Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Հերիք չի՝ արջը կացին ուներ, հիմա էլ՝ ավտոմատ». Հալանդի տրանսֆերի բոլոր դետալները

Տարվա (գուցե տասնամյակի) տրանսֆերը կայացավ. աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ Էրլինգ Հալանդը, տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: 

Հալանդի ծառայություններով վերջին տարիներին հետաքրքրված էին գրեթե բոլոր գրանդ ակումբները, այս տարի «Սիթիի» գլխավոր մրցակիցը «Ռեալն» էր, բայց նորվեգացին որոշեց կարիերան շարունակել անգլիական թիմում: Փորձենք հասկանալ այս տրանսֆերի դետալները, շարժառիթները, երկկողմանի օգուտները, ռիսկերը և Հալանդի որոշման հիմքերը: 

Ինչու՞ Հալանդը հրաժարվեց տեղափոխվել «Ռեալ»

Ըստ իսպանական ու միջազգային բազմաթիվ պարբերականների՝ «Ռեալը» Հալանդի երազանքների ակումբն է, բայց նորվեգացին ընտրեց «Մանչեսթեր Սիթին»: Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն շտապեց հերքել այն հանգամանքը, որ փողը դեր է խաղացել հարձակվողի որոշման հարցում. «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» գրեթե նույն ֆինանսական պայմաններն են առաջարկել Հալանդին, բայց նա ընտրեց «Սիթիի» մարզական նախագիծը»:

Հալանդն իրականում ուներ «Ռեալ» չտեղափոխվելու այլ՝ մարզական պատճառներ: Առաջին պատճառը «Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման է: Ֆրանսիացին իր կարիերայի գագաթնակետում է, այս մրցաշրջանում անցկացրած 43 խաղում խփել է 43 գոլ, ու դրանից բացի, նրա դերը մեծ է նաև թիմի խաղում, և այս պահին Բենզեման «Ռեալում» անձեռնմխելի է: «Արքայական ակումբում» կարծում են, որ առաջիկա 2 մրցաշրջաններում 34-ամյա հարձակվողը կմնա և կլինի թիմի հիմնական «9» համարը: Դժվար է պատկերացնել, թե որ դիրքում կխաղար Հալանդն այդ դեպքում, իսկ «Մանչեսթեր Սիթիում» Հալանդի համար մեկնարկային կազմում տեղը երաշխավորված է:

Karim Benzema threatens to leave Real Madrid if they sign Erling Haaland

Երկրորդ պատճառը Կիլիան Մբապեի հավանական ժամանումն է: Հաշվի առնելով Մբապեի ու Հալանդի դիրքերը և խաղային տվյալները՝ կարելի է ենթադրել, որ նրանք հանգիստ կարող էին խաղալ միասին, նույնիսկ լրացնել միմյանց: Տակտիկական տեսանկյունից այս ֆուտբոլիստների համատեղելիությունը խնդիր չէր առաջացնի: Բայց այստեղ այլ հարց կա՝ ո՞վ էր լինելու թիմի գլխավոր աստղը: Ժամանակին Նեյմարը, երբ համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից աստղն էր, ընտրեց «Բարսելոնան», քանի որ սիրում էր իսպանական ֆուտբոլը, երկրպագում էր «Բարսային» և կատալոնական թիմի հետ կարող էր նվաճել տիտղոսներ (փաստացի 4 տարվա ընթացքում հաղթեց Չեմպիոնների լիգան, 2 անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն), բայց «Բարսելոնայում» էր նաև մեկ այլ գերաստղ՝ Լիոնել Մեսին: 2017-ին բրազիլացին շատ բան արեց թիմի համար, ՊՍԺ-ի դեմ հիշարժան ռեմոնտադայի գլխավոր հերոսն էր, բայց նա մնում էր Մեսիի ստվերի տակ: Բազմաթիվ երկրպագուների ու մասնագետների կարծիքով՝ դա նույնպես ազդեց Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության վրա: 

Գուցե Հալանդը հաշվի է առել այս հանգամանքը և ցանկանում էր լինել իր նոր թիմի գլխավոր աստղը: «Սիթիում», որտեղ առաջատարի դերը բաշխված է ֆուտբոլիստների միջև, գլխավոր աստղ դառնալու և «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերն ավելի մեծ են:

«Մանչեսթեր Սիթի». Պրեմիեր լիգա կոչվող մարտահրավերը

Հալանդն ընտրեց «Մանչեսթեր Սիթին», ինչը, իհարկե, ունի իր բազմաթիվ դրական կողմերն ու հեռանկարները: Թվում է՝ «Սիթիի» կենտրոնական հարձակվող լինելն ամենահեշտ բաներից է. այս թիմը Պրեմիեր լիգայի ամենաշատ գնդակ վերահսկող, մրցակցի տուգանային հրապարակում գնդակին ամենաշատ հպում ունեցող և ամենաշատ գոլ խփող թիմն է: Պետք է պարզապես կանգնել տուգանային հրապարակում և սպասել փոխանցումների՝ գոլեր խփելու համար: Բայց, իրականում, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, այլապես Գաբրիել Ժեզուշն ամեն տարի կդառնար ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու:

Պրեմիեր լիգայում խաղալը բարդ մարտահրավեր է աշխարհի ցանկացած խաղացողի համար, հատկապես նրանց, որոնք Բունդեսլիգայից են տեղափոխվում Անգլիա: Բունդեսի ու ԱՊԼ-ի խաղաոճերը շատ տարբեր են. Գերմանիայի առաջնությունում գրեթե բոլոր թիմերը խաղում են բաց ու հարձակողական ֆուտբոլ, կառուցում են բարձր պաշտպանություն՝ շատ դեպքերում մերկ թողնելով թիկունքը, ինչը հեշտացնում է կենտրոնական հարձակվողների գործը (հատկապես բարձրակարգ), մինչդեռ Անգլիայում այդ ազատ տարածությունները չկան, այստեղ ֆիզիկական ու տակտիկական պայքարն է գերակայում: Հալանդը Դորտմունդում հաճախ էր գոլեր խփում հակագրոհների արդյունքում՝ դուրս գալով մեն-մենակ դարպասապահների դեմ, իսկ այդպիսի իրավիճակներում «Սիթին» հաճախ չի լինում. Պրեմիեր լիգայում միայն 6 թիմ է, որ ավելի քիչ գոլ է խփել հակագրոհից, քան Պեպի թիմը:

Քիչ չեն եղել դեպքերը, երբ Գերմանիայից ֆուտբոլիստները տեղափոխվում են Անգլիա և ցույց չեն տալիս այն ֆուտբոլը, որ ցույց էին տալիս Գերմանիայում: Ամենավառ օրինակը Ջեյդոն Սանչոն է՝ Հալանդի նախկին թիմակիցը, որը հենց «Բորուսիայից» տեղափոխվեց Անգլիա, պարզապես Մանչեսթերի մյուս թիմ: 2020/21-ին նա 38 խաղում խփել էր 16 գոլ ու կատարել 20 ասիստ: Այս մրցաշրջանում նույնքան խաղում խփել է 5 գոլ ու կատարել 3 ասիստ: Նույնը կարող ենք ասել Տիմո Վերների մասին, որը «Լայպցիգում» աշխարհի ամենացանկալի հարձակվողներից էր, իսկ «Չելսիում» նույնիսկ մեկնարկային կազմում տեղ չունի: Շինջի Կագավան հեռանկարային ֆուտբոլիստ էր, եկավ «Յունայթեդ», խորտակվեց ու վերադարձավ «Բորուսիա»: Չենք կարող չհիշել նաև Հենրիխ Մխիթարյանին: Բունդեսլիգայում իր վերջին մրցաշրջանում 23 գոլ խելուց ու 32 գոլային փոխանցում կատարելուց հետո նա Անգլիայում՝ թե՛ «Մանչեսթեր Յունայթեդում», թե՛ «Արսենալում», նույնիսկ մոտ չէր այդ ցուցանիշներին: Պրեմիեր լիգա տեղափոխված ֆուտբոլիստին հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ: 

Five Bundesliga stars who have flopped in the Premier League like Mkhitaryan  and Werner while Sancho struggles at Man Utd - DailyNationToday

Դրական կողմերից գլխավորը, իհարկե, «Սիթիում» պատմություն կերտելն է: Այս ժամանակակից ակումբը հաղթանակների, տիտղոսների քաղց ունի. ամեն տարի Չեմպիոնների լիգան չհաղթելն ավելի է մոտիվացնում թիմին, որն ունի ֆանտաստիկ ներուժով երիտասարդ կազմ՝ առանց թույլ օղակների, ունի երկար պահեստայինների նստարան և ունի թոփ մարզիչ՝ ի դեմս Պեպ Գվարդիոլայի: Հենց Հալանդը կարող է կերտել այս թիմի պատմությունը և ոչ թե լինել Մբապեի ստվերում, այլ դառնալ նրա հեռակա մրցակիցը լավագույնի կոչման պայքարում:

Հալանդը Գվարդիոլայի փազլի վերջին կտո՞րն է

Իսկ հիմա այս տրանսֆերը դիտարկենք «Մանչեսթեր Սիթիի» տեսանկյունից ու վերլուծենք նրա տակտիկական նպատակահարմարությունը:

Գվարդիոլայի թիմերում, որպես կանոն, չի լինում կենտրոնական հարձակվող՝ բացառությամբ Ռոբերտ Լևանդովսկիի: «Մանչեսթեր Սիթիում» էլ որոշ ժամանակ Ագուերոն կատարում էր այդ պարտականությունները, բայց մեծ հաշվով «Սիթին» արդեն որպես կայացած թիմ խաղում է առանց «9» համարի. Ֆոդենը, Դե Բրույնեն, Բեռնարդու Սիլվան փորձում են պահեր ստեղծել, հիմնական իրացնողն էլ Ռիյադ Մահրեզն է, բայց մարոկկացին երբեք չի եղել կենտրոնական հարձակվող: Գվարդիոլան հասկացավ, որ որքան էլ պահեր ստեղծելու խնդիրներ չունի իր թիմը, բայց այդ պահերն անհրաժեշտ քանակով իրացնելու ֆուտբոլիստի կարիք կա: Եվ հենց դրա համար էլ եկել է Հալանդը:

«Սիթիի» գրոհների պլան Ա-ն հետևյելն է. կիսապաշտպանները գնդակի կարճ խաղարկումներով մոտենում են մրցակցի տուգանային հրապարակին, եզրից միանում է վինգերը կամ լատերալը և մեկ հպումով գնդակն ուղարկում է կա՛մ դեպի դարպասային հրապարակ, կա՛մ դեպի 11-մետրանոց նշակետ:

Այդ դեպքում շատ կարևոր է տուգանային հրապարակում գտնվող ֆուտբոլիստի վարքագիծը, թե ինչպես է նա տեղաշարժվում, ինչպես է ձերբազատվում պաշտպանների հսկողությունից, ինչպես է գտնում այն տարածությունը, որտեղ հայտնվելուց հետո կարող է մեկ հպումով գրավել մրցակցի դարպասը: Նայելով Հալանդի գործողություններին՝ տեսնում ենք, որ նորվեգացին հրաշալի է կարողանում գտնել մրցակցի պաշտպանության խոցելի գոտիները, ունի բավարար կտրուկություն՝ աննկատ այնտեղ հայտնվելու համար: Իսկ երբ նա դիրքային առավելություն ունի իրեն հսկող պաշտպանի նկատմամբ, գրեթե անհնար է դառնում գոլից խուսափելը: Հալանդը հրաշալի է գործում նաև մարդաշատ տուգանայիններում: «Բորուսիայում» իր առաջին 8 խաղում նա 9 գոլ էր խփել 1 հպումով: Դա վկայում է, որ Հալանդին անհրաժեշտ է ընդամենը 1 ակնթարթ՝ գոլ խփելու համար:

 

«Սիթիի» գրոհների պլան Բ-ն կամ այլընտրանքը շատ ավելի խոր պաշտպանություն ունեցող թիմերի դեմ խաղերում եզրից բարձրից փոխանցումներն են: Այս հարցում Գվարդիոլայի թիմը թերանում է, քանի որ բարձրահասակ ֆուտբոլիստները կազմում, մեղմ ասած, շատ չեն, և, օրինակ, «Ատլետիկոյի» դեմ ՉԼ քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Սիթիի» գրոհները փակուղի էին մտել, մինչև որ խաղադաշտ դուրս եկավ Ֆիլ Ֆոդենը և գտավ այն արահետը, որ ամբողջ խաղի ընթացքում միայն մեկ անգամ բացեցին Սիմեոնեի տղաները:

Երկրորդ հարկում Հալանդը լավագույններից է աշխարհում շնորհիվ իր բարձր հասակի և ամրակազմության: Նա հրաշալի կարողանում է շահել դիրք ու հարվածել գլխով այնպես, որ դարպասապահի համար հնարավորինս դժվար լինի փրկել իրավիճակը: Երբ «Սիթին» չկարողանա գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը, բարձրից փոխանցում կատարելը և Հալանդին փնտրելը կա ու կա: 

Իսկ չկա՞ թիմային բալանսի խախտման վտանգ, ինչպես եղավ «Յունայթեդում» ու «Չելսիում»

Կան մտավախություններ, որ Էրլինգ Հալանդը կարող է խախտել «Սիթիի» թիմային բալանսը: Նախադեպերը հենց Անգլիայում են:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ 2-3 մրցաշրջաններում զարգացման փուլում էր. Սուլշերի գլխավորությամբ թիմի խաղը բարելավվել էր, արդյունքները՝ նույնպես: Բրունու Ֆերնանդեշ-Մարկուս Ռեշֆորդ-Անտոնի Մարսիալ-Մեյսոն Գրինվուդ քառյակը բավական երկար ժամանակ արդյունավետ ֆուտբոլ էր ցուցադրում: Եկավ Կրիշտիանու Ռոնալդուն, ու թիմային բալանսը խախտվեց: Այո՛, պորտուգալացին իր կարգի շնորհիվ երբեմն միայնակ կարողանում է հաղթանակներ պարգևել թիմին, բայց այն խաղային համակարգը, որ կար մինչև նրա գալը, այլևս չկա:

«Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ խաղում էր խաղային հստակ համակարգով, ինչի շնորհիվ նախորդ մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների լիգան, ընդ որում՝ «կեղծ 9 համարով», որի պարտականությունները կատարում է նոմինալ խաղարկող Կայ Հավերցը: Տիմո Վերներն էլ չարդարացրեց սպասելիքները հարձակվողի դիրքում և վերածվեց վինգերի: Լոնդոնում որոշեցին «մարդասպան» հարձակվող գնել ու վերադարձրին կարիերայի լավագույն մարզավիճակում գտնվող Ռոմելու Լուկակուին, բայց բելգիացու տրանսֆերը (115 մլն եվրո) դեռևս չի արդարացնում սպասելիքները: Ռոմը չի մտնում Տուխելի խաղային համակարգում, իսկ երբ նա խաղադաշտում է, «Չելսիի» խաղում ինչ-որ բան խախտվում է:

Բայց եթե նայում ենք «Յունայթեդին» ու «Չելսիին», տեսնում ենք, որ երկու թիմերն էլ դեռ կայացման փուլում էին, երբ եկան Ռոնալդուն ու Լուկակուն: Սուլշերը դեռ ավարտին չէր հասցրել աշխատանքը, Տուխելը նախորդ հունվարից է միացել ակումբին: Իսկ ահա «Սիթին» ամբողջապես կայացած թիմ է, Անգլիայում գրանցել է ֆանտաստիկ արդյունքներ, Չեմպիոնների լիգայում էլ արդեն «եփման» փուլում է՝ գրեթե ամեն տարի դուրս գալով եզրափակիչ հատված: 

What the f*ck are you doing?!' - Pep Guardiola reveals why he can't speak  about Erling Haaland | Sporting News

Մնում է սպասել հաջորդ մրցաշրջանին ու տեսնել՝ ինչ կստացվի Գվարդիոլա-Հալանդ համատեղ աշխատանքից: «Սիթին» ուներ դոմինանտ խաղաոճ, գոլային պահեր ստեղծող մեքենա... Հիմա ունի նաև գոլեր խփող մեքենա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Հալանդը հրաժեշտ է տվել «Սիգնալ Իգունա Պարկին» (տեսանյութ)

  • 2157

Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի վերջնական արդյունքները (տեսանյութ)

  • 656

«Բորուսիայի»՝ 2022/23 մրցաշրջանի տնային մարզազգեստը (ֆոտո, տեսանյութ)

  • 318

«Սիթին» ու «Բորուսիան» համաձայնության են եկել Հալանդի տրանսֆերի հարցում

  • 1177

Ռոմանո. Ադեյեմիի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա» կայացած է

  • 289

«Բորուսիայի» մարզական տնօրենը Հալանդի ապագայի վերաբերյալ կարևոր տեղեկություն է հայտնել

  • 498

Բրանդտի դուբլն ու Դորտմունդի «Բորուսիայի» վստահ հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

  • 241

«Բորուսիան» գտել է Հալանդին փոխարինողին

  • 1657

Հալանդի հեթ-տրիկը, «Բորուսիայի» և «Բավարիայի» ձախողումը Բունդեսլիգայի ընթացիկ տուրում (տեսանյութեր)

  • 609

Հալանդը չի տեղափոխվի իսպանական գրանդ

  • 1312

«Բավարիան» այս անգամ էլ շանս չտվեց «Բորուսիային» և դարձավ Գերմանիայի չեմպիոն

  • 581

Հալանդը դեմ է, որ ակումբը ներկայացնի Հայաստանի դեմ խաղում ստացած վնասվածքի բժշկական հաշվետվությունը

  • 6752

Հալանդի դուբլն ու Դորտմունդի «Բորուսիայի»՝ թենիսի հաշվով հաղթանակը (տեսանյութ)

  • 1158

Այլընտրանք Հալանդին. «Ռեալը» ևս 1 խոշոր տրանսֆերային թիրախ ունի

  • 3481

Ազար եղբայրները կարող են հանդես գալ միևնույն թիմում

  • 944

Բրանդտի դուբլը հաղթանակ պարգևեց «Բորուսիային» (տեսանյութ)

  • 422