Դուբայն ամենահյուրընկալ և սիրված հանգստավայրերից մեկն է: Թանգարաններն ու ռեստորանները բաց են, ծովը տաք է, եղանակը՝ դուրեկան։ Էլ ի՞նչ է պետք կատարյալ արձակուրդ ունենալու համար:
Դուբայը սիրում է ռեկորդներ. այստեղ ամեն ինչ ամենալավն է: Աշխարհի ամենաբարձր աշտարակն այստեղ է գտնվում՝ «Բուրջ Խալիֆան» (828 մետր, ) ամենամեծ առևտրի կենտրոնը նույնպես՝ Dubai Mall-ը (1200 խանութ, իսկ տարածքը հավասար է 50 ֆուտբոլի դաշտի):
Այստեղ է գտնվում ամենաբարձր հինգաստղանի հյուրանոցն ու ամենաբարձր «լուսանկարի շրջանակ» շինությունը, որի հատակը փայլատ է, բայց երբ ոտք ես դնում, դառնում է թափանցիկ։
2020 թվականին Դուբայում բացվել է աշխարհի ամենամեծ շատրվանը՝ «The Palm Fountain»-ը: Սա պատասխանն է Կորեայի ջրային գեղեցկուհուն՝ «Moonlight Rainbow»-ին (ամենաերկարը), և Սաուդյան Արաբիայի Ֆահդ թագավորի շատրվանին (ամենաբարձրը):
Ընդ որում, ԱՄԷ պետությունն ընդամենը 50 տարեկան է։ Դուբայի ռեկորդները արդյունք են շեյխ Մուհամեդի քաղաքականության, որն իշխանության է եկել 2006 թվականին և ձեռնամուխ եղել անապատն ապագայի քաղաքի վերածելու գործին։
Բուրջ Խալիֆայից բացի՝ Դուբայի վերից վար տեսարան ստանալու ևս մեկ միջոց կա՝ Bluewater -ում գտնվող անիվը: Այն աշխարհում ամենաբարձրն է (250 մետր), գործարկվել է հոկտեմբերի 21-ին։
Այս բոլոր բարձունքներով և ռեկորդներով՝ Դուբայում ապրելակերպը ավանդական է բնիկ բնակչության շրջանում: Տպավորիչ երկնաքերերի ֆոնին` տեղացիները համեստ հագուստով են՝ տղամարդիկ սպիտակներով, կանայք` սևազգեստ:
ԱՄԷ-ն աշխարհի երկրորդ ամենաապահով երկիրն է (առջևում միայն Իսլանդիան է)։ Տեսահսկման տեսախցիկներն ամենուր են։
Զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքը լոյալ է. դուք չեք կարող ալկոհոլ գնել սովորական խանութներից, բայց բարերում և հյուրանոցներում որևէ խնդիր չի առաջանում: Սխալ տեղում ծխելիս ոստիկանը քաղաքավարի դիտողություն կանի, պետք է շատ ջանք գործադրել տուգանվելու համար:
Դուբայը նաև կանաչ զբոսավայրերի և ծաղիկների քաղաք է: Հոգնել եք ճանապարհներից, արմավենիներից, խանութներից և երկնաքերերից, այցելեք Դուբայի հրաշք այգին:
«Հոկտեմբերին մեկուկես միլիոն ծաղիկ է տնկվում, իսկ մարտին հավաքվում է, հակառակ դեպքում դրանք կվառվեն արևի տակ», – ասում է ԱՄԷ-ի զբոսավար Մարինան: «Ամեն տարի այգին նոր թեմատիկա է ունենում, այս մեկը մուլտֆիլմի կերպարների տեսքով է»:
Դուբայի թանգարանները նույնպես անսովոր են, այստեղ առաջարկում են ոչ թե նայել նկարներին, այլ «մտնել» դրանց մեջ։ Մի պահ պատկերացրեք ձեզ Վան Գոգի նկարի մեջ:
Ուղևորությունը չհետաձգելու մեկ այլ պատճառ է World Expo 2020 ցուցահանդեսը, որը կտևի մինչև մարտի վերջ։