Logo

Հայաստանն առաջին մեդալներն է ապահովել Համաշխարհային գիմնազիադայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:54 / 19.05.2022Բռնցքամարտ
Համաշխարհային գիմնազիադա

Հայաստանի պատանի բռնցքամարտիկներն առնվազն երկու բրոնզե մեդալ են ապահովել Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում ընթացող դպրոցականների 19-րդ համաշխարհային խաղերում՝ Գիմնազիադայում։

Այս մարզաձևում ներկայացված մեր երկրի 5 պատվիրակներից հաղթողի կոչման համար պայքարը շարունակում են Ոսկան Ոսկանյանը (57 կգ քաշային կարգ) և Յուրա Բաբլումյանը (67 կգ)։

Միջոցառման պաշտոնական կայքից տեղեկացանք, որ նրանցից առաջինը հաջորդաբար հանդիսատեսի է վերածել հունգարացի Դոմինիկ Էնեկեշին և իսպանացի Ասիեր Լանզարոտին (մրցակիցը որակազրկվել է)։ Մեր մյուս մարզիկը հաղթել է չինացի Բոհաո Ժուին։

Այսօր կայանալիք կիսաեզրափակիչներում Ոսկանյանը մրցելու է մարոկկացի Սուլեյման Սամգուլիի, իսկ Բաբլումյանը՝ ռումինացի Մարիան Ինուի հետ։

Անհաջողության են մատնվել Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Սարգիս Շահվերդյանը (60 կգ) և Արման Միսկարյանը (63,5 կգ), որոնք մեկնարկային մենամարտերում զիջել են համապատասխանաբար թայվանցի Ժենգ Չուին, ղազախ Երմեկ Երասիլին ու Մադյար Տայպակովին։ Մեր բռնցքամարտիկների ելույթները համակարգում է ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը։

Համաշխարհային գիմնազիադան 16-18 տարեկան դպրոցականների մասնակցությամբ համալիր մարզական մրցում է, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 20 մարզաձև (3-ը՝ պարալիմպիկ)։ Մասնակցում է 69 երկրի շուրջ 3600 մարզիկ-մարզուհի։ Հայաստանը, ըստ մրցումների պաշտոնական կայքի, ներկայացնում է 4 մարզուհի և 22 մարզիկ, որոնք մասնակցում են բռնցքամարտի, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, ձյուդոյի, թաեքվոնդոյի և սեղանի թենիսի մրցումներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա