Logo

39 երկիր, 219 մարզիկ. հաստատվել է երևանյան ԵԱ-ի անցկացման ամբողջական կարգը

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:12 / 23.05.2022Բռնցքամարտ
Եվրոպայի առաջնության կարգ

Երևանում անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական խորհրդակցություն։

Բռնցքամարտը համակարգող եվրոպական կառույցը տեղեկացնում է, որ «Անի Գրանդ» հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ EUBC-ի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսն, արձանագրելով, որ Հայաստանը լիովին պատրաստ է Եվրոպայի առաջնության անցկացմանը, շնորհավորել է մեր երկրի բռնցքամարտի ֆեդերացիային կատարած հրաշալի աշխատանքի համար։

Ավանդական անվանակոչով արձանագրվել է, որ եռամյա ընդմիջումից հետո անցկացվող Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 39 երկրի 219 մարզիկ, 28 մրցավար և 17 պաշտոնական ներկայացուցիչ։ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է 13 քաշային կարգում՝ մինչև 48 կգ, 51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 63,5 կգ, 67 կգ, 71 կգ, 75 կգ, 80 կգ, 86 կգ, 92 կգ և 92 կգ-ից բարձր։

Միջոցառմանը քննարկվել են նաև արարողակարգային այլ հարցեր՝ մասնակցության կարգավիճակը, արտոնումը, մրցումների ժամանակացույցը, պաշտոնական վիճակահանությունը, մարզիկների կշռման ամենօրյա արարողությունը, տեխնիկական և մրցակցային հիմնական կանոնները, բռնցքամարտիկների մարզազգեստը, ձեռքերի պրոֆեսիոնալ կապիչները, բժշկական և հակադոպինգային արարողությունները, տեսագրության կարգը, պարգևատրման արարողությունը, IBA-ի կարգապահական կանոնակարգը։

Մրցումներն սկսվելու են այսօր՝ տեղական ժամանակով 18։00-ից, ՄՀՀ-ում տեղադրված երկու ռինգում։ Հաջորդ օրերին ցերեկային մրցահերթը մեկնարկելու է ժամը 14:00-ին, իսկ երեկոյանը՝ 18:00-ին։ Մայիսի 28-ը հանգստյան օր է։ Բոլոր 13 եզրափակիչ մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին։

Մասնակից երկրներն են Հայաստանը, Ալբանիան, Անգլիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Թուրքիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Խորվաթիան, Հունաստանը, Հունգարիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շոտլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Չեռնոգորիան, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Վրաստանը, Ուելսը, Ուկրաինան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։

Հավելենք՝ «Վիվառո Մեդիա»-ն բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական մեդիա գործընկերն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա