Logo

Պետրոսյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:56 / 09.05.2022Ծանրամարտ
null

Արարատցի ծանրորդ Պետրոս Պետրոսյանը երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն դարձավ 102 կգ քաշային կարգում։

Հունաստանում ավարտված ստուգատեսում հայ մարզիկը 4-րդ տեղը գրավեց պոկում վարժությունում։ Պետրոսյանը սկսեց 155 կգ քաշին հաջող մոտեցմամբ, այնուհետև չկարողացավ գլխավերևում պահել դրանից 5 կգ ծանր կշռող երկաթաձողը, բայց երրորդ փորձի ժամանակ իր արդյունքը հասցրեց 161 կիլոգրամի։ Ավելի բարձր դասվեցին պաղեստինցի Համադա Մոհամեդը և ուզբեկ Շարոֆիդին Ամրիդինովը (168-ական կիլոգրամ) և ուկրաինացի Միկիտա Ռուբանովսկին (163 կգ)։

Հրում վարժությունում չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվեց նշված 4 մարզիկների մասնակցությամբ։ Առաջինը տեղի տվեց Մոհամեդը, որը բավարարվեց առաջին մոտեցմամբ գրանցած 193 կգ արդյունքով։ Այնուհետև դիրքերը թուլացրեց Ռուբանովսկին, որը 195 կիլոգրամից շատ բարձրացնել չկարողացավ։ Ամրիդինովը հաջորդաբար իր կամքին ենթարկեց 194, 200 և 204 կգ ծանրությունը։

Վարժությունն ավարտեց և այս առաջնության վերջակետը դրեց Պետրոսյանը, որն առաջին երկու մոտեցումների ժամանակ խնդիր չէր ունեցել 195 և 202 կգ կշռող ծանրաձողերը բարձրացնելիս։ Վերջին՝ երրորդ մոտեցման համար Պետրոսը պատվիրել էր 212 կգ, որի սանձումը նրան կդարձներ աշխարհի չեմպիոն։ Սակայն այդ ծանրությամբ նույնիսկ կանգնել չստացվեց։ Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Պետրոսյանը երկամարտի 363 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին։ Չեմպիոնն է Ամրիդինովը՝ 372 կգ, իսկ բրոնզե մեդալակիրը՝ Մոհամեդը (361 կգ)։

Այդպիսով՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանից չեմպիոն դարձան գյումրեցիներ Գառնիկ Չոլակյանը (55 կգ քաշային կարգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ)։ Վեդեցի ծանրորդներ Գոռ Սահակյանը (67 կգ) և Սուրեն Գրիգորյանը (89 կգ) ու արարատցի Պետրոս Պետրոսյանը (102 կգ) կվերադառնան փոխչեմպիոնի տիտղոսով։

Հայաստանի հաշվին առանձին վարժությունների և երկամարտի գումարով գրանցվեց 5-ական ոսկե և բրոնզե, 4 արծաթե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա