Logo

Հայ ծանրորդն 9-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:32 / 06.05.2022Ծանրամարտ
null

Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մեր հայրենակիցներից մրցահարթակ դուրս եկավ Մնացական Աբրահամյանը, որն 9-րդ տեղը գրավեց մինչև 81 կգ քաշային կարգում։

Պոկում վարժությունում Աբրահամյանն առաջին երկու մոտեցումների ժամանակ գլխավերևում պահեց համապատասխանաբար 133 և 138 կգ կշռող ծանրաձողը, իսկ ահա երրորդ փորձը հաջող չէր. 142 կգ արդյունքը գրանցել չհաջողվեց։ Այդ մրցաձևում արարատցի մարզիկը 11 ծանրորդի հաշվարկում գրավեց 9-րդ տեղը։

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Աբրահամյանը ցույց տվեց 170 կգ արդյունք, սակայն այնուհետև չկարողացավ իր կամքին ենթարկել 180 և 182 կգ կշռող երկաթաձողը և բավարարվեց 7-րդ տեղով։ Երկամարտում նրա արդյունքն է 308 կիլոգրամ։

Միանգամից երեք մարզիկ ելույթն ավարտեց երկամարտի 324 կգ արդյունքով։ Չեմպիոն հռչակվեց թուրք Հական Կուրնազը, արծաթե և բրոնզե մեդալակիր դարձան համապատասխանաբար եգիպտացի Մահմուդ Էլսայեդ Հոսնին և վրացի Սաբա Ասանիձեն։

Ընթացիկ առաջնությունում Հայաստանի հաշվին արդեն գրանցվել է ընդհանուր առմամբ 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ։ Բարձրագույն կարգի բոլոր երեք պարգևները նվաճել է 55 կգ քաշային գյումրեցի Գառնիկ Չոլակյանը։ Իսկ վեդեցի Գոռ Սահակյանն ընդհանուր հաշվարկի բրոնզե մեդալակիր է դարձել մինչև 67 կգ քաշային կարգում՝ առանձին վարժություններում արժանանալով նաև արծաթե և բրոնզե պարգևների։

Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են նաև Միլենա Խաչատրյանը (աղջիկների 76 կգ քաշային կարգում), Գևորգ Ղահրամանյանը և Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա