Logo

Հավաքականի լեգենդ ու չօգտագործված հնարավորություններ․ Հայկական օրիունդոների պատմությունը. նախկին ԽՍՀՄ, Ամերիկա, Մերձավոր Արևելք

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
16:52 / 09.05.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայկական ֆուտբոլի առանձնահատկություններից մեկն ազգային հավաքականում սփյուռքի ներկայացուցիչների մեծ քանակությունն է: Սփյուռքի խաղացողների ներգրավումն ազգային հավաքականում նոր բան չէ ֆուտբոլում, իտալացիներն ու իսպանացիները «լծված» են այդ գործին դեռևս 1930-ականներից: Նման ֆուտբոլիստներին Իտալիայում անվանում են օրիունդո:

Նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված հայ ֆուտբոլիստները 1992 թվականից հետո դարձան այդ երկրների քաղաքացիներ: Բնական է, որ մեծ թիվ էին կազմում Ռուսաստանում ծնված հայ ֆուտբոլիստները, սակայն նրանք քիչ չէին նաև հետխորհրդային այլ երկրներում: Նրանցից ոմանք 90-ականներին տեղափոխվեցին Հայաստան ու պրոֆեսիոնալ կարիերան սկսեցին հենց հայրենիքում: Մասնավորապես, Թբիլիսիում ծնված Ալեքսանդր Թադևոսյանը 18 տարեկանում դարձավ «Փյունիկի» ֆուտբոլիստ, մեկ տարի անց տեղափոխվեց «Արարատ», որի կազմում գերազանց ելույթներ ունեցավ, իսկ 2002-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ «Արարատը» «աքսորվեց» Հայաստանի առաջնությունից, և Թադևոսյանը Աղվան Մկրտչյանի հետ միասին առանց դրամական փոխհատուցման տեղափոխվեց Հայրապետյանին պատկանող «Փյունիկ»: Այդտեղից էլ ֆուտբոլիստը հրավիրվեց Հայաստանի հավաքական, որի կազմում ելույթ ունեցավ մինչև 2010-ը ու մասնակցեց 41 հանդիպման՝ երկար տարիներ լինելով հավաքականի հիմնական պաշտպաններից մեկը: 

Ամեն դեպքում, Թադևոսյանին լիարժեք օրիունդո անվանել չի կարելի, ի տարբերություն մեկ այլ վիրահայ պաշտպանի՝ Վախթանգ Հակոբյանի: Ծալկայում ծնված ֆուտբոլիստը հայտնի էր դարձել Վրաստանում Գորիի «Դիլայում» և Քութայիսիի «Տորպեդոյում» ելույթներով: 2002-ին ակտիվ խոսակցություններ էին գնում, որ Հակոբյանի ծառայություններով հետաքրրքված են թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները: 2003-ին Հակոբյանը տեղափոխվեց «Փյունիկ» և հրավիրվեց Հայաստանի հավաքական, փոխարինման դուրս եկավ Իսրայելի հետ ընկերական խաղում, բայց չկարողացավ հաստատվել ո՛չ «Փյունիկում», ո՛չ «Արարատում», ո՛չ «Գանձասարում», և այլևս չխաղաց հավաքականում:

Թբիլիսիում է ծնվել նաև Ալեքսանդր Կարապետյանը, սակայն 11 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Գերմանիայի Ռեգիոնալ լիգայում 6 տարի անցկացնելուց հետո Կարապետյանը որոշեց դուրս գալ լճացումից, մեկնեց Լյուքսեմբուրգ և տեղի առաջնությունում դարձավ իսկական աստղ, լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Բեռնար Շալանդը 2014-ին հրավիրեց նրան ազգային հավաքական: Սերբիայի հետ ընտրական խաղում հարձակվողը դուրս եկավ փոխարինման՝ նորամուտը նշելով հավաքականում, այնուհետև մասնակցեց Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Շատերը տարակուսում էին՝ ինչ է անում հավաքականում Լյուքսեմբուրգում խաղացող ֆուտբոլիստը, առավել ևս, որ այդ խաղերում նա ոչնչով աչքի չընկավ: Մարզիչները դադարեցին Կարապետյանին հրավիրել հավաքական մինչև 2018-ը, երբ հարձակվողը «Պրոգրեսի» կազմում իրեն փայլուն դրսևորեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ Եվրոպա լիգայի դիմակայությունում: Արմեն Գյուլբուդաղյանցը վերադարձրեց Կարապետյանին հավաքական, և վերջինս այս անգամ փայլուն դրսևորեց իրեն: Հավաքականը Յուրա Մովսիսյանից հետո վերջապես ունեցավ ուժեղ կենտրոնական հարձակվող, որը կարողանում էր առջևի գծում պայքարել մրցակցի պաշտպանների դեմ, հարվածային դիրք դուրս գալ ու գոլեր խփել: Կարապետյանը 4 տարվա ընթացքում 23 հանդիպման մասնակցեց, դարձավ 6 գոլի հեղինակ, այդ թվում՝ գրավելով Եվրոպայի ապագա չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասը: Սակայն Կարապետյանն արդեն ֆուտբոլիստի համար երիտասարդ տարիքում չէր, աստիճանաբար սկսվեց խաղային անկումը, իսկ «Ալաշկերտի» կազմում ստացած խաչաձև կապանների վնասվածքից հետո նա արդեն չկարողացավ վերադառնալ նախկին խաղամակարդակին:

Ուկրաինայում ծնված Արթուր Միրանյանը, որը ելույթ էր ունենում Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմում, պատանեկան տարիքում հրավիրվել էր Ուկրաինայի Մ17 ու Մ19 հավաքականներ, բայց 21 տարեկանում որոշում կայացրեց միանալ Հայաստանի երիտասարդական հավաքականին՝ Արտյոմ Սիմոնյանի հետ միասին դառնալով թիմի առաջատարը: Սակայն պրոֆեսիոնալ կարիերայի աճը դանդաղեց այն բանից հետո, երբ նա տեղափոխվեց մակեդոնական «Վարդար»: Կարիերան փրկելու համար Միրանյանը 2017-ին միացավ Երևանի «Փյունիկին», դարձավ թիմի առաջատարներից մեկը և 2019-ին հրավիրվեց ազգային հավաքական: 

Ուկրաինայում ծնված ևս երկու ֆուտբոլիստ՝ դարպասապահ Վալերի Ոսկոնյանն ու պաշտպան Արթուր Դանիելյանը նույնպես տարբեր ժամանակներում հրավիրվել են Հայաստանի հավաքական, սակայն այդպես էլ խաղաժամանակ չեն ստացել: Դանիելյանը, ի տարբերություն Ոսկոնյանի, խաղացել է Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Այժմ Ուկրաինայի առաջնությունում է խաղում Արթուր Ավագիմյանը, սակայն հավաքականի մարզիչներից ոչ մեկը դեռ չի ցանկացել «Չեռնոմորեցի» կիսապաշտպանին տեսնել ազգային թիմում:

Խորհրդային այլ երկրներից Հայաստանի հավաքականում ելույթ ունեցավ Մոլդովայում ծնված Արտյոմ Խաչատուրովը: Բարձրահասական կենտրոնական պաշտպանը ՀՖՖ ուշադրության կենտրոնում հայտնվել էր Մոլդովայի անփոփոխ չեմպիոն «Շերիֆի» հիմնական կազմում հայտնվելուց հետո: Նրա հետ մեծ հույսեր էին կապում նաև Մոլդովայում, նա ելույթ էր ունեցել այդ երկրի մինչև 19 տարեկանների ու երիտասարդական հավաքականներում, բայց 2013-ին ընդունեց Հայաստանի հավաքականի հրավերը և Լյուքսեմբուրգի հետ խաղում նորամուտը նշեց ազգային թիմի կազմում: Նույն թվականին Խաչատուրովը հեռացավ «Շերիֆից», և դրանից հետո ոչ մի թիմում մեկ տարուց ավելի չէր մնում: Վարդան Մինասյանն ու Բեռնար Շալանդը չէին վստահում երիտասարդ պաշտպանին՝ թողնելով նրան պահեստայինների նստարանին: 2014-ից հետո ֆուտբոլիստը դադարեց հրավիրվել հավաքական մինչև 2018-ը, երբ Արմեն Գյուլբուդաղյանցը նկատեց Խաչատուրովի վստահ ելույթները Վանաձորի «Լոռիում»: Արտյոմը ևս երկու հանդիպում անցկացրեց հավաքականի կազմում՝ մասնակցելով Ազգերի լիգայում Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակին (4-0), մի քանի խաղում էլ մնաց պահեստայինների նստարանին: 2021-ից 31-ամյա Խաչատուրովը մնացել է առանց ակումբ, և այժմ ելույթ է ունենում Մոլդովայի սիրողական լիգաներում:

Գաղտնիք չէ, որ Հարավային և Հյուսիսայում Ամերիկաներում մեծ հայկական սփյուռք կա, և վաղ թե ուշ հավաքականում պետք է լինեին ֆուտբոլիստներ նաև այդ մայրցամաքից: 

1996-ին Միշել Տեր-Զաքարյանի և Էրիկ Ասադուրյանի հետ միասին շրջանառվում էր ֆրանսիական «Լիոնի» բրազիլահայ եզրային պաշտպան Մարսելո Կիրամիջյանի (Մարսելո Ջյան) և արգենտինահայ Մանուել Ավետիքյանի անունները: Ջյանը համաշխարհային ֆուտբոլում նշանակալի կերպար էր. «Կորինտիանսում» խաղալու տարիներին նա ճանաչվել էր Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ, երկու հանդիպում անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, 1993-ին տեղափոխվել էր «Լիոն», դարձել հիմնական կազմի խաղացող, սակայն Բրազիլիայի հավաքականում այնքան շատ էին ուժեղ եզրային պաշտպանները, որ Մարսելոյին հերթ չէր հասնում: 1996-ին նա իրավունք ուներ փոխել սպորտային քաղաքացիությունը և խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն թե՛ Ջյանը, թե՛ Ասադուրյանը մերժեցին ՀՖՖ-ի առաջին հրավերը: Ասադուրյանը մեկ տարի անց միացավ հավաքականին, իսկ Ջյանը 1997-ին վերադարձավ Բրազիլիա՝ «Կրուզեյրո», և հավաքականի մասին խոսակցություններն այդքանով ավարտվեցին:

Ինչ վերաբերում է Ավետիքյանին, ապա 1996-ին նա հայտնվեց Արգենտինայի լավագույն թիմերից մեկի՝ «Սան Լորենցոյի» հիմնական կազմում, բայց միայն երկու հանդիպման մասնակցեց և կորավ ֆուտբոլասերների տեսադաշտից: 

1997-ին Հայաստանի հավաքականը մեկնեց Հարավային Ամերիկա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու: Հավաքական հրավիրվեց «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող, ծնունդով երևանցի Հարութ Կարապետյանը: Վերջինս ֆուտբոլով սկսել էր զբաղվել Հայաստանում, սակայն 1989-ին ընտանիքի հետ մեկնել էր ԱՄՆ: Կարապետյանն իր անունը գրել է ՄԼՍ-ի պատմության մեջ՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը: Սակայն հավաքականում նա միայն երկու հանդիպման մասնակցեց՝ Չիլիի և Պարագվայի հետ, և Եվրոպայում անցկացվող խաղերին հավաքականին չմիացավ:

Առհասարակ, Ամերիկա մայրցամաքից Հայաստանի հավաքականն ամենաշատ մերժումներն էր ստանում: Պատճառները տարբեր են՝ երկար թռիչքները, պատմական հայրենիքի հետ կապի բացակայությունը, ավելի ուժեղ հավաքականում խաղալու ցանկությունը… 1998-ին հանրահայտ «Արգենտինոս Խունիորսի» կազմում հայտնվեց հարձակվող Ֆերնանդո Զաքարյանը, որը հետագա 4 տարիների ընթացքում այդ թիմի կազմում մասնակցեց 54 հանդիպման, դարձավ 7 գոլի հեղինակ: 2001-ին ՀՖՖ-ն հետաքրքրվեց նրա ծառայություններով, բայց երկրների միջև տարածությունը մեծ խնդիր էր: Այնուհետև Զաքարյանը վնասվածք ստացավ ու դուրս մնաց թիմի հիմնական կազմից։ 2002-ին Ֆերնանդոն տեղափոխվեց Երևանի «Փյունիկ», և նախատեսվում էր, որ կխաղա նաև ազգային հավաքականում: Ֆիննական «Տամպերեի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում Զաքարյանը փոխարինման դուրս եկավ տրիբունաների այնպիսի ողջույնների ներքո, որ մրցակիցը հավանաբար մտածեց՝ շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է խաղադաշտ մտել: Սակայն «Փյունիկում» անցկացրած կարճ ժամանակահատվածում Զաքարյանը չկարողացավ տպավորել ակումբի և հավաքականի մարզիչներին, իր հասցեին ոչ այդքան հաճելի խոսքեր լսեց «Փյունիկի» նախագահ Ռուբեն Հայրապետյանից ու շատ արագ վերադարձավ Արգենտինա, խաղաց տեղի ցածր լիգաներում և 2011-ին ավարտեց կարիերան: Հայաստանում նրա մասին այլևս չհիշեցին:

Իրանահայ հայտնի ֆուտբոլիստ Անդրանիկ Էսկանդարյանի որդին՝ Ալեկո Էսկանդարյանը, ընտրություն կատարելու ժամանակ չունեցավ: Նա պատանեկան տարիքից խաղում էր ԱՄՆ-ի պատանեկան հավաքականներում, և 2003-ին 21 տարեկանում հրավիրվեց ազգային հավաքական, մինչդեռ ՀՖՖ-ից նրան հրավիրելու միայն թույլ փորձեր էին եղել: Երիտասարդ ֆուտբոլիստի վերելքը շատ արագ էր ընթանում, 2004-ին նա մասնակցեց Բոլոր աստղերի հանդիպմանը, 2005-ին ճանաչվեց MLS Cup մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, բայց ծանր վնասվածքն ընդհատեց կարիերան: Հաջորդ 5 տարիների ընթացքում նա 50 հանդիպման էլ չմասնակցեց ու 2010-ին թողեց ֆուտբոլը: 

2005-ին ֆրանսիական Լիգա 1-ում ելույթ ունեցող «Նանսիում» հայտնվեց ուրուգվայցի կիսապաշտպան Ադրիան Սարկիսյանը, որը պատանեկան տարիքում ելույթ էր ունեցել Ուրուգվայի պատանեկան հավաքականներում: Հայաստանում միանգամից հետաքրքրվեցին 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, բայց Սարկիսյանն արագորեն հասկացնել տվեց, որ երազում է Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել 2006թ․ աշխարհի առաջնությանը: Արդյունքում, ո՛չ Ուրուգվայը հայտնվեց աշխարհի առաջնությունում, ո՛չ էլ Սարկիսյանը՝ Ուրուգվայի հավաքականում: 2007-ին ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածք ստացավ, ինչի պատճառով մեկ տարի անց ստիպված էր ավարտել կարիերան:

Իսկ ահա մեկ այլ ուրուգվայահայ Խոակին Պողոսյանը բավականին երկար ժամանակ մնաց ՀՖՖ-ի նշանառության տակ: Ուրուգվայի պատանեկան հավաքականի նախկին հարձակվողը «Սերոյի» կազմում երկու հիանալի մրցաշրջանից հետո մեկնեց Արգենտինա և «Նյուելզ Օլդ Բոյզի» կազմում դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: ՀՖՖ-ն ու հայ ֆուտբոլասերները միանգամից սկսեցին հետաքրքրվել երիտասարդ, տաղանդավոր հարձակվողի ծառայություններով, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ հայտարարեց, որ այդ հարցը գրեթե լուծված է, և Պողոսյանը կմիանա ազգային հավաքականին, որը լուրջ խնդիրներ ուներ հարձակման գծում: Բայց Պողոսյանը չէր շտապում պատասխան տալ՝ երազելով 2010-ին Ուրուգվայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին: Սակայն Ուրուգվայի հավաքականի հարձակման գծում այնպիսի աստղային կազմ էր հավաքված, որ այդ երազանքներն այդպես էլ չիրականացան: Հայ երկրպագուները ArmFootball կայքի ֆորումից մոտիվացիոն հոլովակ նկարեցին՝ Պողոսյանին իսպաներենով կոչ անելով միանալ Հայաստանի հավաքականին՝ JoaquínTe Esperamos (Խոակին, մենք սպասում ենք քեզ), ինչը ֆուտբոլիստի ինքնասիրությունը շոյեց, բայց չհամոզեց: Այնուհետև Խոակինը տեղափոխվեց Եվրոպա՝ ավստրիական «Զալցբուրգ», բայց ձախողվեց ու վերադարձավ Ուրուգվայ՝ այլևս չկարողանալով նախկին խաղամակարդակը վերադարձնել: 2014-ին նա հայտարարեց, որ երբեք չի մերժել Հայաստանի հավաքականին, այլ ժամանակ է խնդրել մտածելու համար, սակայն դա էլ չօգնեց, որ իր մասին հիշեն Հայաստանում՝ մեծ մասամբ այն պատճառով, որ Հայաստանի հավաքականն արդեն գտել էր իր հարձակվողին։

Յուրա Մովսիսյանը նույնպես վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել ու պրոֆեսիոնալ կարիերան սկսել էր ԱՄՆ-ում: Սակայն Մովսիսյանը հավաքականին միացավ միայն այն բանից հետո, երբ ՄԼՍ-ի չեմպիոնի կարգավիճակում տեղափոխվեց դանիական «Ռանդերս»: Մովսիսյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, անկասկած՝ լավագույն կենտրոնական հարձակվողը, սակայն 2014-ից սկսած վնասվածքների, իսկ հետո Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտի պատճառով մոտ 4 տարի գրեթե չխաղաց հավաքականում: Այդ ընթացքում Մովսիսյանն արդեն վերադարձել էր ԱՄՆ: 2018-ին ՀՖՖ նախագահի փոփոխությունից հետո փորձառու հարձակվողը, որն արդեն լավագույն մարզավիճակում չէր, վերադարձավ հավաքական, Ջիբրաթարի հետ խաղում դարձավ պոկերի հեղինակ (առայժմ միակը՝ հավաքականի պատմության մեջ), իսկ հաջորդ տարի ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:

Հարավամերիկյան ֆուտբոլիստներից առաջինը Հայաստանի հավաքականի հրավերին արձագանքեց Մաուրո Գևգեոզյանը՝ Ուրուգվայից: 2007-ին 21-ամյա Գևգեոզյանը հայտնվեց Երևանի «Փյունիկում», սակայն նորամուտի խաղում՝ ՉԼ-ի որակավորման փուլի «Դերի Սիթիի» հետ առաջին խաղակեսից հետո եթերում լսվեց թիմի ավագի հայհոյախառն բողոքները, որոնք մեծ հավանականությամբ ուղղված էին Գևգեոզյանի հասցեին: Ընդմիջմանը ֆուտբոլիստը փոխարինվեց ու վերադարձավ Ուրուգվայ, որտեղ դարձավ Ուրուգվայի Պրիմերայում ելույթ ունեցող «Ֆենիքսի» հիմնական հարձակվողն ու լավագույն ռմբարկուն, հետո խաղաց մի շարք ուրուգվայական թիմերում, բոլորում՝ բացի հեղինակավոր «Պենյարոլից»՝ դրսևորելով իր ռմբարկուական հատկությունները: Ընդ որում, գոլերի մեծ մասը «Էլ Արմենիոն» խփում էր գլխի հարվածով: Սակայն ՀՖՖ-ն չէր շտապում հրավիրել Մաուրոյին: Սառույցը կոտրվեց 2014-ին, երբ պերուական «Ալիանսա Լիմայում» գերազանց խաղը վերջապես արժանացավ Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրությանը: Բայց երկու ընկերական խաղերից հետո Գևգեոզյանն այլևս չհրավիրվեց, քանի որ ՀՖՖ նախագահի խոսքով` VIP կարգի տոմս էր պահանջել Պերուից Հայաստան հասնելու համար:

Վերջին տարիներին Լատինական Ամերիկայից ավելի շատ հայ ֆուտբոլիստներ են հայտնվել Հայաստանի հավաքականում՝ Ժորդի Մոնրոյ Արարատը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Լուկաս Սելարայանը: Խոսակցություններ կան, որ ուրուգվայական «Նասյոնալի» եզրային հարձակվող Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը շուտով նույնպես կհամալրի հավաքականի կազմը, ի տարբերություն իր ավագ եղբոր՝ Դիեգո Ռոսիի, որն ընտրեց Ուրուգվայի հավաքականը:

Հետաքրքիր է, որ մինչև օրս Հայաստանի հավաքականում չեն եղել ֆուտբոլիստներ Ասիա աշխարհամասից, մասնավորապես` Մերձավոր Արևելքից, թեև այդտեղ մեծ հայկական համայնքներ կան: Եթե Լիբանանի և Սիրիայի պարագայում ամեն ինչ պարզ է, այդ երկրներում ֆուտբոլի մակարդակը շատ բարձր չէ, և այնտեղ ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստները դժվար թե ուժեղացնեն հավաքականի կազմը, ապա Իրանում եղել են ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են շատ բարձր մակարդակով ու ընդգրկվել Իրանի հավաքականի կազմում: Թեհրանի «Արարատը» ժամանակին մեծ հեղինակություն ուներ Իրանում, այնտեղ ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներից շատերը հետագայում հայտնվում էին Թեհրանի «Էսթեղլալում» և այլ հեղինակավոր ակումբներում, որտեղից էլ հրավիրվում էին Իրանի ազգային հավաքական: Անդրանիկ Էսկանդարյանն ու Կարո Հախվերդյանը Իրանի հավաքականում անջնջելի հետք են թողել 1970-ականներին, իսկ 90-ականներին Իրանի հավաքականում ելույթ են ունեցել Մարգար Աղաջանյանը, Ռոբերտ Մարկոսին, Ժորես Կազարյանը, Էդմոն Ախթարը, Էդմոն Բեզիկը (Էդմունդ Բազիկյան): 2000-ականներին Իրանի հավաքականի թեկնածուներ են եղել Թեյմուրյան եղբայրները՝ Սերժիկն ու Անդրանիկը: Ու եթե Սերժիկի կարիերան «Մայնց» տեղափոխվելուց հետո չզարգացավ, և նա ազգային հավաքականում այդպես էլ չխաղաց, ապա Անդրանիկը 2000-ականներին ու 2010-ականներին անփոխարինելի ֆուտբոլիստ էր ու դարձել է Իրանի հավաքականի պատմության առաջին քրիստոնյա ավագը: 

Մեծ քանակությամբ հայ ֆուտբոլիստներ խաղում են Իսրայելում, բայց առայժմ առանց նշանակալի հաջողությունների: 

Նախկին ԽՍՀՄ ասիական երկրներում ևս կարելի է գտնել հայ ֆուտբոլւստների, որոնք ժամանակին առաջարկ են ստացել ու խաղացել են այդ երկրների հավաքականներում: 90-ականներին Տաջիկստանի հավաքականում էր ելույթ ունենում Ուկրաինայի 1994թ. առաջնության լավագույն ռմբարկու, հետագայում Ռուսաստանի առաջնությունում հաջող ելույթներ ունեցող հարձակվող Արսեն Ավակովը: 

Ուզբեկստանի առաջնությունում մինչև օրս խաղում է կենտրոնական պաշտպան Արտյոմ Փիլիպոսյանը, որն իր կարիերայի գագաթնակետին` 2010-ականների սկզբին հրավիրվեց Ուզբեկստանի հավաքական: Ընդ որում, Փիլիպոսյանը նորամուտը հավաքականում նշեց 2010-ին Երևանում տեղի ունեցած Հայաստանի հավաքականի հետ խաղում:

Ղազախստանում ծնված և այնտեղ կարիերան սկսած Գևորգ Նաջարյանն էլ Ղազախստանի երիտասարդական հավաքականի ավագն է, սակայն ազգային թիմ դեռ չի հրավիրվել: Այժմ Նաջարյանը ելույթ է ունենում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում` Չարենցավանի «Վանում», և եթե կարողանա նկատելի աճ ունենալ կարիերայում, միգուցե մի օր հրավիրվի նաև Հայաստանի հավաքական: 

Ունենալով մեծ հայկական սփյուռք, անկասկած, սխալ կլինի չօգտագործել դրա ներուժը ֆուտբոլում: Ալբանիայի, Կոսովոյի, Մարոկկոյի, Սենեգալի, աֆրիկյան մի շարք այլ երկրների հավաքականներ գրեթե ամբողջապես կազմավորված են նման ֆուտբոլիստներով: Բայց, իհարկե, լավ է, երբ սեփական ֆուտբոլային դպրոցներն այնպիսի կադրեր են տալիս, որ օրիունդոները պարզապես առանձին դիրքերում ուժեղացնում են հավաքականի կազմը: Հուսանք, որ հայկական ֆուտբոլը կգնա հենց այդ ճանապարհով:

Ֆուտբոլիստներ «Այաքսից», «Լիոնից» և «Բավարիայից». Հայկական օրիունդոների պատմությունը. Մաս 2. Եվրոպա

Հայկական օրիունդոների պատմությունը. Մաս 1. Ռուսաստան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա