Հայաստանի ազգային հավաքականը երկարատև դադարից հետո վերսկսում է միջազգային մրցելույթները։ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին տուրում Խոակին Կապառոսի ընտրանին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։ Բոլորի հիշողություններում դեռևս թարմ է 11 տարի առաջ Դուբլինում Ռոման Բերեզովսկիի անհիմն կարմիր քարտն ու մեր թիմի կրած դառը պարտությունը։ Մեր տղաները միանշանակ դաշտ դուրս կգան ռևանշի հույսով, չնայած որ այդ կազմի մի շարք ֆուտբոլիստներ ոչ միայն այլևս չեն հրավիրվում Հայաստանի հավաքական, այլև ոմանք ավարտել են կարիերան։ Փորձենք հասկանալ՝ առաջիկա խաղում ինչ կազմով է խաղալու մեր ընտրանին։
Դարպասապահի դիրքում Խոակին Կապառոսը դարձյալ կվստահի Դավիթ Յուրչենկոյին։ Բուչնևը, Բեգլարյանն ու Հենրի Ավագյանը կլինեն իսպանացի մասնագետի միայն պահեստային ընտրությունը։
Պաշտպանության գիծը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կենթարկվի որոշակի փոփոխությունների։ Մեր առաջիկա 3 մրցակիցներից առնվազն 2-ը խաղում են 3 կենտրոնական պաշտպանով սխեմայով։ Կապառոսի ընտրությունն էլ, ըստ երևույթին, պետք է պայմանավորել այդ հանգամանքով։ Կենտրոնական պաշտպանների եռյակը կկազմեն Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանն ու Հրայր Մկոյանը։ Ոսկանյանը կլինի ամենակենտրոնականը, Հարոյանը՝ մի փոքր աջից, Մկոյանը՝ ձախից։ Աջից ամբողջ եզրը կփակի Հովհաննես Համբարձումյանը, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Ձախ կողմը կտնօրինի Կամո Հովհաննիսյանը։ Այս սխեման թույլ կտա Կամոյին օգտագործելու իր բարձր արագությունը և հնարավորինս քիչ մտածելու հետին գծի մասին։
Կիսապաշտպանությունում մենք կխաղանք 2 հենակետայինով, որտեղ Սոլոմոն Ուդոն կլինի մաքուր հենակետայինը, իսկ Էդուարդ Սպերցյանը կկատարի վաղ Հենրիխ Մխիթարյանի ֆունկցիան. կփորձի կենտրոնով զարգացնել մեր գրոհները։ Կապառոսը կարող է գնալ հետաքրքիր քայլի՝ դուրս բերելով միանգամից 3 կենտրոնական կիսապաշտպանի, քանի որ իր ձեռքի տակ ունի այդպիսի խորություն։ Այլընտրանք կարող են լինել Արտակ Գրիգորյանն ու Վբեյմար Անգուլոն։
Հարձակման գծում մենք դարձյալ ունենք լրջագույն խնդիրներ։ Ալեքսանդր Կարապետյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վնասվածք ունի, Լուկաս Սելարայանը նույնպես վերջին պահին դուրս մնաց հայտացուցակից նույն խնդրի պատճառով։ Նման ֆոնին այս անգամ հավաքական չհրավիրված Արթուր Միրանյանը կարող էր օգուտ տալ։ Ամենայն հավանականությամբ, առջևի գծում Կապառոսը տեղ կվստահի Տիգրան Բարսեղյանին, Վահան Բիչախչյանին ու Սարգիս Ադամյանին։ Ընդ որում՝ քանի որ այս 3 ֆուտբոլիստները վառ արտահայտված կենտրոնական հարձակվող չեն, նրանք կարող են հանգիստ փոխել դիրքերը և մրցակցի պաշտպաններին դնել անհարմար դրության մեջ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո