Թեպետ Լոնդոնի «Արսենալը» վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ հորիզոնական և հավակնում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի, սակայն գլխավոր մարզիչ Միկել Արտետան ապահովագրված չէ պաշտոնանկության հեռանկարից։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը պնդում է, որ 40-ամյա իսպանացին կհեռանա լոնդոնյան ակումբից, եթե նրա գլխավորած թիմը չկարողանա մրցանակային տեղ գրավել։
«Զինագործների» խաղային վերջին անկումն առհասարակ վտանգել էր նրանց մասնակցությունը եվրագավաթներին։ Հիմա հյուսիսլոնդոնցիները հավակնում են լավագույն դեպքում բրոնզե մեդալների, քանի որ միավորների քանակով չափազանց շատ են զիջում չեմպիոնի տիտղոսի համար պայքար մղող «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»։
Նևիլը կարծում է, որ «Արսենալի» չբավարարված հավակնությունները կարող են հանգեցնել Արտետայի հեռանալուն։ Sky Sports-ի փորձագետի կարծիքով՝ Արտետայի հեղինակությունը գնալով աճում է, բայց մարզիչը կհեռանա, եթե հասկանա, որ առավելագույնն է քաղել ներկայիս կազմից։
«Ինձ շատ է դուր գալիս Միկել Արտետան։ Կարծում եմ՝ նա հրաշալի մարզիչ է։ Տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին համախմբելու առումով նա պարզապես ֆանտաստիկ թիմ է ձևավորել։ Հավանաբար իսկապես մեծ երջանկություն է անհաջողությունների որոշակի փուլից հետո 4-րդ տեղում հայտնվելը։
Կարծում եմ՝ Արտետային և նրա թիմին դժվարին ճանապարհ է սպասվում, սակայն 4-րդ տեղը միանգամայն լավ արդյունք կլինի»,- նշել է Նևիլը։