կարծիք եք կազմել առաջնության, թիմերի և բասկետբոլիստների մասին:

Դեռ երիտասարդ են, բայց կլանված են բասկետբոլով: Մրցումային մակարդակը, անկեղծ ասած, այն չէ, դեռ աշխատելու տեղ կա: Ամեն աշխատանք անելիս պետք է աստիճան առ աստիճան բարձրանալ: Գնահատական չեմ կարող տալ, քանի որ պետք է տեղյակ լինեմ բոլոր մանրուքներից: Բավական ճանապարհ կա կտրելու: Այսօր բոլոր մարզաձևերը, այդ թվում, բասկետբոլը բիզնես է, այսինքն նյութական միջոցներ են պետք, երկար աշխատանքներ: Բայց կարևորը կամքն է, ցանկությունը ու ես ինձ հանդիպած բոլոր մարդկանց մեջ տեսնում եմ կամքը՝ ինչ-որ բան փոխելու, առաջ շարժվելու: Կփորձենք հնարավորինս զարգացնել բասկետբոլը՝ ապահովելով լավագույն մարզումները, որպեսզի նրանք կարողանան Հայաստանի անունը բարձր պահել միջազգային հարթակներում:

Հնարավո՞ր է, որ այդ զարգացմանը նպաստելու համար ներդրումներ կատարեք։

Այսպես ասեմ՝ խմբային աշխատանքների մեջ կան առաջատարներ, հրամանատարներ և զինվորներ: Այս պարագայում ես ինձ զինվոր եմ համարում, ով Հայաստանի ֆեդերացիայի հրամանատարության տակ է գտնվում: Ես կփորձեմ իմ տրամադրության տակ գտնվող մարդկանցով օգուտ բերել նրանց: FIBA-ի գրասենյակում բավական մեծ թվով հայ պաշտոնյաներ կան, որոնք նույնպես կարող են օգնել: Իհարկե, որոշակի հարցերով սահմանափակումներ ունենք, սակայն ազգային պարտականություն ենք համարում և կփորձենք այդ անձնակազմով մեր հայրենիքին օգտակար լինել:

Այդ անձնակազմով ինչպե՞ս եք կոնկրետ պատրաստվում օգնել հայկական բասկետբոլին:

Մեզ ընդհանուր ծրագիր է պետք: Հենց դրա վրա պետք է միասին աշխատենք: Մեդիա ներկայացուցիչները և երկրպագուները ցանկանում են արագ արդյունքներ տեսնել, սակայն դա անհնար է, աստիճանները մեկ առ մեկ պետք է բարձրանալ: Պետք է աշխատենք, որ զարգացման գործընթացի ժամանակ, որքան հնարավոր է վաղ աճը զգացվի:

Բասկետբոլի առաջնությունից սա առաջինն հանդիպո՞ւմն է, որին ներկա եք, միգուցե մտադի՞ր եք ևս մի քանի խաղերի այցելել:

Ասեմ, որ ֆեդերացիայի հետ համագործակցելու ենք, արդեն դրա ժամանակն է եկել, պետք է պլանավորենք մեր համատեղ աշխատանքը և այստեղ բոլորը պատրաստակամ են մեր խորհուրդները լսելու ու օգտագործելու:

Հավանաբար նաև հետևում եք հավաքականի ելույթներին: Այդտեղ գործերը բավական հաջող են ընթանում, երիտասարդներն էլ խոստումնալից են: Պրոֆեսիոնալ աչքով կարծիք կհայտնե՞ք մեր ընտրանիների մասին, ի՞նչ տպավորություն են թողնում Ձեզ վրա:

Այո՛, հետևում եմ հպարտության զգացումով: Բայց անկեղծ ասեմ՝ մեր հավաքականներում դրսից բերված ուժեր են՝ այստեղ են կամ այնտեղ: Եթե ցանկանում ենք երկարաշունչ լինել այս մարզաձևում, երկար ժամանակ ու պարբերաբար մեծ հաջողությունների հասնենք, ապա այդ սերմերը պետք է ծնվեն հայրենիքի մեջ, սփյուռքը միշտ կարող է աջակցել իր մարզիկներով, իր կարողություններով, բայց հիմքը այստեղ է: Պետք է մենք միշտ աշխատենք այստեղ խաղացողների բանակ ստեղծել, դրան կօժանդակեն սփյուռքի տարբեր գաղութներում գտնվող մարզիկները, սակայն բոլորը պետք է կենտրոնանան Հայաստանի վրա:

Այդ պատճառով պետք է ուշադիր հետևենք դպրոցական սպորտին, եթե նայենք աշխարհի լավագույն ակումբներին, ամենաշատ օլիմպիական մեդալներ նվաճած երկրներին, կտեսնենք, որ նրանց մոտ տարբեր մարզաձևերը ներդրված են դպրոցներում: Մարզիկը պետք է հիմնական քայլերը կատարի դպրոցում, սովորի ինչպես պետք է ոտքը շարժի, ձեռքը շարժի, ինչպես պետք է վազի: Այստեղ սպորտի նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է մշակեն ծրագիր դպրոցական սպորտի զարգացման համար: Սպորտի նախարարությունը իր վրա կարող է վերցնել մարզիչների պատրաստումը, կամ էլ այդ հարցով կարող է զբաղվել տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները, սակայն սկզբում պետք է ընդհանուր հումք պատրաստել, այսինքն՝ երբ պետք է որևէ կերակուր պատրաստես, կարևոր է, որ ունենաս բոլոր բաղադրիչները, խոհանոցում էլ բոլորը ունեն իրենց պարտականությունները, մեկը կտրատում է, մեկը՝ լվանում ու այդպես շարունակ: Այս ամենը պետք է համադրվի, որպեսզի լավ արտադրություն լինի: Սպորտն էլ բացառություն չէ, նույն մոտեցումն է անհրաժեշտ: Եթե ցանկանում եք տևական արդյունքներ գրանցել, պետք է դա ի կատար ածենք:

Մտադի՞ր եք օգնել այդ ծրագրի իրականացման հարցով: Կարելի՞ է ասել, որ պարբերաբար ժամանելու եք Հայաստան, թե՞ հեռակա եք օգնելու:

Արդեն պարբերաբար կգամ, այս դեպքում, երբ անհրաժեշտ լինի՝ կգամ: Արթուր Նազարյանն (Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար-խմբ) էլ Լիբանան կգա, միասին կքննարկենք այս հարցերը, տեսնենք, թե ինչ կարող ենք անել: Մի բան էլ ասեմ, որ պարտադիր է պրոֆեսիոնալ մոտեցումը մարզիկներից, մարզիչներից, ամենևին նա չէ պրոֆեսիոնալը, ով գումար է աշխատում սպորտի միջոցով: Ամեն ինչ չէ, որ կախված է պետությունից, սպորտի նախարարությունից և օլիմպիական կոմիտեից: Պետք է տարբեր գործարարներն էլ օգնեն այս գործում, քանի որ, ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում, ամեն ինչ հիմնված է թիմային հասկացության վրա:

IMG 9937 - Հակոբ Խաջիրյանը կօգնի, որպեսզի բասկետբոլը ներդվի հայկական դպրոցներում

Լավ եթե թվերով խոսենք, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի շոշափելի արդյունքների հասնելու համար:

Չեմ ցանկանում հուսահատեցնել, եթե հաշվի առնեմ մեր հայրենիքի կարողությունները, ապա 10-15 տարի: Բայց հնարավոր է այդ ժամանակը կիսով չափ կրճատել, եթե սփյուռքից օգնություն լինի մարզիկների և մարզիչների կողմից:

Զրուցեց՝ Լիանա Մկրտչյանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա