Logo

Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 08.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
france le pere d aymeric laporte dement pour l espagne iconsport mar 280713 08 01153440 e1625745086240 - Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Եվրոպայի առաջնությունում շատ թիմերի հաջողության բազմաթիվ պատճառներից մեկը այլազգի ֆուտբոլիստների շնորհիվ էր: Տվյալ երկրում խաղացող/խաղացած «լեգեոներներին» քաղաքացիություն տալու և հավաքական հրավիրելու պրակտիկան վաղուց է գործում, սակայն ԵՎՐՈ-2020-ում հաջողության հասած միանգամից երեք թիմերում այդ լեգեոներները կարևոր դերակատարում ունեցան:

VNews.am-ը ներկայացնում է 5 օրինակ, երբ ԵՎՐՈ-2020-ի մասնակիցներին օգնել է հաջող «տրանսֆերը»:

Էմերիկ Լապորտ. Ֆրանսիայի փոխարեն՝ Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը ԵՎՐՈ-2020-ի մեկնարկից առաջ դարձավ ամենաքննարկվող ֆուտբոլիստներից մեկը: Նա մինչև 27 տարեկան դառնալը սպասեց Ֆրանսիայի հավաքականից հրավերի, բայց այդպես էլ չստացավ այն: Միայն դրանից հետո նա ընտրեց Իսպանիայի ընտրանին:

Լապորտը ծնվել է ֆրանսիական Անժեն քաղաքում, բայց նրա նախապապն ու նախատատը բասկեր են եղել, ուստի պատահական չէ, որ նա 16 տարեկանում տեղափոխվել է Բասկերի երկիր, իսկ 17-ում՝ նորամուտը նշել Բիլբաոյի «Ատլետիկում»:

Չնայած նրան, որ արդեն 10 տարի է՝ Էմերիկը բարձրակարգ խաղ է ցուցադրում, նա այդպես էլ չհրավիրվեց Ֆրանսիայի ազգային հավաքական: Նա 51 հանդիպում է անցկացրել «եռագույնների» տարբեր տարիքային հավաքականներում, բայց դա բավական չէր Դիդյե Դեշամին համոզելու համար, որը կենտրոնական պաշտպանների մեծ ընտրություն ունի:

Իսպանիայի հավաքական տեղափոխվելով, Լապորտն անմիջապես դարձավ գլխավոր կենտրոնական պաշտպանը (Ռամոսի բացակայությամբ), և միակն էր, որ առանց փոխարինման մասնակցեց ԵՎՐՈ-2020-ում իր թիմի բոլոր խաղերին:

7DD523WWN4NEFRPFAUUFFXXV7M - Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Վիլի Օրբան. Գերմանիայի փոխարեն՝ Հունգարիա

Պաշտպանը ծնվել և մեծացել է Գերմանիայում: Նա 5 տարեկանից ընդգրկված է եղել «Կայզերսլաուտերնի» ակադեմիայում, որտեղից հրավիրվել է Գերմանիայի երիտասարդական հավաքական:

2015-ից Վիլին տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ» և հետզհետե դարձել Բունդեսլիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Եթե նա վնասվածք չի ունենում, միշտ «ցլերի» հիմնական կազմում է և Բունդեսլիգայի ամենաամուր պաշտպանություն ունեցող թիմի հենասյուններից է:

Օրբանը մինչև 25 տարեկանը սպասեց «Բունդեսթիմի» հրավերին, հետո որոշեց այլ հավաքական տեղափոխվել: Նա հունգարական և լեհական արմատներ ուներ, ուստի կարող էր ընտրել այդ երկրի հավաքականներից մեկը: Արդյունքում, նախապատվությունը տվեց Հունգարիային, որն ավելի համառ գտնվեց:

ԵՎՐՈ-2020-ում Հունգարիան «մահվան խմբում» էր, բայց Օրբանի կառավարած պաշտպանությունը լավ տեսք ուներ հզոր մրցակիցների դեմ խաղերում և քիչ էր մնում սենսացիայի հեղինակ դառնար: Վիլին ամբողջությամբ մասնակցեց իր թիմի բոլոր 3 հանդիպումներին:

Orban1200 960px - Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Մարիո Ֆերնանդես. Բրազիլիայի փոխարեն՝ Ռուսաստան

Աջ պաշտպանն այս պահին Եվրոպայի ամենահավատարիմ ֆուտբոլիստների թվում է: Նա 2012 թվականին է «Գրեմիոյից» տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ և արդեն 9 տարի ներկայացնում է այդ ակումբը: Այս ընթացքում բրազիլացին իր խաղամակարդակով զգալի գերազանցել է ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակը, բազմաթիվ առաջարկներ ստացել եվրոպական թոփ-5 առաջնություններից, բայց չի ցանկացել հեռանալ Մոսկվայից: Պատճառն այն է, որ լատերալը հիանալի է հարմարվել Ռուսաստանին, չնայած նրան, որ այդպես էլ ռուսերեն չի սովորել:

Փոխարենը, Մարիոն այդ երկրին օգնում է ազգային հավաքականի միջոցով: 2017-ին նա Ռուսաստանի քաղաքացի դարձավ և անմիջապես հրավիրվեց ազգային հավաքական: Նա փայլեց ԱԱ-2018-ում և այդպես արդարացրեց իր նկատմամբ վստահությունը:

Մեր ընտրանին

Իսկ Բրազիլիայում ուշ հասկացան, թե ում են կորցրել: ԱԱ-2018-ի ժամանակ հարավամերիկյան երկրից սկսեցին կարծիքներ հնչել, որ նրանք բաց են թողել բրազիլացի լավագույն աջ պաշտպանին: Եվ դա զարմանալի չէ: Երբ մի պահ «սելեսաոյի» կազմում էին աշխարհի գործող երկու լավագույն աջ պաշտպանները՝ Դանի Ալվեսը և Մայկոնը, նրանք չէին էլ մտածում, որ ապագայում կարող են այդ դիրքում խնդիրների հանդիպել:

Իսկ այժմ «պենտակամպիոնների» աջ լատերալը Դանիլոն է, որը առնվազն չի գերազանցում Ֆերնանդեսին:

mario fernandes izbezhal serjoznyh travm golovy i pozvonochnika v matche protiv finljandiijpg - Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Ջեք Գրիլիշ և Դեկլան Ռայս. Իռլանդիայի փոխարեն՝ Անգլիա

Երկու միմյանց նման ճակատագիր: Երկու ֆուտբոլիստներն էլ ներկայացրել են Իռլանդիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ, և երկուսն էլ հետագայում որոշել են խաղալ Անգլիայի ազգային ընտրանում:

Գրիլիշը ծնվել է Անգլիայում, բայց իռլանդացի է: «Ասթոն Վիլայի» սանը Իռլանդիայի տարբեր տարիքային հավաքականների կազմում 19 խաղ է անցկացրել, սակայն 2015-ին «կելտերի» գլխավոր մարզիչ Մարտին Օնիլը հայտնել է, որ կիսապաշտպանը որոշել է ընդմիջում վերցնել հավաքականում և կենտրոնանալ իր ակումբի ելույթների վրա: Ընդամենը 4 ամիս անց Գրիլիշը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի հավաքականում:

Ռայսը ոչ միայն Իռլանդիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում է ընդգրկված եղել, այլ նաև մասնակցել է ազգային ընտրանու ընկերական խաղերին: Նա 3 խաղ է անցկացրել «կելտերի» կազմում: Այդուհանդերձ, 2019-ի փետրվարին հենակետային կիսապաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Անգլիայի հավաքականի կազմում, և համապատասխան դիմում ներկայացրել ՖԻՖԱ-ին: Միջազգային ֆեդերացիան թույլտվություն է տվել, քանի որ Ռայսը չի մասնակցել Իռլանդիայի պաշտոնական խաղերին:

Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ Անգլիայի հավաքականի կազմում են և հասել են եզրափակիչ: Ռայսը մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, իսկ Գրիլիշը հաճախ փոխարինման է մտնում:

ireland 960x577 - Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Ժորժինյո. Բրազիլիայի փոխարեն՝ Իտալիա

ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչում Անգլիայի մրցակից Իտալիան նույնպես ակտիվորեն զբաղվել է այլազգի ֆուտբոլիստներին «սկուադրա աձուրա» հրավիրելով: Նրանցից ամենակարևորը «տրանսֆերը» Ժորժինյոն է:

«Չելսիի» ֆուտբոլիստը 15 տարեկանում Բրազիլիայից տեղափոխվել է Իտալիա, որտեղ բնակվում էին նրա մորական կողմից հարազատները: Հենց այդ հանգամանքն է նրան օգնել հետագայում իտալական անձնագիր ստանալ: Կիսապաշտպանը որևէ հավաքականի պատանեկան կամ երիտասարդական թիմերում չի խաղացել, իսկ 25 տարեկանում հրավիրվել է «սկուադրա աձուրա»:

Այժմ իտալաբրազիլացին շատ մոտ է մեկ տարում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի առաջնության գավաթը նվաճելուն:

Ժորժինյոից զատ «սկուադրա աձուրայում» են նաև 2 այլ բրազիլացիներ՝ Էմերսոնը և Ռաֆայել Ռոլոն: Նրանք նույնպես ծնվել են Բրազիլիայում և հետագայում դարձել Իտալիայի քաղաքացի: Էմերսոնը իտալական արմատներ ունի, ինչը նույնպես շատ է օգնել անձնագիր ստանալու գործում:

ԵՎՐՈ-2020-ում այդ պաշտպանները հիմնականում օգնում են վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինելու գործում, իսկ Ժորժինյոն թիմի գլխավոր խաղարկողն է:

gettyimages 1325468524 1024x1024 1 960x699 - Հավաքականների լեգեոներները. ինչպես այլազգի ֆուտբոլիստներն օգնեցին ԵՎՐՈ-2020-ի թիմերին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա