Logo

Հայաստանն արդեն 12 մեդալ և 2 չեմպիոն ունի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:26 / 09.05.2022Ծանրամարտ
null

Հունաստանում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի հաշվին առանձին վարժությունների և երկամարտի գումարով արդեն գրանցվել է 5-ական ոսկե և բրոնզե, 2 արծաթե մեդալ։

Չեմպիոնի երկրորդ տիտղոսը մեր երկրին ապահովել է 96 կգ քաշային գյումրեցի Գարիկ Կարապետյանը, որն արդյունավետ է կատարել իր բոլոր 6 մոտեցումները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սանը պոկում վարժությունում 170 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ։ Հրում մրցաձևում Ալեքսան Կարապետյանի աշակերտը 200 կգ ցուցանիշով երրորդն էր։ Նա համապատասխանաբար 1 և 2 կգ է զիջել մոլդովացի և եգիպտացի ծանրորդներին։

Այնուհանդերձ, Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Արծաթե և բրոնզե մեդալակիր են դարձել մոլդովացի Տյուդոր Բրատուն (364 կգ) և եգիպտացի Յասեր Խեմդան Ուսաման (359 կգ)։

Աշխարհի առաջնությունից ընդհանուր հաշվարկի արծաթե մեդալով կվերադառնա մինչև 89 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Սուրեն Գրիգորյանը։ Վեդեցի մարզիկը բրոնզե մեդալներ է նվաճել պոկում (155 կգ) և հրում (185 կգ) վարժություններում։ Իսկ ահա երկամարտի գումարով Գրիգորյանը (340 կգ) գրավել է երկրորդ տեղը։ Նա 5 կգ է զիջել ուկրաինացի Մաքսիմ Դոմբրովսկուն։

Նույն քաշային կարգում հաշվարկային տեղ չի գրավել Գևորգ Ղահրամանյանը։ Գյումրեցին պոկում վարժությունում, բարձրացնելով 145 կգ ծանրություն, գրանցել է 8-րդ արդյունքը։ Իսկ հրում մրցաձևում այդպես էլ չի կարողացել իր կամքին ենթարկել 190 կիլոգրամանոց երկաթաձողը։

Աղջիկների առաջնության հայաստանցի միակ մասնակից Միլենա Խաչատրյանը (81 կգ) պոկում վարժությունում 96 կգ արդյունքով 5-րդն էր։ Հայուհին երրորդ մոտեցմանը չի կարողացել բարձրացնել 100 կգ կշռող ծանրաձողը։ Հրում մրցաձևում Միլենան բավարարվել է առաջին մոտեցման ժամանակ գրանցած 115 կգ արդյունքով։ Հաջորդ երկու փորձերի ժամանակ նա չի կարողացել արձանագրել 122 և 126 կգ քաշը։ Երկամարտում մեր մարզուհին 211 կգ արդյունքով 7-րդ տեղն է գրավել 13 մասնակցի հաշվարկում։

Ավելի վաղ նվաճած 3 ոսկե մեդալով երիտասարդների աշխարհի չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային գյումրեցի Գառնիկ Չոլակյանը։ Իսկ վեդեցի Գոռ Սահակյանը երկամարտի գումարով եզրափակել էր մինչև 67 կգ քաշային կարգի մրցանակային եռյակը։ Առանձին վարժություններում նա նվաճել էր արծաթե և բրոնզե մեդալներ։

Հայաստանը ներկայացնելու է նաև արարատցի Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա