Logo

Համո Բեկնազարյան. նա ստեղծեց հայկական առաջին վավերագրական կինոնկարը, և դա դեռ ամենը չէր

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:31 / 19.05.2022Ռեժիսորներ
Համո Բեկնազարյան

Այսօր հայ կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է: Ռեժիսորի կենսագրության մեջ ծննդյան երկու ամսաթիվ է նշվում՝ մայիսի 19, 1891 և մայիսի 31, 1892:

Կինոկարիերան սկսվել է 1914 թվականից: Խաղացել է տարբեր դերեր և նկարահանվել ավելի քան 70 ֆիլմերում: Բեկնազարյանի տաղանդի ճանաչումը միայն Հայաստանով չէր սահմանափակվում, նա նաև դասվում էր ռուսական համր կինոյի աստղերի շարքին: 

1915 թ-ից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թ-ից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923 թ.), «Կորսված գանձեր» (1924 թ.), «Նաթելլա» (1925 թ.) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։

1925 թ-ին հրավիրվել է Երևան և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ 

Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցին և գրականությանը բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Հայկական առաջին վավերագրական կինոնկարի հեղինակը եղել է Համո Բեկնազարյանը: 1926 թ. նկարահանված ժապավենը կոչվում էր «Երկրաշարժը Լենինականում»:

Համո Բեկնազարյան 1

Հուշեր

1899 թվականին Երևանն ունեցավ իր առաջին կինոթատրոնը, որն «Իլյուզիոն» էր կոչվում և գտնվում էր քաղաքի կենտրոնում` ոստիկանական վարչության շենքի մոտ: Համո Բեկնազարյանն իր հուշերում պատմել է առաջին դիտումն ու տպավորությունը: «Իլյուզիոնը» լեփ-լեցուն էր… Բոլորն էլ ինձ պես հուզված էին: Դույլը ձեռքին մի մարդ երևաց ու սկսեց կտավե էկրանի վրա ջուր լցնել: Դա արվում էր, ինչպես հետագայում իմացա, որպեսզի պատկերը կտավի վրա ավելի պարզ երևա… Ինչ-որ մակագրությունից հետո երևաց գետի և կամրջի պատկեր, և հանկարծ կադրի խորքից շոգեկառքը սրընթաց շարժվեց դեպի հանդիսատեսը: Դահլիճում իրարանցում սկսվեց. թվում էր` ուր որ է` հսկա հրեշը բոլորին կճզմի: Շատերը տեղերից վեր թռան…»:

«Եթե ինձ անցյալում ասեին, թե կանցնի մի քանի տարի, և իմ հայրենիքում կինոարտադրություն կստեղծվի, ես դա անկեղծորեն պատրանք կհամարեի։ Մինչդեռ անձամբ ինձ վիճակվեց ակտիվ մասնակցություն ունենալ ազգային կինոարվեստի ստեղծմանը Հայաստանում»․ Համո Բեկնազարյան:

Հետաքրքիր դեպք Համո Բեկնազարյանի նկարահանած  «Նամուսը» ֆիլմից

 Համո Բեկնազարյան 2

Ինչպես որ ամեն ինչ լինում է առաջին անգամ, այդպես էլ հայ կինոյում այլևայլ բաների շարքում առաջին անգամ եղավ… ապտակը: Իսկ դեպքը պատահեց 1924 թվականին, երբ նկարահանվում էր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը»: Ֆիլմում Բարխուդարի կերպարը բեմադրիչ Համո Բեկնազարյանը վստահեց թատրոնի մեծանուն հայ դերասան Հովհաննես Աբելյանին: Տաղանդավոր արտիստը բեմի վրա անկրկնելի էր, սակայն կինոն նրա համար «մութ անտառ էր», և որպեսզի չմոլորվեր այդ անտառում, հարկ էր լինում մանրամասն բացատրել, թե որ դեպքերում ինչ է անհրաժեշտ անել: Եվ ահա դրվագներից մեկում, ըստ սցենարի, Բարխուդարը պետք է դուրս գար պատշգամբ, տեսներ իր աղջկան Սեյրանի հետ համբուրվելիս և ապտակեր Սուսանին: Սուսանի դերը մարմնավորում էր ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի Մանյա Շահուբաթյանը: Փորձի ժամանակ ռեժիսորը զգուշացրեց Աբելյանին, որ կինոյի տարբերությունը թատրոնից հենց այն է, որ այստեղ ամեն ինչ բնական պետք է լինի` եթե հնարավոր է` լաց լինել, ապա արտասուքը պիտի երևա, եթե ծեծել է պետք, ապա դա նույնպես պետք է կատարել բնականորեն: Աբելյանը բեմադրիչի խորհուրդները հաշվի առավ ոչ ավելի, քան բառացիորեն: Եվ երբ դերի մեջ մտած՝ նկատեց Սուսանին համբուրվելիս, այնպիսի մի շառաչուն ապտակ հասցրեց աղջկան, որ կարիք զգացվեց բուժօգնություն ցույց տալ «տուժածին»: Տեսարանը ստացվել էր, սակայն դրանից հետո Շահուբաթյանը մի քանի օր մնաց տանը` ուռած այտով: Հ. Աբելյանն ամեն օր` ծաղկեփունջը և քաղցրավենիքը ձեռքին` այցելում էր Շահուբաթյանին և հանցավորի պես ասում.
— Ներիր ինձ, Մանյա, մեղավորը Համոն է. նա ասաց, որ բնական պիտի լինի, դե, ես էլ ոգևորվեցի: Ոչինչ, աղջիկս, դու առաջին անգամն ես ոտք դնում արվեստի բնագավառ, թող իմ ապտակը լինի քո մկրտությունը:

Համո Բեկնազարյանն իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։ Ռեժիսորի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։ Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թ.՝ ռուսերեն, 1968 թ.՝ հայերեն) գրքի։

Նրա անունով է կոչվել «Հայֆիլմ» կինոստուդիան։

 

Աղբյուր՝  HOVIKCHARKHCHYAN'S BLOG

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա