Logo

«Հանուն Ռամոսի ու Մբապեի»․ 5 պատճառ, թե ինչու «Ռեալը» կանցնի ՊՍԺ-ին

Հեղինակ
Արամ Սահակյան
18:11 / 09.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
ՌԵԱԼ-ՊՍԺ-2022

Հնչեղության տեսանկյունից «Ռեալի» ու «Պարի Սեն Ժերմենի» դիմակայությունը երևի թե կգերազանցի նույնիսկ այս տարվա եզրափակիչին։ Միայն պատկերացրե՛ք՝ «Ռեալի» դեմ խաղալու են ակումբի պատմության մեծագույն ավագը, ամենաանցանկալի մրցակիցն ու ապագա աստղը։ Թեպետ Ռամոսը բաց կթողնի նաև պատասխան խաղը, բայց նա ժամանել է Մադրիդ։ 

Կիլիան Մբապեի կախարդական կրակոցը փարիզյան խաղի վերջին րոպեին ու այդ գոլի կրքոտ տոնելն էլ ավելի թեժացրին դիմակայությունը։ Ու հիմա ֆուտբոլային ամբողջ հանրությունն սպասում է Մադրիդում կայանալիք ֆուտբոլային երեկոյին, որտեղ ամեն ինչ չափից դուրս թեժ է լինելու։ 

Կիլիան Մբապե 2022

Փարի՞զ, թե՞ Մադրիդ։ Ո՞ր թիմն է շարժվելու առաջ։ Մասնագետների պնդմամբ՝ առաջին խաղից հետո «Պարի Սեն Ժերմենի» շանսերն անհամեմատ ավելի բարձր են, բայց նույնիսկ 0-1 հաշիվը չի նսեմացնում այն բոլոր հանգամանքները, ինչի հաշվին «Ռեալը» կարող է անցնել մրցակցին։ Ներկայացնում եմ 5 պատճառ, որի շնորհիվ «Արքայական ակումբը» կհայտնվի քառորդ եզրափակիչում։ 

Ամառային պատերազմը

«Ռեալի» խաղացողները գերմոտիվացված են լինելու առաջիկա խաղին։ Պատճառը մրցակիցն է, իսկ եթե ավելի կոնկրետ ձևակերպենք, ապա ՊՍԺ-ն՝ իր ղեկավարության հետ միասին: Ամռանն այս թիմերի հարաբերությունները լարվեցին, երբ փարիզյան գրանդը մեկը մյուսի հետևից մերժում էր «Ռեալի» «յուղոտ» առաջարկները Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ, թեպետ ո՞վ ասաց, որ ՊՍԺ-ի շեֆերի համար դրանք «յուղոտ» են... Երբեմնի «բարեկամներ» Ֆլորենտինո Պերեսն ու Նասեր Ալ-Խելայիֆին այլևս բարեկամներ չեն, գուցե ինչ-որ տեղ արդեն թշնամիներ են։ Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակին ու Փարիզից եկող «խայթոցներին» գումարենք նաև Պերեսի՝ Սուպերլիգայի նախագծերն ու ՊՍԺ-ի մերժումը, և «պատերազմը» պատրաստ է։ 

Ֆլորենտինո Պերես

Այս հանգամանքն ստիպելու է «Ռեալին» դաշտում ցույց տալ, թե «ով ում բարեկամն է»։ Առաջին խաղում դա անել չհաջողվեց։ Սակայն պատասխան խաղին ընդառաջ ակնհայտ է, որ թիմում հենց այդ մթնոլորտն է։ Պատահական չէ, որ Կառլո Անչելոտին ասում է հետևյալը․

«Այս խաղում միայն 11 ֆուտբոլիստները չեն խաղալու։ Խաղալու են նաև ղեկավարությունը, երկրպագուները, աշխատակիցներն ու ամբողջ մադրիդիզմը»։  

Այնպես որ, հոգեբանական տեսանկյունից «Ռեալն» ամբողջությամբ պատրաստ է այս խաղին։ 

Դասեր առաջին խաղից

Հոգեբանական պատրաստվածությունը կարևոր է, սակայն խաղային տեսանկյունից ևս ամեն ինչ պետք է ճիշտ արվի, որպեսզի «Ռեալն» անցնի այնպիսի զորեղ մրցակցի, ինչպիսին ՊՍԺ-ն է։ Առաջին խաղում Կառլո Անչելոտիի գաղափարները դաշտում իրագործել չհաջողվեց, թեպետ հենց այդ նույն կանաչ դաշտին նայելով՝ դժվարությամբ էիր հասկանում, թե ինչ գաղափարներ է իր ֆուտբոլիստներին հասցրել իտալացի «սենյորը»։ 

Առաջին խաղից հետևած քննադատությունները տեղ են հասել։ Անչելոտին խաղի նախօրեին ասաց, որ երկրպագուները տեսնելու են խաղ, որի մասին երազում են։ Իսկ ի՞նչ խաղի մասին են երազում երկրպագուները, և ո՞ր դեպքում «Ռեալը» կկարողանա գերազանցել մրցակցին։ 

Մեսիի

«Ռեալը» պետք է ամեն ինչ անի, որպեսզի ավելի երկար լինի գնդակով։ «Սոսյեդադի» դեմ խաղը ցույց տվեց, որ երբ Մադրիդը վերահսկում է գնդակը, միջին գծի խաղացողները պարզապես ճախրում են դաշտում։ Լուկա Մոդրիչն օրերս դա հերթական անգամ ապացուցեց։ Գնդակը խլելու առաջին նախապայմանը բարձր պրեսինգն է, որը «Ռեալը» գերազանց կերպով էր կիրառում «Սոսյեդադի» դեմ խաղում։ Անչելոտին ակնարկեց, որ թիմը հենց այսպիսի խաղ է ցուցադրելու․

«Հաջորդ փուլ դուրս գալու համար մենք պետք է մեծ ինտենսիվությամբ խաղանք 90 րոպե»։ 

«Ռեալում» իսկապես այլ տարբերակ չկա։ Փարիզին պետք է ճնշել․ առաջին խաղում հասկացանք, որ երբ նրանք գնդակով են, շատ վտանգավոր են լինում։ Պետք է զրկել գնդակից ու անընդհատ գրոհել։ Այո՛, լինելու են հակագրոհներ, այո՛ Կիլիան Մբապեն զարհուրելի է, երբ ունի ազատ տարածություն ու գնդակ, բայց ո՞վ ասաց, որ հեշտ է լինելու։ «Ռեալն» «ամեն ինչ, կամ ոչինչ» կարգախոսով պետք է դուրս գա դաշտ։ Եթե Անչելոտին նորից նախընտրի մրցակցին դաշտի միջին գծում դիմավորելու տարբերակը, ապա ամեն ինչ ավելի վատ է լինելու։ Այնպես որ, պրեսինգ, գնդակի վերահսկողություն։ Եթե «Ռեալը» ՊՍԺ-ին զրկի գնդակից, շանսերն անհամեմատ ավելի մեծ են լինելու։ 

Մարզավիճակ

Սա ևս կարևոր գործոն է։ «Ռեալը» լավ մարզավիճակ է հավաքել, իսկ ՊՍԺ-ն Լիգա 1-ում պարզապես չի խաղում։ Նրանք «Ռեալի» դեմ խաղից հետո երկու պարտություն են կրել ներքին առաջնությունում։ ՊՍԺ-ն այնքան է պոկվել մրցակիցներից ու Ֆրանսիայում այնքան անհավասար պայքար է, որ փարիզյան գրանդն առանց մոտիվացիայի է դուրս գալիս կանաչ մակերես։ 

ՊՍԺ-ՌԵԱԼ

Այդ անկայունությունն ու ոչ թե խաղից խաղ, այլ մեկ առանձին խաղի տրամադրվելը և պատրաստվելը կարող են չար կատակ խաղալ ՊՍԺ-ի հետ։ Իսկ «Ռեալն» առավել քան կենտրոնացվածությամբ է մոտենում Լա լիգայի բոլոր խաղերին։ Պարզ համեմատություն․ Պոչետինոն իր առաջատարին անցած տուրում հանգստի հնարավորություն տվեց, իսկ Անչելոտին խաղում էր ամենաօպտիմալ կազմով։ 

Կարիմ առողջ Բենզեմա

Փարիզի առաջատարի մասին մեկ անգամ չէ, որ խոսեցինք։ Բայց շատերն են այս դիմակայությունում մոռանում Մադրիդի հսկայի մասին, որն առաջին խաղում հարյուր տոկոսով պատրաստ չէր: Բենզեման հիմա վերագտել է իր լավագույն մարզավիճակն ու նորից մեկը մյուսի հետևից գոլեր է խփում և գոլային փոխանցումներ կատարում։ Ճիշտ է՝ «Սոսյեդադի» դեմ խաղերում այդ մեկը մյուսի հետևից խփած գոլերը չեղարկվում էին միլիմետրանոց խաղից դուրսերի պատճառով։ Սակայն մեկ բան ակնհայտ է՝ Բենզեման կտարբերվի «Պարկ դե պրենսում» նույնիսկ փոխանցում կատարելիս ոտքը ոչ վստահ դնող Կարիմից։ 

Կարիմ Բենզեմա

«Միստեր Նուեվեն» խոսք ունի ասելու այս դիմակայությունում։ Երբ «Ռեալը» լինի գնդակով, Բենզեման պետք է սկսի անել իր գործը. տեղաշարժվել եզրեր, պաշտպաններին տանել իր հետևից, բացել տարածություններ։ Եթե «Փարիզը» լավ փակվեց, հոգ չէ։ Բենզեման կարող է նահանջել ու իր խոսքն ասել նաև «մանր խաղում»։ Նա այդկերպ լավ է համագործակցում դաշտի միջին գծի խաղացողների, մասնավորապես Մոդրիչի հետ։ Առաջին խաղում Բենզեմային գրեթե չտեսանք։ Մբապեի գոլի պահին էլ նա արդեն փոխարինվել էր։ Երբ Մբապեն կերտեց իր հրաշալի գոլը, հեռարձակման ռեժիսորի հրահանգով կադրում անմիջապես հայտնվեց Կարիմը՝ «ես քեզ կպատասխանեմ Մադրիդում, կրտսե՛ր եղբայր» դեմքով։ Նրանից շատ բան է կախված լինելու։ 

«Բեռնաբեուի» գործոնը

«Սանտիագո Բեռնաբեուում» լինելու է 60 հազար երկրպագու։ Նրանք առաջ են մղելու «Մադրիդին» ամեն րոպե։ Սա «սպիտակների» համար հավելյալ առավելություն է։ «Ռեալը» բազմաթիվ կախարդական երեկոներ է անցկացրել Մադրիդի այս զարմանահրաշ կառույցում, որն ավելի հրաշագեղ դառնալու ճանապարհին է։ Տրիբունաների գործոնն աշխատելու է առավել քան երբևէ։ 

Իսպանական Marca պարբերականը խաղի նախօրեին շատ հետաքրքիր կադրեր էր ֆիքսել ու տեղադրել սոցցանցերի իր էջերում։ Կիլիան Մբապեն իր թիմի նախախաղային մարզման ժամանակ երկար նայում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի տրիբունաներին։ Պատահական չէ, որ Մադրիդի գլխավոր ստադիոնի մասին բազմիցս ասում են, որ այն ազդեցիկ է նույնիսկ դատարկ վիճակում։ Մբապեի հայացքը հավանաբար հենց դա էր վկայում։ 

Մպամբե

Ամփոփելով «Ռեալի»՝ հաղթանակի հասնելու 5 գործոնները՝ ցանկանում եմ նորից վերհիշել փարիզյան խաղն ու մեկ կարևորագույն նկատառում անել՝ անկախ այս դիմակայության վերջնական արդյունքից, «Ռեալի» ու ՊՍԺ-ի առճակատման գլխավոր և բեկումնային իրադարձություններն արդեն կայացել են։ Գուցե ասածս մի փոքր տարօրինակ հնչի, բայց դա իսկապես այդպես է։Հիմա բացատրեմ, թե ինչու։

Եթե հաջորդ փուլ դուրս գա «Փարիզը», բոլորը կխոսեն, որ դիմակայության կարևորագույն պահը Մբապեի գոլն էր «Պարկ դե Պրենսում»։ Եթե դա չլիներ, մադրիդյան խաղը գուցե այլ սցենարով ընթանար։ Եթե հաջորդ փուլ դուրս գա «Ռեալը», բոլորը հիշելու են Լիոնել Մեսիի վրիպումը 11-մետրանոցից, քանի որ դիպուկ հարվածելու դեպքում ամեն ինչ այլ էր լինելու։ Միակ բացառությունն այն կլինի, որ Մադրիդում կողմերից մեկը գերխոշոր ու գերվստահ հաղթանակի հասնի։ Այդ ժամանակ Փարիզում տեղի ունեցածը ոչ ոք չի հիշի։ «Ռեալը» հաղթելու համար ունի բավարար պատճառներ թե՛ դաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Սպասենք երեկոյի գլխավոր հանդիպմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա